Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՅԴ 33-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Հունվարի 16-ին Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովը, որին մասնակցում են աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ:

Բացումը տեղի է ունեցել ԱՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում։ Բացման նիստին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք եւ հրավիրյալներ։
Հնչել են ԱՀ, ՀՀ պետական օրհներգերը եւ ՀՅԴ քայլերգը։

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ ժողովը կայանում է երկու հատկանշական զուգակցությամբ։ ՙՆախ ՀՅԴ հերթական ընդհանուր Ժողովը գումարվում է խիստ պատասխանատու ժամանակահատվածում եւ ապա` Դաշնակցության 128 տարվա պատմության ընթացքում այն առաջին անգամն է, որ տեղի է ունենում ազատագրված Արցախում։ Երկու առումներով ոչ միայն ժողովի ընթացքը, այլ նաեւ արդյունքը, որդեգրած քաղաքական գիծն ու ռազմավարությունը լինելու են պարտավորեցնող և ուղենշող՚,- ասել է Դավիթ Իշխանյանը՝ հույս հայտնելով, որ Դաշնակցության հերթական ժողովն իր ավարտին կունենա ամրության և վճռականության նոր նիշ, որոշումների ու բանաձևերի այնպիսի փաթեթ, որն ուղեցույց կդառնա առաջիկա տարիների համար, կորդեգրի այնպիսի քաղաքական ուղեգիծ, որով կերաշխավորվեն մեր զույգ պետությունների ներքին ամրությունը եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ունակությունը։
Պաշտոնական նիստի ընթացքում Աժ նախագահ Աշոտ Ղուլյանն ընթերցել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը, որում Նախագահը բարձր է գնահատել Հայ Յեղափոխական Դաշնակցության դերակատարությունը մեր ազգային-ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության վերականգնման, պաշտպանության, կայացման ու զորացման, համազգային խնդիրների լուծման գործում եւ հույս հայտնել, որ ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը, դրանց բազմակողմանի ու համապարփակ քննարկումները, համապատասխան որոշումների կայացումը հուսալի հիմք կհանդիսանան հաստատված ծրագրերի եւ ՀՅԴ հետագա գործունեության իրականացման համար։
Օրհնանքի խոսքով ներկաներին ողջունել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Նա որոշ զուգահեռներ է անցկացրել. ՙՁեր 33-րդ ընդհանուր ժողովն է, մեր խորհրդարանի անդամների թիվն էլ է 33, Քրիստոսը 33 տարի ապրեց, հունվարի 14-ին սբ Հովհաննես Մկրտչի ծծնդյան օրն էր. նա 33 տարեկանում նահատակվեց։ Ահա Ձեզ 33 թվի հետ կապված չորս հետաքրքիր զուգահեռներ, սա էլ երեւի պատահական չէ եւ սա լավ նշան է։
Շնորհակալ եմ Դաշնակցությանը, որ 130 տարի մեր ազգային գործը միշտ առաջ է տարել։ Նահատակներ է տվել, կորուստներ է տվել, բայց համառորեն ազգային մեր դրոշը փորձել է բարձր պահել։ Շատ շնորհակալ եմ, որ սփյուռքի ծանր պայմաններում կարողացել եք հայապահպանման գործը բարձր մակարդակի վրա պահել, հայոց դպրոցը, հայոց հավատքը, հայոց ազգային նիստուկացը պահել։ Հայ Դատի հարցերը միշտ ջանացել եք առաջ ու առաջ տանել։ Ունեք Ձեր յուրահատուկ մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործում՝ պետականաշինության եւ քաղաքական ասպարեզում, նաեւ ներդրումների ոլորտում՚,- իր ելույթում նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
ՀՅԴ քաղաքական դիրքորոշումներն իր ելույթում ներկայացրել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Նա նշել է, որ նախորդ ժողովին հաջորդած տարիներից յուրաքանչյուրը բացառիկ կարևոր ու լարված է եղել մեր ժողովրդի եւ ՀՅԴ համար. Հայոց Ցեղասպանության հարյուրամյակ, ապրիլյան քառօրյա պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում, նոր Սահմանադրության ընդունում, վերջապես`ժողովրդական մեծ շարժում ու իշխանափոխություն։
Անդրադառնալով Արցախին՝ Հրանտ Մարգարյանը նշել է, որ Արցախը վերջին 30 տարիների ընթացքում եղել է ՀՅԴ գերխնդիրը. ՙՄի քանի հարյուր ընկերներ մեր շարքերից այս հողի ազատագրման համար են իրենց կյանքը տվել, մեզանից շատերն են իրենց առողջությունը վնասել: Արցախը եղել է մեր կյանքի իմաստը: Մեզանից շատերի համար սեփական կյանքը արդարացված է Արցախով: Հաջորդ սերունդներին թողել ենք ավելի մեծ հայրենիք ու 2-րդ հայկական անկախ հանրապետությունը: Պայքարը դեռ շարունակվում է, 30 տարի կռիվ է, ու կռիվը դեռ չի ավարտվել: Կռիվ թշնամու դեմ՝ մեր ազատագրածը հավերժացնելու համար, կռիվ աշխարհի դեմ Արցախի ազատագրման արդարացիությունն անընդհատ ապացուցելու համար, կռիվ մերոնց հետ՝ կռվից չհոգնելու, չտատանվելու, չշեղվելու, չտկարանալու, չքաղքենիանալու, չնահանջելու, Արցախից ձերբազատվելու նպատակ չհետապնդելու համար: Անցած 30 տարիներին թե՜ Արցախը՝ իբրև ինքնուրույն, միասնական քաղաքական միավոր, թե՜ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ունեցել են աշխարհը տեսնելու մի միջոց՝ դիտակետ, դա արցախյան դիտակետն է եղել՚։
Բյուրոյի ներկայացուցիչը խոսել է ներքին ու արտաքին մարտահրավերների, ՀՀ-ում կատարված իշխանափոխության մասին:
Ըստ նրա` այսօր վերադիրքավորվելու անհրաժեշտություն կա, որի համար անհրաժեշտ են նաեւ որոշակի փոփոխություններ։ ՙԱռաջին փոփոխությունը, որն առաջարկում եմ, ինձանից սկսելն է։ Ուստի գալիս եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, առանց դույզն իսկ չափով նեղվածության հայտարարելու՝ իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ: Նախապես հայցում եմ բոլոր ընկերների, որոնք, վստահ եմ, այս ժողովում եւ կազմակերպության մեջ ծանրակշիռ ներկայություն են, ներողամտությունը:
Պաշտոնական բացման նիստից հետո ժողովականներն ու հյուրերն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Եղբայրական գերեզմանոցում, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հուշաքարին։
Ընդհանուր ժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունվարի 24-ը։ Այն կքննարկի Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները:
Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը։
;