comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՈՒԺԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՆԱԵՎ ՀԱԿԱՌԱԿ ԷՖԵԿՏՆ Է ՈՒՆԵՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒԺԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՆԱԵՎ ՀԱԿԱՌԱԿ ԷՖԵԿՏՆ Է ՈՒՆԵՆՈՒՄ

Ադրբեջանի քաղաքական վերնախավն արդեն հետևություններ է անում օրեցօր ակտիվացող ընդդիմության ելույթներից և հատկապես հունվարի 19-ին Բաքվում տեղի ունեցած հանրահավաքից, որի վերաբերյալ հնչել են քաղաքական գնահատականներ։

Տեսակետ էր հրապարակվել այն մասին, որ այդ հանրահավաքը հարուցել է ալիևյան վարչակազմի վախը։ Ադրբեջանական ոչ պաշտոնական մամուլի փոխանցմամբ՝ Միլլի մեջլիսում նախաձեռնությամբ հանդես է եկել ՙԵնի Ազերբայջան՚ կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը՝ առաջարկելով լրամշակման ենթարկել ՙԿուսակցությունների մասին՚ օրենքը։

Իշխանությանն անհաճո քաղաքական ուժերի հովանավորներին բացահայտելու նպատակով մեջլիսը պետք է սևեռվեր կուսակցությունների ֆինանսական աղբյուրների վրա։ Գործող ռեժիմին հնարավորություն կընձեռվի բառացիորեն հարձակվել այն ուժերի վրա, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։ Խոսքը վերաբերում է ալիևյան բռնապետության տապալմամբ շահագրգիռ ժողովրդավարական ուժերին, որոնց քաղաքական ակտիվությունն իշխող վերնախավին չի կարող անտարբեր թողնել։ Իլհամ Ալիևը պատրաստվում է օգտագործել դրան հակազդելու բոլոր միջոցները, և չի բացառվում, որ առաջիկայում Ադրբեջանից թարմ տեղեկություններ ստանանք, այսպես կոչված, կանխարգելիչ գործողությունների մասին։
Ադրբեջանի մեջլիսում հրատապ հնչողություն են ստացել հետևյալ հարցերը. ընդդիմադիր կուսակցությունները կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ, կամ էլ իրազեկում են ֆինանսական հնարավորությունների բացակայության մասին։ Վերջին տարբերակի դեպքում ՙԵնի Ազերբայջան՚-ի պատգամավորը փորձում է պարզել՝ ի՞նչ միջոցներով եք պահում ձեր գրասենյակները, ձեր աշխատողներին ու թիկնապահներին։ Ինքն էլ պատասխանում է հարցին՝ ասելով, որ հովանավորներից փողը վերցնում են նրանց առաջադրանքները կատարելու համար։ Պատգամավոր Նովրուզովն իշխանության համար նման անբարենպաստ իրավիճակը օրենսդրական ճանապարհով փոխելու խնդիր է դնում։
Իշխող վարչակարգին անհանգստացնում են ոչ միայն ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպվող հանրահավաքները, այլև արտերկրում ադրբեջանական իշխանությունների դեմ աշխատող առանձին անհատների և կազմակերպությունների գործունեությունը՝ լինեն նրանք ադրբեջանցիներ, թե այլ ազգերի ներկայացուցիչներ։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ արտերկրում իշխանությունների դեմ գործունեություն ծավալած անձինք չեն կարող հասնել իրենց նպատակին, նրանք պատասխան կստանան Բաքվից։
Ադրբեջանի խորհրդարանը պատրաստվում է օրենք մշակել նաև սոցցանցերի մասին, առաջարկ է եղել վերանայել ԶԼՄ-ների մասին օրենքը։
Իշխանության քաղաքականությանն ընդդիմացող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդն իր հերթին հետևություններ է անում ալիևյան վարչակազմի ձեռնարկած քայլերից։ Խորհուրդը դիմել էր Բաքվի քաղաքապետարանին՝ հունվարի 26-ին ՙՄեհսուլ՚ մարզադաշտում բողոքի ցույցի անցկացման թույլտվության խնդրանքով, միաժամանակ հավաստիացրել, որ այն լինելու է խաղաղ և օրենքի տառին համապատասխան։ Քաղաքապետարանը, սակայն, մերժել էր ընդդիմադիր ուժերին՝ իր պատասխան նամակում վկայակոչելով Բաքվի ոստիկանության բացասական վերաբերմունքը։ Ազգային խորհուրդն իր հայտարարության մեջ նշել է, որ դա բաց խոստովանություն է Ադրբեջանում ոստիկանական ռեժիմի գոյության մասին։ Կոչ է ուղղվել կառավարությանը՝ չգնալ այդ վտանգավոր ճանապարհով. խաղաղ և արտոնված հանրահավաքների արգելումը քաղաքացիներին զրկում է հավաքների ազատության իրավունքից, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ հենց կառավարության համար։ Ժողովրդավարական ուժերը զգուշացրել են, որ պայքարը շարունակելու են, իշխանությունն իրենցից կարող է սպասել նաև չարտոնված գործողություններ։
Հարկ ենք համարում անդրադառնալ 2018-ի ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացված արտահերթ նախագահական ընտրություններին ընդդիմության կողմից տրված գնահատականներին։ Նախքան ընտրությունները՝ Ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին և Խորհրդում ներկայացված ՙԱդրբեջանի ժողովրդական ճակատ՚ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հանդես էին եկել արտահերթ ընտրությունները բոյկոտելու միասնական հայտարարությամբ։ Քվեարկությունից հետո էլ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարել էր, որ չի ճանաչում դրանց արդյունքները, որովհետև այդ ընտրությունները հակասել են երկրի սահմանադրությանն ու Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Ընդդիմադիր ուժերն ընտրությունները համարել են ոչ լեգիտիմ, քանի որ չեն արտացոլել ժողովրդի կամքը։
Այս հիշեցումն ինքնանպատակ չէ. եթե Խորհուրդը նպատակ է դրել Ադրբեջանում արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման համար պայքարը շարունակել և հաղթանակով դուրս գալ 2020-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից, նախևառաջ, իր համար պետք է հստակեցնի, թե արդյո՞ք ի վիճակի կլինի կանխել բոլոր ընտրակեղծիքները։ Մյուս կողմից՝ կկարողանա՞պատշաճ մակարդակի վրա պահել հասարակության քաղաքական ակտիվությունն ու վճռականությունը։ Ադրբեջանում ծավալված ներքաղաքական պայքարի ներկայիս փուլը կարևորվում է այն իմաստով, թե որքանով են հասարակական և քաղաքական ուժերը պատրաստ՝ հակազդելու իշխանության կողմից արդեն ձեռնարկվող հակաժողովրդավարական միջոցներին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին, գործող վարչակազմի համար դա խնդիր չէ. Բաքվում միշտ էլ քամահրանքով են վերաբերվել արտաշխարհից հնչող քննադատություններին, նույնիսկ երբ նախազգուշացումներ են արվել հակաիշխանական ցույցերի կազմակերպիչների նկատմամբ սահմանված տույժերի խստացման առնչությամբ։
Հարևան երկրի ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Իլհամ Ալիևն այս անգամ էլ նախընտրում է ժողովրդին բիրտ ուժի միջոցով հնազանդեցնելու ճանապարհը, այսինքն՝ դիմում է հին ու փորձված միջոցների։ Բայց նման քաղաքականությունը միշտ չէ, որ հաջողություն է ունենում. գործող ռեժիմի խստացմանն ուղղված քայլերը բումերանգի էֆեկտով կարող են հարվածել հենց իշխանությանը։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ