comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԲԻԶԻՄԴԻՐ՚՝ ԱՌԱՆՑ ԻԼՀԱՄԻ. ԵՐԲ ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲԻԶԻՄԴԻՐ՚՝ ԱՌԱՆՑ ԻԼՀԱՄԻ. ԵՐԲ ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Փետրվարի 2-ին, ելույթ ունենալով Ադրբեջանական երիտասարդության օրվա առթիվ, Իլհամ Ալիևը հետաքրքիր խոստովանություն արեց։ Բնականաբար, ելույթը նվիրված էր երիտասարդության հոգսերով զբաղվելու և երիտասարդությանն ուղղված քաղաքականության ձևավորման գործում Ալիևների ընտանիքի` նախ Հեյդար¬բաբայի, ապա և ներկա նախագահի ունեցած ավանդին։ Ներկաներին պատմելով, որ ՙմեծ առաջնորդը միշտ մեծ հոգատարությամբ ու սիրով էր վերաբերվում երիտասարդությանը՚ և ՙքաջ գիտակցում էր, որ երկրի ապագան երիտասարդության ձեռքում է՚, Իլհամ Հեյդարովիչն անցավ հիշյալ ոլորտում ունեցած սեփական վաստակներին։ Ու տրվեց իր իսկ երիտասարդության, ինչպես պարզվում է, շատ էլ ծանր երիտասարդության հուշերին։

Պարզվում է, այն բանից հետո, երբ Ալիև-ավագը Բաքվից տեղափոխվել էր Նախիջևան ու այնտեղ խորհրդարանի նախագահ դարձել, որդու կյանքում վրա հասան սև օրեր։ ՙԻնձ հեռացրին ինստիտուտից, որտեղ ուսանել ու դասավանդել էի։ Սկսվեց գործազրկության շրջանը։ Մի քանի ամիս մնացի առանց աշխատանքի, որի փնտրտուքի համար դիմում էի տարբեր տեղեր։ Բայց երբ իմանում էին, որ Հեյդար Ալիևի որդին եմ, իհարկե, ոչ ոք ինձ աշխատանքի չէր ընդունում՚,¬ թախիծով հիշում է նախագահը։ Բայց Իլհամը չհանձնվեց ու չընկրկեց դժվարությունների առաջ. նա ՙստիպված՚ զբաղվեց մասնավոր բիզնեսով ու ՙկարճ ժամանակահատվածում շատ բանի հասավ՚։ ՙԻմ աշխատանքից գոհ էի։ Սատարում էի այն ժամանակ Մոսկվայում ձևավորված ադրբեջանական համայնքների գործունեությանը։ Հիշում եմ, այն ժամանակ Մոսկվայում հիմնադրվեց Ադրբեջանական քաղաքացիական ասամբլեան։ Ես այդ ասամբլեայի հիմնադիրներից մեկն էի։ Հենց ինքս` որպես գործարար, ամենամեծ ֆինանսական աջակցությունն էի ցուցաբերում այդ ասամբլեայի գործունեությանը։ Այն ժամանակ Մոսկվայում հիմնադրվեց ադրբեջանական դպրոցը։ Մոսկվայում ապրող ադրբեջանցիներից առաջինն էի, ով այդ դպրոցին ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում՚,¬ անզուսպ պարծենում էր պետության ղեկավարը։
Հերթական անգամ արձանագրենք՝ Իլհամ Ալիևի կերպարի ստեղծմամբ զբաղվողները լավ չեն աշխատում։ Որովհետև Հեյդարի որդու կյանքի ծանր շրջանի մասին հուզիչ պատմությունն ընթերցող ցանկացած մարդու մոտ չի կարող տարրական հարց չծագել՝ իսկ ինչո՞ւ մեծ հայրենասերը, ՙազգային առաջնորդի՚ ժառանգն անգամ չմտածեց այն մասին, որ կարելի է մեկնել Ղարաբաղ կռվելու։ Չէ՞ որ խոսքը 90-ականների սկզբի մասին է, երբ սկիզբ էր առել ծանր պատերազմը, և 30-ը հազիվ բոլորած, վտարանդի հոր պատճառով հալածվող ու հետապնդվող Իլհամի համար ուղիղ ճանապարհը Ղարաբաղն էր՝ ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականության՚ համար պայքարելը։ Բայց նրա մոտ, իր իսկ խոստովանմամբ, նման միտք էլ չծագեց։ Այլ հարց են մասնավոր բիզնեսն ու մեծ փողերը, ինչին էլ, առաջին հերթին և մնացած բոլոր հերթերին, ձգտում էր անհաղթահարելիորեն երիտասարդ ու, բնականաբար, բանակում չծառայած Իլհամը։
Թեպետ արժե՞ զարմանալ դրանից, հաշվի առնելով նրա դասալիք հոր կենսագրությունը, ով նույնպես մեկ օր էլ չէր կռվել Հայրենական մեծ պատերազմում՝ բանակից խուսափելու համար կեղծելով փաստաթղթեր։ Արժե՞ զարմանալ այն էժանագին ներկայացումից, որ սարքեցին արդեն դասալիքի թոռան մասնակցությամբ՝ Հեյդար-կրտսերին վրա քաշելով Ալիևներին օտար զինվորական համազգեստն ու ձգտելով նրա դեմքին հնարավորինս հաղթական արտահայտություն հաղորդել։ Այն էլ միայն նրանից հետո, երբ Հայաստանի վարչապետն իր որդուն ուղարկեց ծառայելու Արցախում...
Այդպես էլ ստացվում է, որ հայրենասիրություն ու ինքնազոհողություն ասվածը ոչ մի կերպ չի վերաբերում Ադրբեջանի իշխող ընտանիքին, որը պատրաստ է ստույգ մահվան ուղարկել տասնյակ հազարավոր օտար որդիների, բայց երբեք՝ ոչ իրենց ու սեփական ժառանգներին։ Բիզնես, փող, իսկ ամենագլխավորը՝ իշխանություն, ահա թե ինչն է գլխավորապես հետաքրքրում դասալիքների դինաստիային, և երիտասարդների առաջ իր ելույթով Իլհամը հերթական անգամ հաստատեց դա։ Ապացուցելով, որ նույնիսկ 27 տարի անց նրա մտքով անգամ չի անցնում, որ մասնավոր բիզնեսով հանգիստ զբաղվելն այն ժամանակ, երբ նրա հայրենակիցները զոհվում էին հանուն ՙբիզիմդիր՚¬ի, դասալքության ու դավաճանության խայտառակությանն արժանի բան է, բայց ոչ մի կերպ առիթ չէ հպարտանալու։ Դեռ լավ է, որ նրա խելքը կտրեց չհիշատակել հետագա տարիների մասին, երբ Ադրբեջանի նախագահի որդին հոր միլիոններն էր մսխում Ստամբուլի խաղատներում ու բորդելներում։
Չնայած, չէինք ցանկանա մտածել, որ Ալիև¬միջնեկն այդքան տխմար է։ Միանգամայն հնարավոր է, որ սեփական երիտասարդության մասին նրա ուսանելի պատմությունն Ադրբեջանի երիտասարդությանն ուղղված ծածուկ ակնարկ է պարունակում՝ ՙԿարաբախ բիզիմդիր՚-ի մասին մոռացե՜ք, գործո՜վ զբաղվեք, գործո՜վ...

www.golosarmenii.am