ԱՎԵԼԻ ՄԵԾ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՄՈՒՏ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆԸ

Այս հոդվածը նվիրված է որոշ հայերի պարտվողական մոտեցմանը, ում բացասական հայացքները ևս մեկ անգամ արտացոլվեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի վերաբերյալ վերջին նորություններում:
Որոշ մարդկանց մոտ այն կարծրացած համոզմունքը կա, որ հայերի ցանկացած նախաձեռնություն դատապարտված է պարտության: Մի քանի տարի առաջ որոշ ընթերցողներ ինձ խորհուրդ տվեցին, որպեսզի չխնդրեմ գործից ազատել ՙԼոս Անջելես Թայմս՚ օրաթերթի գլխավոր խմբագրին` Հայոց ցեղասպանության մասին Մարկ Արաքսի հոդվածը գրաքննության ենթարկելու համար: Մեկ այլ դեպքում ինձ խորհուրդ տվեցին չպահանջել, որպեսզի ՙԹայմս՚ շաբաթաթերթը ներողություն խնդրի և փոխհատուցի թուրքերի կողմից ցեղասպանությունը ժխտող տեսահոլովակ տարածելու համար: Ես անտեսեցի պարտվողական առաջարկությունները, որ նման հզոր հրատարակչությունների դեմ դուրս գալը անօգուտ է և նույնիսկ ինքնավնաս: Դա հեշտ պայքար չէր, սակայն ես ուրախությամբ կարող եմ հայտնել, որ երկու նախաձեռնություններում էլ հայ ակտիվիստները հաղթանակած դուրս եկան:     
Հատկանշական է, որ նման անտարբեր մարդիկ ոչ միայն չաջակցեցին կամ որևէ կերպ  չքաջալերեցին այդ ակտիվիստներին, այլև արեցին ամեն ինչ` տարհամոզելու նրանց, ովքեր պաշտպանում էին համայնքի շահերը: Հետաքրքիր է, նրանք, ովքեր նստած են ձեռքները ծալած,  սովորաբար այն մարդիկ են, ովքեր ամենից շատ են բողոքում ընդհանուր գործին ծառայող մարդկանց մասին:
 Պատկերացրեք, եթե քսան տարի առաջ հայ ազատամարտիկների փոքր խումբն ականջ դներ նման թերահավատներին և մտածեր, թե անհնար է Արցախի ազատագրումն ադրբեջանցիներից և խորհրդային օկուպացիոն զորքերից: Արդյո±ք ես կլինեի այսօր այստեղ, եթե իմ նախնիները` Օսմանյան կայսրության կենտրոնական մասում գտնվող Զեյթունի քաջարի մարտիկները, չպայքարեին հզոր թուրքական բանակների դեմ և հաղթանակ չտանեին ավելի քան քառասուն ճակատամարտերում և հարյուրավոր բախումներում` իրենց անվտանգությունն ու ինքնավարությունը պահպանելու համար:
 Վերադառնալով ներկայիս ժամանակներին` որքա±ն հաճախ ենք մենք լսում անտեղյակ, սակայն ՙամենագետ՚ հայերից, որ ԱՄՆ կոնգրեսը երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, երբ իրականում այն ճանաչվել է 1975 և 1984 թվականներին: Կամ` քանի± անգամ են այդ բախտագուշակները կեղծ մարգարեություններ կատարել, որ ԱՄՆ ոչ մի նախագահ երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ Թուրքիան չափազանց կարևոր երկիր է, չիմանալով, որ նախագահ Ռոնալդ Ռեյգանն այն ճանաչել է 1981 թվականի ապրիլի 22–ի նախագահական հռչակագրում:
Այս նույն հայերը համոզված էին,  որ Ֆրանսիայի խորհրդարանը չի ընդունի Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծն անցյալ տարվա դեկտեմբերին, քանի որ, ըստ իրենց, վերջին րոպեին կտապալվեր, կամ որ նախագահ Սարկոզին խաղ է խաղում հայերի հետ` փորձելով ստանալ նրանց ձայները գալիք նախագահական ընտրություններում: Մինչդեռ խորհրդարանը հաստատեց այդ օրինագիծը ձայների գերակշռող մեծամասնությամբ: Երբ նույն օրինագիծը 2012թ. հունվարի 23–ին ուղղվեց Սենատ, հոռետեսները ևս մեկ անգամ մեծ ինքնավստահությամբ կանխատեսեցին, որ դրա ընդունումը կարգելափակվի որևէ անակնկալ իրադարձությամբ: Օրինագիծն ընդունվեց` ձայների 127 կողմ և 86 դեմ համամասնությամբ:
Անցյալ շաբաթ, երբ Ֆրանսիայի որոշ օրենսդիրներ, Թուրքիայի դեսպանի միջամտությամբ, բողոքարկեցին օրինագիծը Սահմանադրական խորհրդում, որոշ հայեր ընկան խորը հուսահատության մեջ: Նրանք պնդեցին, որ դա հայերի դեմ ուղղված դավադրություն է` հայտարարելով, որ իրենք հենց առաջին օրվանից գիտեին,   որ այդ նախաձեռնությունը կմատնվի պարտության: Այս մարդիկ չեն հասկանում, որ բողոքարկումը չի  նշանակում օրինագծի անպայման տապալում: Իրականում, եթե Խորհուրդը վճռի, որ օրինագիծը սահմանադրական է, նրանք, ովքեր կձերբակալվեն Հայոց ցեղասպանության ժխտման համար, չեն կարող այլևս բողոքարկել այդ նոր օրենքը:  
Նույնիսկ եթե Սահմանադրական խորհուրդը մերժի օրինագիծը, դա աշխարհի վերջը չէ, քանի որ նախագահ Սարկոզին խոստացել է փոփոխել և այն նորից ներկայացնել երկու օրենսդրական պալատներին: Այնուամենայնիվ, հայկական հարցի համար պայքարելը պայմանավորված չէ որևէ կոնկրետ օրինագծով: Հայերը շատ ավելի մեծ պահանջներ ունեն Թուրքիայից միջազգային իրավունքի շրջանակներում:
Ուստի հայերը Սահմանադրական խորհրդում օրինագծի բողոքարկման համար ողբալու փոխարեն պետք է պահանջեն, որ դատարանի որոշ անդամներ թուրքական գիտահետազոտական կենտրոնների հետ ապօրինի փոխկապակցվածություն ունենալու կամ կանխակալ այլ հայտարարություններով հանդես գալու հիմքով ինքնաբացարկ հայտարարեն:
Ուշագրավ է, որ Ֆրանսիայի սենատորներից վեցը, ովքեր և ներկայացրել են հայցը, ներկայումս Ադրբեջանի հրավերով գտնվում են այս երկրում, համտեսում են կասպիական ձկնկիթը, ինչպես նաև ըմբոշխնում ազերական այլ ՙանուշեղեններ՚: 
Ցանկացած օրինագծից առավել կարևոր հայերի վճռականությունն է` իրենց արդար դատի համար պայքարը շարունակելու` չենթարկվելով որևէ արգելքի կամ խոչընդոտի: Հազարամյակներ շարունակ լինելով օտարերկրյա տիրապետության ներքո, ենթարկվելով թալանի, կոտորածների և ցեղասպանության` հայերը չեն կարող հանձնվել կամ հետ նահանջել ձախողության առաջին իսկ ազդանշանից:
 Հայերը կարող են առաջադիմել միայն, երբ ձերբազատվեն իրենց պարտվողական և ստրկամիտ մտածելակերպից, որը ժառանգել են Օսմանյան Թուրքիայի կեղեքիչ լծի տակ ապրելու ժամանակներից:
 
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ 
թերթի խմբագիր