comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԱԶԱՆ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ, ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ՝ ՍԱՀՄԱՆՈՒՄ
Logo
Print this page

ԲԱԶԱՆ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ, ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ՝ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Թուրքիան և Ադրբեջանը՝ ընդդեմ Ռուսաստանի և Հայաստանի

Վերջերս Թուրքիայի ակտիվությունը Նախիջևանում զգալիորեն աճել է, ընդ որում, ինչպես վկայում են փորձագետները, խոսքը ոչ միայն զուտ քաղաքական քայլերի, այլ նաև ռազմական ոլորտում ակտիվության մասին է։ Այս ամենը ներգծվում է Թուրքիայի հեռահար նպատակների մեջ. Նախիջևանում իր ազդեցությունն ուժեղացնելու միջոցով Թուրքիան ձգտում է ամրապնդել դիրքերը Հարավային Կովկասում, գտնում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

ՙԺամանակակից փուլում, Նախիջևանում իր ներկայությունն ուժեղացնելով, էլ ավելի Նախիջևանը կապելով Թուրքիայի հետ, թուրքերը, փաստորեն, հող են նախապատրաստում ռազմական բազայի համար՚,- ՙԳոլոս Արմենիի՚ թերթին տեղեկացրել է Ռ. Սաֆրաստյանը։ -Եվ դա դիտարկվում է որպես Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության ուժեղացման համառազմավարական ծրագրի մի մաս, տարածաշրջան, որը շատ կարևոր է իր համար։ Այստեղ նա, առաջին հերթին, բախվում է Ռուսաստանի հետ։ Եվ Թուրքիայի պլանները, ներառյալ Նախիջևանում ռազմական բազայի ստեղծումը, նախևառաջ, ուղղված են Ռուսաստանի դեմ։ Իսկ ի՞նչ է նշանակում Թուրքիայի ազդեցության ուժեղացում: Դա նշանակում է նրա ազդեցության ուժեղացում՝ Ռուսաստանի հաշվին, չէ՞որ Հարավային Կովկասը դեռևս մնում է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի։ Թուրքիայի քաղաքականությունն աշխարհառազմավարական համատեքստում նպատակ է հետապնդում նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը՝ մի քանի անգամ ավելացնելով սեփական ազդեցությունը։ Այս դիտանկյունից պետք է նայել Թուրքիայի տարատեսակ նախաձեռնություններին, ներառյալ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա առանցքի ձևավորմանը և, մասնավորապես, Նախիջևանում ռազմաբազա ստեղծելու պլաններին։ Իհարկե, վերջինս մի գիշերում չի ստեղծվի։ Բազայի ստեղծումը լուրջ ու ծախսատար գործընթաց է, բայց նման աշխարհաքաղաքական երևույթն իրական է, և այն չպետք է անտեսել...՚։
Նախիջևանյան ուղղությամբ Թուրքիայի ակտիվությանը զուգընթաց ձեռքերը ծալած չի նստում Ադրբեջանը՝ Հայաստանի հետ սահմանին տեղակայելով սահմանապահ զորքեր, որոնք մասնագիտացված են ոչ միայն զուտ սահմանապահ գործառույթներ իրականացնելու, այլև հարձակողական ռազմագործողություններում մասնակցություն ունենալու ուղղությամբ։
ՙԱրդյո՞ք Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Նա միշտ էլ հենց դրան է պատրաստվում։ Բայց եթե փորձենք իրականությունը հասկանալ սոսկ աշխարհաքաղաքական համատեքստում, ապա, ակնհայտ է, որ, օգտագործելով ռազմաշունչ հռետորաբանությունը, ավելի ճիշտ՝ չհրաժարվելով դրանից, ինչի մասին վկայում է Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, սահմանում իրականացնելով սեփական զորքերի տեղաշարժ, Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում,-ասում է Սաֆրաստյանը։ -Ես ռազմական փորձագետ չեմ, որպեսզի դատեմ, թե արդյո՞ք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կոնկրետ նախապատրաստություն է ընթանում, թե` ոչ, բայց զուտ քաղաքական առումով ակնհայտ է, որ նա փորձում է օգտագործել ցանկացած միջոց` 2019թ. բանակցային գործընթացի նոր փուլի նախաշեմին Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով...՚։
Ընդ որում, թուրքական ղեկավարության վերջին հայտարարությունը վկայում է այն մասին, որ Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում Թուրքիայի դիրքորոշումը նույնպես որևէ փոփոխություն չի կրել։
Ադրբեջանի կողմից որևէ դրական տեղաշարժ չկա, Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ նախկինում բազմիցս հնչեցված իր դիրքորոշմանը։ Ոչինչ չի փոխվել։ Սաֆրաստյանի խոսքով, այսօր Թուրքիայում բոլոր քիչ թե շատ ազդեցիկ քաղաքական ուժերը բացառում են Հայաստանի հետ առանց նախապայմանների (հայկական կողմի առաջարկությունների դիմաց) հարաբերությունները կանոնավորելու անհրաժեշտությունը։ Գուցե միայն քրդամետ կուսակցությունն է ինչ-որ չափով իրատեսական դիրքորոշում որդեգրում, բայց այն էական դեր չի խաղում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության որոշման ու իրականացման հարցում։
ՙՆման պայմաններում մենք պետք է առաջին հերթին մտածենք մեր անվտանգության մասին, միշտ զգոն լինենք։ Իսկ անվտանգության երաշխիքը մեր զինված ուժերի մարտական պատրաստվածությունն է, որը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում՚,-արձանագրում է Ռ. Սաֆրաստյանը։

Զառա ԳԵՎՈՐԳՅԱՆ

www.golosarmenii.am

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.