Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ԽՈՒՍԱՓԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻՑ

ԼՂՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունն ինչպես հանրապետության մնացած բոլոր, այնպես էլ Ստեփանակերտի 5-րդ դպրոցում տեղակայված 3/3 տեղամասում սկսվել է առավոտյան ժամը 8-ին:

Տեղամասն իր դռներն է բացել այստեղ հաշվառված ընտրական իրավունք ունեցող 1350 ընտրողների համար: Ի թիվս շատ այլ ընտրողների, այստեղ քաղաքացիական իր պարտքն է կատարել նաև հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում գործադիրի ղեկավարը նշել է, որ  քվեարկել է հանուն Արցախի կայուն զարգացման: ՙՎայրկյաններ առաջ, երբ ես ներկայացնում էի իմ անձնագիրը, հիշեցի 1988թ. փետրվարի 20-ը. այն ժամանակ մենք երազում էինք ունենալ նման անձնագիր: Այսօր մենք նաև այս անձնագրով ենք նաև փաստում, որ ունենք անկախ պետություն, ժողովրդավարական աժեքներին դավանող երկիր, որն այսօր հանրաքվեի միջոցով իրականացնում է սահմանադրական բարեփոխումներ՚: Ի պատասխան լրագրողի` ԵԱՀԿ Մինսկի խմբի  հայտարարության հետ կապված հարցին, ըստ որի` այս հանրաքվեի արդյունքները չեն կարող կանխորոշիչ լինել ԼՂ վերջնական կարգավիճակի, ինչպես նաև բանակցային գործընթացի ելքի համար, վարչապետը հիշեցրեց, որ 25 տարի առաջ Արցախի ժողովուրդը քաջ գիտակցում էր, որ միջազգային հանրության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են հաղթահարվելու: ՙԱյս հանրաքվեն և, ընդհանրապես, համապետական նշանակության ցանկացած ընտրություն մենք նախևառաջ կատարում ենք մեզ համար` ձգտելով կառուցել այնպիսի երկիր, որտեղ ապրելը հաճելի է ու պատվաբեր՚,-ասաց Ա. Հարությունյանը: ՀՀ լրատվամիջոցների ներկայացուցիչների խնդրանքով գործադիրի ղեկավարը խոսեց նաև ՀՀ և ԼՂՀ կառավարման մոդելների տարբերության առնչությամբ ունեցած սեփական դիրքորոշման մասին: Նա խորհուրդ տվեց ուսումնասիրել ԼՂՀ Սահմանադրության նախագիծը և  վստահություն հայտնեց, որ համագործակցության տեսանկյունից այդտեղ որևէ խնդիր չի կարող առաջանալ: 

Իշխանության գերկենտրոնացվածության վերաբերյալ  խոսակցությունների առնչությամբ ևս Ա. Հարությունյանը խորհուրդ տվեց պատասխանները փնտրել նոր սահմանադրության դրույթներում` անհեթեթ համարելով տոտալիտար համակարգի վտանգների մասին հայտարարությունները: Ժողովրդավարական տարրերի առումով մեր այս սահմանադրությունը չի զիջում խորհրդարանական որևէ երկրի նույն փաստաթղթին:  Առիթն օգտագործելով` հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները հարց հնչեցրին նաև  սահմանամերձ Թալիշում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Վարչապետն ասաց, որ ավերված գյուղում վերականգնողական աշխատանքները շարունակվում են, սակայն ռազմավարական որոշ խնդիրների հետ կապված` դեռևս որոշումներ պետք է կայացվեն: Ա. Հարությունյանը նաև այն պնդումն արեց, որ  դեռևս գործող կիսանախագահական մոդելը պարունակում է վտանգներ, որոնցից խուսափելու համար է նաև  ընտրվել առաջարկվող մոդելը: Սահմանադրական բարեփոխումները հնարավորություն են տալիս ապահովագրելու մեր ժողովրդին քաղաքական ռիսկերից` օժտելով նրան  առավել մեծ լիազորությամբ՚-ասել է վարչապետը: 

*  *   *

Մայրաքաղաքի 5-րդ դպրոցում է տեղակայված նաև 3/4 տեղամասը, որտեղ հաշվառված է 1455 ընտրող: Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահ Ռենա Ներսեսյանի տեղեկատվությամբ` տեղամասում գործընթացն ընթանում է բնականոն հունով: ՙԱմեն բան արվում է, որպեսզի քաղաքացիների սպասարկումը կազմակերպվի հավուր պատշաճի, ապահովվի արդար քվեարկություն՚,-ասաց նա: Ժամը 12.30-ի դրությամբ քվեարկածների թիվն այստեղ արդեն հատել էր չորս հարյուրյակը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված` ՙԱզատ հայրենիք՚ ՙԱԺԿ՚ և ՙՀայ Հեղափոխական Դաշնակցություն՚ կուսակցությունները ներկայացնող անդամները ևս փաստեցին, որ տեղամասում այդ պահի դրությամբ որևէ արտառոց դեպք չի գրանցվել:  Քաղաքացիական պարտքը կատարելու եկած 60-ամյա Ռոզա Գասպարյանի համար այս ՙընտրությունները՚ յուրահատուկ են: ՙԻնչպես բոլոր արցախցիները, ես էլ խաղաղ և ապահով երկրում եմ ուզում ապրել, այս փոփոխություններն էլ կարծես թե դա պիտի ապահովեն՚,-ասաց նա: 30-ամյա Արսեն Բաբայանը չցանկացավ խոսել իր կատարած ընտրության մասին` նշելով միայն, որ բոլորն են պարտավոր մասնակցել քվեարկությանը:

Մայրաքաղաքի  Ֆիզմաթ դպրոցի շենքում տեղակայված 1/1 ընտրատեղամասի հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահի տեղակալ Սուսաննա Արզումանյանի խոսքով` տեղամասում հաշվառված է 813 անձ:  12:30-ի դրությամբ քվեարկած անձանց թիվը հասնում էր 250-ի: Ըստ Ս. Արզումանյանի` բնակչությունն ակտիվ է մասնակցում քվեարկությանը: Այն ընթանում է առանց լարվածության, ինչը պայմանավորված է տեղամասում գրանցվածների համեմատաբար փոքր թվով: Քաղաքացիական պարտքը կատարելու ներկայացած Սերգեյ Ստեփանյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ քաջածանոթ է Սահմանադրության նոր տարբերակին: ՙՆախ Արցախի քաղաքացի լինելս, ապա նաև  իրավաբանի իմ մասնագիտությունն է պարտադրում ուսումնասիրել մեր պետության Մայր օրենքը:-նշեց նա: - Սպասում եմ հանրապետության սոցիալ-տնտեսական, քաղաքական, իրավական կյանքում զարգացում ապահովող նորությունների: Ողջունում եմ հանրապետության նոր անվանումը: Անվտանգության առումով ևս լավ նախադրյալներ է խոստանում այս փաստաթուղթը՚:

Պետթատրոնի շենքում տեղակայված 1/4 ընտրատեղամասում հաշվառված 1048 ընտրողներից 13.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 335 քաղաքացի:  Ըստ տեղամասային հանձնաժողովի նախագահ Սամվել Եվրիյանի` այստեղ ևս քվեարկությունն անցնում է բնականոն հունով: Առավոտյան ժամերին ընտրատեղամաս են այցել տեղական դիտորդներ և տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: ՙՔաղաքացիները քաջատեղյակ են հանրաքվեի շարժառիթին: Նրանց հետ պետք չէ բացատրական աշխատանքներ տանել, ինչն արդեն ուրախացնող իրողություն է՚,-նշեց հանձնաժողովի նախագահը:    

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ