ՎԱՐՁԿԱՆՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ 1919 ԹՎԱԿԱՆԻՆ
Հայտնի է, որ 1919թ. մարտի 26-ին Անգլիայից Բաքվում հայտնված գնդապետ Շատելվորդը, որ փոխարինել էր գեներալ Թոմսոնին, հանդիպելով Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք Շահնազարյանի ու դաշնակցական գործիչ, Ազգային խորհրդի նախագահ Ասլան Շահնազարյանի հետ, փորձել է համոզել, որ ընդունեն Ադրբեջանի գերիշխանությունը։
Երբ գնդապետի բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում, և քաղաքագլուխը Շուշիում ժողովրդին չի առաջարկում, որ ընդունեն Ադրբեջանի իշխանությունը, վերջինս վերջնագիր է ուղարկում Արցախի հայությանը, որպեսզի քննարկեն ու իրենց նորաստեղծ կառավարությանը ձեռնտու որոշում ընդունեն։ Իսկ ինչպե՞ս կարող էին հայերը նման քայլի դիմել, երբ արդեն տեղում իրենց որոշումներն էին ընդունել նույն թվականի փետրվարին Շուշիում կայացած արցախահայության չորրորդ համագումարում։ Ընդունած որոշումն ասում էր. ՙՀայկական Ղարաբաղը չի ընդունել ու չի էլ ընդունի Ադրբեջանի իշխանությունն իր տարածքում՚։
Հիմա տեսնենք` նման պատասխանից հետո ինչ է կատարվել Արցախում, առանձնապես Շուշիում ու նրան հարակից հայաբնակ Ղայբալուշեն գյուղում նույն 1919թ., որին մենք՝ արցախցիներս, տեղյակ չէինք, որ նշված գյուղի հիմնովին ավերման ու բնակչության կոտորածին թուրքերի հետ մասնակից են եղել նաև անգլիացիներ։ Հպանցիկ նշենք, որ, ինչպես միշտ, Անգլիան նավթի խնդիր էր լուծում Բաքվում։
Այդ մասին վկայող բազմաթիվ տեղեկություններից շատ օրինակներ կարելի է ներկայացնել ընթերցողին։ Հարկ ենք համարում նշել մեկը, որն ասում է. ՙԱդրբեջանի ՙխորհրդային՚ կառավարությունը Լեռնային Ղարաբաղում տանում է Մուսավաթի կառավարության քաղաքականություն։ Մուսավաթի կառավարությունը Ղարաբաղից արտաքսում էր հայրենասեր մարդկանց՝ անգլիացիների միջոցով։ Օրինակ՝ քաղաքից անգլիական փակ ավտոյով արտաքսեցին Լևոն Զառափյանին, Գերասիմ Բալայանին, Եղիշե Իշխանյանին, Հարություն Թումյանին, Ասծատուր Ավետիսյանին և այլոց՚ (Կիսիբեկյան Ա. Ի., Հուշեր, հ. 2, էջ 122, Երևան, 2011թ.)։
Գրքում առկա են բազմաթիվ ազգանուններ, որ պատժվել են Մուսավաթի ծրագրով, սակայն միշտ ուրիշների միջոցով, բոլոր դեպքերում օգտագործելով տեղացի հայերի, ովքեր սիրում էին ՙծառայություն՚ մատուցել հանուն անձնական շահի ու պարգևների։ Նման գործելաոճը գոյատևել է ՙսովետական՚ կոչված հանրապետության ժամանակ էլ, որը կոտրվեց վերսկսված Ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարով։
Այս առումով, կարծում եմ, հատկանշական է մի հանդիպում, որ տեղի է ունեցել 2013թ. փետրվարի վերջին՝ տողերիս հեղինակի և Արցախի տարածքում գործող ՙHALO Trust՚ միջազգային կազմակերպության Նիկ անունով մի աշխատակցի միջև։ Նա սպայական հագուստով էր։ Զրույցը կարճատև էր։ Վրաստանում Անգլիայի դեսպանը՝ Նիկ Վիլքսը, նրան խնդրել էր ճշտել 1919թ. Շուշիում զոհված անգլիական էքսպեդիցիոն զորախմբի երկու զինծառայողների գերեզմանների վայրը, քանի որ ցանկություն ունեն տեղադրել քարե հուշատախտակներ։
Երբ սկսեցի հետաքրքրվել, թե նրանք 1919թ. ի՞նչ առաքելությամբ էին հայտնվել Շուշիում, Նիկը գրպանից հանեց ծալած մի թուղթ ու մեկնեց ինձ։ Թղթի վրա գրված են երկու հոգու տվյալներ.
1. Թոմաս Միլլեր՝ կապրալ (կրտսեր հրամանատար), զրահապատ գնդացրի գնդացրորդ, զոհվել է 30.01.1919թ. Շուշիում։ Նա որդին էր Իոհան և Մարգարիտ Վրենչելների։
2. Չաննալ խան՝ փենջաբցի, զոհվել է 22.08.1919 թ. Շուշիում։ Նա Ինոյաթ խանի որդին էր։ Հայրը եղել է սահմանամերձ Ֆալտան Խարիպուր շրջանից։
Սրանք իբր թաղված են Շուշիի հարավային կողմի ժայռի թեքության վրա։ Ես ասացի, որ տարածաշրջանի ուսումնասիրությունը մի քանի տարի առաջ եմ ավարտել, և իրենց կողմից նշված տարածքում առհասարակ գերեզմանոց չկա։ Հետաքրքիր է, Շուշի գալու համար իրենց համաձայնությունը տալու պահին անգլիացիները մտաբերե՞լ են իրենց կատարածը հայության դեմ 1915 թվականին։
Մեր զրույցի ժամանակ նրան հարցրի. ՙՀայն Անգլիային կամ ուրիշ որևէ ազգի, անկախ դավանանքից, երբևէ վնաս պատճառե՞լ է՚։ Երևի անսպասելի էր իմ հարցը։
Սպայական համազգեստով մարդը մեղավոր երեխայի պես այլայլվեց ու գլխի շարժումով պատասխանեց՝ ոչ։
Մտորում ենք։ Ի՞նչ է ստացվել։ Փենջաբը Հնդկաստանի և Պակիստանի միջև գտնվող տարածություն էր։ Ժամանակի ընթացքում վերջիններս այն կիսել են իրար միջև ու հաստատել իրենց իշխանությունը։ Փոխանակ փենջաբցին իր երկրի միասնության համար պայքարեր, վարձկան դարձած՝ կռվի է ելել օտար երկրներում։
Մենք բաժանվեցինք` վերջացած համարելով մեր զրույցը։ Չգիտեմ` անգլիացի սպան ինչպիսի տրամադրությամբ ու տպավորությամբ գնաց, սակայն ինձ այժմ էլ թվում է, թե մեծ կորուստներ կրած ղարաբաղցիներն, ըստ նրանց, պարտավոր էին այդպիսի վարձկանների դիակները հողին հանձնել սեփական տարածքում ու հուշաքար կանգնեցնել նրանց շիրիմներին։ Դա էլ այն դեպքում, երբ ադրբեջանցի կոչվողների ուղեկցությամբ, օրը ցերեկով, նույն սևազգեստ անգլիացիները հիմնովին ոչնչացրել են Շուշիի հյուսիսային կողմում գտնվող հայկական Ղայբալու գյուղը, որից մնացել են հին գերեզմանատունն ու կիսավեր եկեղեցին։
Արդյո՞ք մեր չափազանց մարդասիրությունը և քրիստոնյա լինելը չէ պատճառը, որ այսպիսի առաքելությամբ ժամանում են Արցախ՝ հույս ունենալով մեզ վրա սրով եկածի պատվին հուշաքար գտնել։ Հիշենք թեկուզ ուկրաինացի վարձկան օդաչու Բիլիչենկոյի օրինակը (նա ռմբակոծել էր Ստեփանակերտի մարդաշատ թաղամասերը), երբ այդ մարդասպան հանցագործին ներում շնորհելով, ինչպես ասում են՝ ՙմատուցարանի վրա՚ նվիրեցին իր երկրին։ Մինչդեռ նույնիսկ Աստվածաշունչն է ասում. ՙԱկն ընդ ական, ատամն ընդ ատաման՚։
Շուշի, դեկտեմբեր, 2018թ.