Log in

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՏԱՐԵՄՈՒՏԻՆ

...Ի՞նչ փոխվեց...ին՞չ ավելացավ, կամ ի՞նչ պակասեց։ Մեծահոգի չենք լինի, եթե ասենք` ոչինչ։ Ասենք էլ՝ հավատացող չի լինի։ Հաստատ, մեզ լուրջ չեն ընդունի, կծիծաղեն էլ...

Հատկապես որ տարին էլ ավելի քան անհանգիստ էր, շնչարգելության որոշակի դրսևորումներով, ինքնատիպ, սովորական ընթացքից դուրս։ Թեպետ ավելի ազնիվ կլիներ ասել՝ շեղված։ Մի խոսքով` շատ բան տեսանք։ Զարմացանք, հրճվեցինք, հիասթափվեցինք, կորուստներ ունեցանք, մրսեցինք-մոլորվեցինք անտարբերության ու ինքնահավանության գույների առատությունից։ Հասկացանք, բացահայտեցինք, որ հայրենասերներն ամենևին էլ հայրենասեր չեն, իսկ անհայրենասերներն ուղղակի գժվում-խելագարվում են ափի մեջ հազիվ տեղավորվող հայրենիքի համար։ 

Քաղաքական անպտուղ սյուժեներով ու ծլնգոցներով փորձեցինք զարմացնել նույնիսկ իր այգին ու դաշտը մշակող, երկրի ամենածայրին ապրող, հայրենասիրությունից էլ համարյա չխոսող, բայց երբեք երկրի ձեռքը բաց չթողած մեր հայրենակիցներին։
Միայն այդքանը չէր, այսպես ասած, նորությունը, ցավոք սրտի։ Այդ հազարամյա ՙթատրոնում՚ խաղերն էլ շատացան 2018-ին, դերասանական նոր կազմով, բայց հազար անգամ խաղացված սցենար-ներկայացումներով՝ կարգին հնացած բառապաշարի, ինչպես ընդունված է ասել, նորովի մեկնաբանությամբ։ Եվ ոչ մեկին չէր մտահոգում, որ դահլիճը դատարկ էր ու ծափահարող չկար։ Այդ խաղերն էլ ոչինչ չփոխեցին թատերասերների կյանքում, չնայած ամենաշատ օգտագործվածը ՙժողովուրդ՚ բառն էր։
Ժողովուրդը չի ուզում...դա ժողովրդի ցանկությունն է...ժողովրդինն է օրենքը...իշխանությունը պատկանում է ժողովրդին...Որոշողը ժողովուրդն է...այնքան, որ այդ ՙժողովուրդ՚-ը դարձավ վերացական հասկացություն, անշոշափելի, մեզնից հեռու, մեզ հետ ոչ մի կապ չունեցող, նույնիսկ՝ օտար...
Եվ մենք միայն 2018-ին նոր գլխի ընկանք, համոզվեցինք, որ ժողովրդի մի մասը ժողովուրդ է, մյուս մասը` չէ։ Պատկերացնո՞ւմ եք, երկրի ամենածայրին ապրող, գիշեր-ցերեկ բանող Գրիգորյան Վարդանը ժողովուրդ չէ...Գիտե՞ք ինչու, որովհետև թքած ունի քաղաքական նորանոր բեմականացումների վրա... Օրինակ, եթե թքած չունենար, լավ էլ ժողովուրդ կլիներ, բայց քանի որ թքած ունի, չի կարող, անթույլատրելի է, ուղղակի բացառվում է։
Բա ո՛նց... այդպես էլ է լինում...դիալեկտիկա, ժամանակի պահանջ....Հերն էլ անիծած...
Կարևորը երկիրն է, որ կա, ապրում է...որ մերն է...իմը, քոնը...ամենաշատը հենց մոլորյալինը...Երևի լա՛վ ես հիշում մորթված եզը...միակ մատանին... Ի՞նչ է փոխվել դրանից հետո։ Եթե ասեմ՝ ոչինչ, էլի ազնիվ չէր լինի, որովհետև դրանից հետո անընդհատ ավելացել է մոլորյալների թիվը... Առաքյալները շատացել են...
Բայց, նորից եմ ասում, կարևորը Երկիրն է։ Դիմացող, հաղթահարող, ներող։ Այնքա՛ն լավը, այնքա՛ն, ոնց ասեմ, այնքան անձնական...Մի բան էլ, ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք, էդ երկրի ձեռքը պինդ բռնած ցորենաբույր Գրիգորյան Վարդանը չի սիրում, երբ իրեն փորձում են կյանք սովորեցնել, երեսին ճառ ասել, երբ խաբում են... Այ էդ մեկը Վարդանը, ինչքան էլ ցանկանա, ինչքան էլ փորձի ինքն իրեն համոզել, որ ներելուց երանելի բան չկա աշխարհում, չի կարող ներել...
Նրան գործից գցելն էլ համարյա հանցագործություն է...ինչքան էլ բացատրես, արդարացնես, որ դերասանը, վարորդը, հող մշակողը կամ բժիշկը կարող է և իրավունք ունի իր ուժերը փորձել սովորական քաղաքականության բեմահարթակին, մի լավ կծիծաղի... Եվ, կարծում եմ, ճիշտ էլ կանի, որովհետև համոզված է, որ ամեն մարդ այս արևի տակ իր գործով պիտի զբաղվի, այդպես չեղավ, կնշանակի ամեն բան քանդվում է...
Ճիշն ասած, ես էլ եմ այդպես մտածում։
Իսկ տարին արդեն լավ, վատ, հաջող, անհաջող, անաղմուկ պրծնում է, հավաքում է եղած-չեղածը։ Ասեմ, որ ես չեմ սիրում, ու երբեք էլ չեմ սիրել նրան ճանապարհելու այս արարողությունը։ Երբ նորն էլ առեղծված է, մեզնից անջատ ու հեռու, չերևացող... Եվ, կարծում եմ, ամենևին էլ մեղավոր չեմ, որ հաճախ մոռանում եմ ասելիքս, մի տեսակ տխրում եմ, որ ինչ-որ բան կորցրածի անհանգստությունն ինձ օրեր շարունակ չի թողնում, ուղղակի արգելում է մոտենալ մտածումի խաղաղ ու հանգիստ տարածքներին։
Ինչ ասեմ, գործ շատ ունենք։ Իրար չսիրեցինք, իրար անընդհատ մեղադրեցինք, շինածն ամեն օր քանդեցինք, մնալու է։ Ցավը մեր շեմից չի հեռանալու։ Մեր տուն եկող չի լինելու։ Լինելու ենք մենակ։ Եվ մի օր Գրիգորյան Վարդանն է լինելու ժողովուրդ, մի օր էլ՝ մեկ ուրիշը...կամ Վարդանն, ընդհանրապես, երբեք ժողովուրդ չի լինելու...
Բայց քանի որ Նորն արդեն կարգին ներկա է, և բերած խորհուրդներն էլ մեկը մեկից գայթակղիչ ու շողշողուն, ինձ մնում է միայն բոլորին հավաքել մեկտեղ ու, ինչքան հնարավոր է, առանց ավելորդ հուզականության մտմտալ` շնորհավորում եմ...


Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ