comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱԽՈՒՌՆ ՓԵՏՐՎԱՐ

ՀԱԽՈՒՌՆ ՓԵՏՐՎԱՐ

31 տարի առաջ այս օրերին Ղարաբաղի կոլտնտեսություններում, խոշոր հիմնարկ- ձեռնարկություններում տեղի էին ունենում ընդհանուր ժողովներ, որտեղ ընդունվում էր որոշում ԼՂԻՄ-ը մայր Հայաստանի հետ վերամիավորման մասին: 

 Ընդունված է փետրվարը համարել Արցախյան շարժման զարթոնքի ամիս. մեր Շարժումը 1988-ի փետրվարին ժայթքեց հրաբխի նման: Եվ որպես դրա առհավատչյա` արժևորվում է փետրվարի 20-ը` ԼՂԻՄ մարզխորհրդի պատմական նստաշրջանը, որը վավերացրեց արցախահայության` Հայաստանի հետ վերամիավորման բաղձանքը: Վերջին տարիներին նաև փետրվարի 13-ը` Ստեփանակերտում կայացած առաջին հանրահավաքի օրն է արժևորվում: Անցյալ տարի այդ օրը Շարժման 30-ամյակի կապակցությամբ հանրապետության Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ մեծ միջոցառում` նվիրված առաջին հանրահավաքին:

Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ, պատմաբան Սլավիկ Առուշանյանի տեսակետով` Շարժման պատմությունը լավ ըմբռնելու համար պետք է դիտարկել ոչ թե փետրվարի առանձին օրեր, այլ փետրվարն ամբողջությամբ` որպես Շարժման մեկ միասնական շղթա, քանի որ բոլոր իրադարձությունները կապված են միմյանց հետ` փետրվարի 1-ից մինչև 22-ը` Ասկերանի դիմակայությունը, մինչև Սումգայիթի կոտորածը և ՙԿռունկ՚-ի ստեղծումը, որ կազմում է մեր ազգային-ազատագրական պայքարի ամենակարևոր պահի առանցքը: Ըստ նրա` դա պետք է միշտ միասնական ներկայացվի, որպեսզի բոլորը լիարժեք պատկերացում կազմեն, թե ինչ է կատարվել և ինչու է այդպես կատարվել:
Ս. Առուշանյանը Ղարաբաղյան շարժման նորագույն շրջանը բաժանում է երեք հիմնական փուլի. առաջին` ստորագրահավաք, որի սկիզբը դրվեց 1986 թվականին, երկրորդ փուլ` պատվիրակությունների մեկնում Մոսկվա` արցախահայության ձայնը հնչեցնելու և պատմական սխալը Կենտկոմի կողմից ուղղելու պահանջով, և երրորդ` համաժողովրդական հուզումների` հանրահավաքների շրջան:
Սույն հոդվածում կանդրադառնանք վերջին փուլին:
1988-ի հունվարի վերջին Շարժման կազմակերպիչները հասկացան, որ այն մտել է փակուղի:
Սլավիկ Առուշանյանը հիշում է.
-Հունվարին Մոսկվայից վերադառնալուց մի քանի օր անց Իգոր Մուրադյանն ինձ հրավիրեց Երևան: Մտածեցի, որ, հավանաբար, լավ լուր ունի, որը հեռախոսով չի ուզում հայտնել: Պարզվեց, որ մեր մոսկովյան այցը ոչ մի արդյունք չի տալիս, Կրեմլում միայն հանձնաժողովներ են ստեղծում, բայց հարցը տեղից չի շարժվում: Նա ասաց, որ անհրաժեշտ է մարզի բոլոր ղեկավարներից ստորագրություն հավաքել: Ասացի` մեր շրջանում հենց այդ սկզբունքով ենք ստորագրահավաքը կազմակերպել: Հարկ եմ համարում նշել, որ Մարտունու շրջանի Գիշի գյուղը դարձավ մեր ազգային-ազատագրական պայքարի երրորդ` ամենակարևոր փուլի մեկնակետը: Ինձ հետ Մոսկվա մեկնած գիշեցի ակտիվիստ Յուրի Գրիգորյանը խնդրեց հանդիպել իրենց տղաների հետ: Մոտ քսան հոգով Գիշիում գումարեցինք գաղտնի ժողով: Ելույթ ունենալով` ասացի, որ ղեկավարության վրա հույս դնել չի կարելի, որ սա մեր վերջին հնարավորությունն է Ղարաբաղը սպիտակ եղեռնից փրկելու համար, և եթե հիմա չկարողանանք օգտվել վերակառուցման ընձեռած հնարավորությունից, Նախիջանի օրն ենք ընկնելու: Նաև ասացի, որ միակ ելքը Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորման Հռչակագիրը բոլոր բնակավայրերում քննարկելն է: Փետրվարին գյուղերում սկսվում էին կոլտնտեսությունների ավանդական հաշվետու ժողովները, և կոչ արեցի օգտվել այդ հնարավորությունից, մասնավորապես, ժողովի սկզբից կամ վերջից առանձին ժողով գումարել, Հռչակագիրը քննարկել ու հավանություն տալ:
Գիշուց վերադառնալուց հետո Ասկերանի մեր նախաձեռնող խումբը հավաքեցի, ներկայացրի իրավիճակը: Մշակեցինք որոշման օրինակելի նախագիծ` բաղկացած երեք կետից: Նորագյուղում գաղտնի ժողով գումարեցինք: Մասնակցում էին նաև այդ օրը պատահաբար ինձ մոտ եկած Շարժումը համակարգող Իգոր Մուրադյանն ու առաջամարտիկ Վաչե Սարուխանյանը: Ժողովում նախագիծը քննարկեցինք, որը հավանության արժանացավ: Կազմեցինք ժողովների անցկացման ժամանակացույց, որը համապատասխանեցվեց տնտեսություններում անցկացվող հաշվետու ընտրական ժողովների ժամանակացույցին: Քննարկումների սկսեցինք փետրվարի 4-ից: Արդյունքները շշմեցուցիչ էին. ժողովների արդյունքները քննարկվում էին նաև դահլիճից դուրս` նույնիսկ ամենահեռավոր գյուղերում: Մարդիկ ավելի համարձակ դարձան` տեսնելով, որ ոչ ոք չի հետապնդվում: Կարճ ժամանակահատվածում սկսվեց համընդհանուր զարթոնքը: Ժողովների արձանագրությունները երկու օրինակից էին կազմվում: Մի օրինակը Իգոր Մուրադյանի միջոցով ուղարկվում էր Կենտկոմ, մյուս օրինակը պատմաբան Սլավա Սարգսյանի մոտ էր պահվում: Նա այդ որոշումն ամբողջությամբ զետեղել է իր գրքում: Շարժումը դուրս եկավ ընդհատակից: Ժողովուրդը ոտքի էր ելել: Սկսվեց մեր պայքարի ակտիվ փուլը: Արդեն ոչ թե պարզապես նամակներ ու խնդրագրեր էին ուղարկվում Մոսկվա` Կենտկոմ, այլ կոնկրետ որոշումներ` ժողովների նախագահ-քարտուղարի ստորագրությամբ, տնտեսությունների, հիմնարկ-ձեռնարկությունների կողմից կնիքված: Այդ քննարկումներին մասնակցեց գրեթե ամբողջ արցախահայությունը: Դա մի յուրատեսակ հանրաքվե էր, որն արտահայտեց ժողովրդի կամքը: Ժողովրդի առաջն առնելն անհնար էր: Փետրվարի 1-ին Նորագյուղի գաղտնի ժողովի պատմական նշանակությունը մեծ էր. այն դրեց Շարժումը համաժողովրդական դարձնելու հիմքը: Պատահական չէ, որ Ադրբեջանը խուճապի մատնվեց: Ստորագրահավաքներից կամ Մոսկվա պատվիրակություններից Ադրբեջանը չէր սարսափել, նրանց ղեկավարներից մեկից Մոսկվայում լսել եմ, որ իրենք Կրեմլը կարմիր տասնոցներով են պարսպապատել… Բայց մեր այս ժողովներից, որոնք տեղի էին ունենում բոլոր համայնքներում, նա սարսափեց և գործի անցավ. որոշվեց Շարժումը խեղդել իր ՙօրորոցում՚:
Փետրվարի 12-ին Ադրկոմկուսի Կենտկոմի ներկայացուցիչները եկան Ղարաբաղ, որ ակտիվի ժողովներ գումարեն և կուսակցական մարմինների միջոցով կասեցնեն Շարժումը:
Փետրվարի 12-ին Ստեփանակերտում կայացած ակտիվի նիստն առանձին հոդվածի թեմա է, և այստեղ չենք անդրադառնա, միայն նշենք, որ Ս. Առուշանյանի հուշերը կարևորվում են նաև դրա նախապատրաստման մասով: Ասում է` եթե նախօրոք չիմանային էմիսարների այցի մասին, չէին կարող նրանց հակահարված տալ. ակտիվի մի խումբ մասնակիցների բացատրվել էր, որ դրանով փաստորեն որոշվում է Ղարաբաղի բախտը, որ հարկավոր է հակահարված տալ Բաքվից եկած էմիսարներին: Եթե նախօրոք տեղեկատվություն չունենային, դժվար կլիներ նախապատրաստվել:
Իսկ այդ տեղեկատվությունները Ս. Առուշանյանին հաղորդում էր կուսակցության Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանը: Նա շատ է օգնել արժեքավոր տեղեկություններ իմանալու հարցում և փետրվարի 12-ի ու հաջորդ օրերի հանրահավաքները կազմակերպելու գործում: Ս. Առուշանյանը երախտագիտությամբ է հիշում մեծ հայրենասեր Վաչագան Գրիգորյանի ծառայություններն այդ հարցում. ՙԵթե նրա տված ինֆորմացիաները չլինեին, մենք չէինք կարող իմանալ, թե որ պահին ինչ է հարկավոր անել՚,-ասում է Ս. Առուշանյանը: Իսկ շատ կարևոր էր ճիշտ պահին ճիշտ որոշումներ կայացնելը:

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ