Log in

Ա.ՂՈՒԼՅԱՆ. ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՊԵՏՔ Է ԲԵՐՎԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Անցած տարվա ամփոփիչ մամլո ասուլիսին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնավորապես նշեց, որ 2018-ին 6-րդ գումարման Ազգային ժողովում գումարվել են 7-րդ և 8-րդ նստաշրջանները. տեղի են ունեցել 11 հերթական և 1 արտահերթ նիստեր, շրջանառության մեջ է դրվել 113 օրինագիծ, որոնցից ընդունվել է 97-ը, շրջանառությունից հանվել է 3-ը, հաջորդ նստաշրջան է տեղափոխվել 13-ը։

Գերակշռել են երկրի օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելուն ուղղված նախագծերը։

Օրենսդրական գործառույթից բացի խորհրդարանն իրականացրել է հիմնական օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ. նշանակվել են Գերագույն դատարանի 3, Վերաքննիչի 3, Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2 դատավորներ, ընտրվել են Մարդու իրավունքների նոր պաշտպանը և ԱՀ հաշվեքննիչ պալատի մեկ անդամ։ ԱԺ մուտք են գործել օրենսդրական 64, պաշտոնական 1099 գրություններ և քաղաքացիների 233 նամակներ։ Անցած տարում խորհրդարանը շարունակել է իրականացնել արտաքին հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված գործունեությունը, ամրապնդել է միջխորհրդարանական կապերը։ Նախորդ տարվա համեմատ 2018-ին արտասահմանյան պատվիրակությունների այցերն ավելի քիչ են եղել, որի պատճառը ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններն էին։ ԱԺ այցելած պատվիրակությունների քանակը 36 էր: Ազգային ժողովի պատվիրակությունների աշխատանքային այցերը թվով 5-ն էին. Հայաստան, Լիբանան, Գերմանիա և Ֆրանսիա։ Կազմակերպվել են 2 խորհրդարանական լսումներ ՙՄտքի, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին՚ և ՙՔրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՚ ԱԺ օրենքների նախագծերի շուրջ։ Ձևավորվել են 2 հատուկ՝ Էթիկայի և Հանրային հնչեղության հարցերի քննիչ հանձնաժողովներ։ Հայտարարություններ են հնչեցվել խորհրդարանի, նրանում ներկայացված խմբակցությունների, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից։
Վերը նշված տեղեկատվությունը ներկայացնելուց հետո ԱԺ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին։ ՙԱԱ՚-ի հարցը. 2018-ին Արցախի հասարակությունն արմատական բարեփոխումների խնդիր դրեց իշխանության առջև՝ գիտակցելով, որ դրան պետք է գնալ հանգիստ, առանց ցնցումների, բացառելով ներքաղաքական լարվածությունը։ Անցած ամռանը հունիսմեկյան իրադարձությունները վերլուծելիս Ա. Ղուլյանն իր խոսքում ընդգծել էր խորհրդարանի դերակատարությունն այն առումով, որ ժամանակին ԱԺ օրակարգ պետք է բերվեն հասարակությանը մտահոգող խնդիրները, ժամանակին էլ լուծում պետք է տրվեն դրանց։ ԱԺ նախագահն իր աշխատանքում տեսնո՞ւմ է այն բացը, որը պետք է լրացվի նոր նախաձեռնություններով՝ հանրային հնչեղություն ունեցող հարցերին արձագանքելու համար, առհասարակ, այս հարցում ինչպիսի՞ն է ԱԺ նախագահի տեսլականը։ Հարցին պատասխանելով՝ Ա. Ղուլյանն ասաց, որ 2018-ին մենք հանրության բոլորովին նոր քաղաքական ակտիվության ականատեսն ու մասնակիցն էինք։ Պետք է գնահատել նաև մեր հասարակության լրջությունն ու զսպվածությունը, որոնք ցուցաբերվեցին հունիսին ծավալված իրադարձությունների ժամանակ։ Խոսքը վերաբերում է նաև այն քաղաքական պատասխանատուներին, ովքեր ձգտում էին ճիշտ գնահատել իրավիճակը, առաջարկել ընդունելի լուծումներ։ ԱԺ նախագահի խոսքով՝ մենք ապրում ենք այնպիսի իրավիճակում, որ եթե անգամ ներքին լարվածություն հարուցող խնդիրներ էլ չունենանք, հանրային անհանգստություն առաջացնելու համար արտաքին ազդակներն էլ բավարար են։ Իսկ տարիների ընթացքում կուտակված ներքին հարցերին համարժեքորեն չարձագանքելու դեպքում ժամանակ առ ժամանակ հանրությունից կարելի է սպասել նման ազդակներ։ Դա շատ բնական է։ Հասարակության կողմից ներկայացվող գլխավոր պահանջն արդարության պահպանումն է։ Մտահոգիչ այդ խնդիրն այժմ էլ իրեն զգացնել է տալիս։ Մարդիկ արդարություն են պահանջում հիմնականում կադրային հարցերում, ինչպես նաև սոցիալական ծրագրերի վերաբերյալ։ Սա նշանակում է, որ իշխանությունն անդադար պետք է զբաղվի բարեփոխումների խնդրով։ Ամառվա իրադարձությունները նաև ցույց տվեցին, որ մարդիկ միշտ կարող են դիմել պետական կառույցներին և պատասխանատուներին՝ նրանցից ակնկալելով իրենց հուզող հարցերի լուծումը։ Շարունակելով միտքը՝ ԱԺ նախագահը նշեց, որ լինում են այնպիսի իրավիճակներ, երբ խորհրդարանի քաղաքական դասավորությունն այլևս չի բավարարում հասարակության մեջ տիրապետող կարծիքներին։ Օրինակ՝ եթե կա Հանրային խորհուրդ ձևավորելու ցանկություն, ապա պետք է դրան էլ գնալ։ Պետական կառավարման համակարգի կատարելագործում ասելով՝ նաև դա ենք հասկանում։ Հրատապ խնդիրներն օրինագծերի տեսքով պետք է բերվեն խորհրդարան, կարելի է կազմակերպել լսումներ, օգտագործել խորհրդարանի ձեռքում եղած գործիքակազմը։
Ազգային ժողովի նախագահն ինչպե՞ս է պատկերացնում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի մրցակցային պայքարը 2020-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում։ Որպես խորհրդարանի ղեկավար և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի, Ղուլյանն ո՞ւմ է տեսնում Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու։ Հարցերի առնչությամբ ԱԺ նախագահն ասաց, որ դրանք այսօր ամենաշատն են հուզում մեր հասարակությանը։ Հասարակական տարբեր խավերի քաղաքական որոնումների վառ վկայությունը նոր ձևավորվող կուսակցություններն են։ Մի կողմից ձևավորվում են նոր քաղաքական ուժեր, մյուս կողմից էլ՝ գործող ուժերի մեջ վերանայում է տեղի ունենում։ 2019-ին քաղաքական այս փնտրտուքը շարունակվելու է, ինչին պետք է հանգիստ վերաբերվել։ Քանի որ նախագահական և խորհրդարանական ընտրություններն սպասվում են 2020-ի ապրիլին, նախընտրական գործընթացների մեկնարկի համար նվազագույնը մեկ տարի ունենք։ Եվ քանի որ ընտրությունները լինելու են համաժամանակյա, և հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք են ունենալու խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները, դա ինքնին ենթադրում է կուսակցությունների կողմից նախապատրաստական աշխատանքի իրականացում։ Գործող նախագահը դեռ մեկուկես տարի շարունակելու է իր գործունեությունը, այդ իսկ առումով հասարակությանը հուզող հարցերի պատասխանները տրամաբանորեն հնարավոր կլինի սպասել 2019-ի երկրորդ կեսին։ Խորհրդարանի խոսնակն այնուհետև հավելեց, որ ինքը ներկայացնում է քաղաքական մի ուժ, որը 18 տարվա պատմություն ունի. Արցախի ժողովրդավարական կուսակցությունը նախորդ տարիներին ստանձնել է հավասարակշռություն պահողի դեր։ Ղուլյանը վստահություն հայտնեց, որ իր կողմից ղեկավարվող կուսակցությունը կշարունակի պատասխանատվություն կրել և՜ այսօրվա, և՜ ապագայի համար։


Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ