comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԼԻԵՎՅԱՆ ՙԴՐԱԽՏ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԼԻԵՎՅԱՆ ՙԴՐԱԽՏ՚

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Բաքվի քաղաքային իշխանությունը հերթական անգամ մերժել է հանրահավաք անցկացնելու ընդդիմության հայտը։ Մի քանի օր առաջ, Ադրբեջանի այսպես կոչված դեմոկրատական հանրապետության հիմնադիր Մամեդ-Էմին Ռասուլզադեի ծննդյան տարելիցի առթիվ, ԱԺՃ կազմակերպած երթի ընթացքում արձանագրվել են բախումներ մասնակիցների եւ ոստիկանության միջեւ՝ Բաքվի Նովխանի արվարձանում։ 

Ընդդիմությունը մտադիր է առաջիկայում դատական կարգով բողոքարկել իր միջոցառումներն արգելելու մասին Բաքվի քաղաքապետարանի որոշումները, բայց արդարության հասնելու հույսը մնում է չնչին։ Մամուլի միջոցով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին է դիմել Գոբուստանի բանտում պատիժը կրող ՙԻսլամական համերաշխություն՚ շարժման առաջնորդ Թալե Բաղիրզադեի կինը։ Բաղիրզադեն ունի աստվածաբանի համարում։ Նա դատապարտվել է մի քանի տարի առաջ Բաքվի Նարդարան արվարձանում ՙծայրահեղական գործողություններ նախաձեռնելու՚ մեղադրանքով։ Դատապարտյալի կինը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում իրողության վրա, որ իր ամուսինը մշտապես ենթարկվում է ֆիզիկական եւ հոգեբանական կտտանքների, սահմանափակվում են արտաքին աշխարհի հետ շփումները։ Բաղիրզադեն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ճանաչված է որպես խղճի կալանավոր։ Ըստ լրագրողական ուսումնասիրությունների, նեերկայումս Ադրբեջանում կա շուրջ երկու հարյուր քաղբանտարկյալ։ 
Ադրբեջանի գյուղական շրջաններից ստացվող տեղեկությունները տագնապալի են։ Սոցիալակաան իրավիճակը շարունակում է մնալ անմխիթար, մարդիկ զանգվածաբար արտագաղթում են Ռուսաստան, Թուրքիա, այլ երկրներ կամ տեղափոխվում Բաքու՝ աշխատանք գտնելու հույսով։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ներկայումս Բաքվում եւ մերձակա արվարձաններում ապրում է մոտ չորս միլիոն մարդ։ Անկախ փորձագետները դա անվանում են ժողովրդագրական աղետ։ Խախտված է երկրի համաչափ զարգացման պետական ծրագիրը, որն ընդունվել է մի քանի տարի առաջ։ 
Այս իրավիճակում Ալիեւի կառավարությունը տենդագին լուծումներ է որոնում։ Օրերս կառավարությունը չեղյալ է հայտարարել իր որոշումը, որով բնակչությանն արգելվում էր հատապտուղներ, վայրի մրգեր եւ բանջարեղեն հավաքել պետական անտառային գոտիներում։ Այդ քայլը վկայում է, որ գյուղական բնակչության մի զգալի մասի համար բնությունը միակ կերակրողն է։ Իրավիճակի կարգավորման հաջորդ քայլը նախագահ Ալիեւի հրամանագիրն է նվազագույն աշխատավարձի մասին, որն ուժի մեջ կմտնի գալիք ամսվա սկզբին։ Ըստ այդմ, նվազագույն աշխատավարձ է սահմանվել 180 մանաթը, որի իրական արժեքը ոչ ավելի, քան 90 ԱՄՆ դոլար է։ 
ՙԱյդ աշխատավարձով ապրել, իհարկե, չի լինի, բայց դա է պետության հնարավորությունը՚- հայտարարել է Միլլի մեջլիսի պատգամավոր, իշխող կուսակցության գործադիր քարտուղար Սիավուշ Մամեդովը։ Էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաեւն իր հերթին ասել է, որ եթե նավթի գները մնան բարելի դիմաց 60-70 դոլարի սահմաններում, ապա հնարավոր կլինի տնտեսությանը ՙթթվածին ներարկել՚։ 
Միջազգային հեղինակավոր փորձագետներն ընթացիկ տարում կանխատեսում են ադրբեջանական ՀՆԱ-ի 1,2 տոկոսի աճ։ Պետական նավթային ընկերությունը միջազգային դոնորների հետ պայմանագիր է ստորագրել տարեկան 450 միլիոն վարկային միջոցներ ներգրավելու համար, որպեսզի լրացուցիչ երկրաբանա-հետախուզական աշխատանքներ կատարի Ազերի-Գյունեշլի-Չիրաղլի նավթահանքային համալիրում։ Նավթի արդյունահանության ծավալները կրճատվում են, հարկ է ավելի ու ավելի խորքային հորատումներ անել, իսկ դա պահանջում է լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում։ Ադրբեջանին տնտեսական հրաշք չի սպասում։ Ընդհակառակը, գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ կառավարությունը չի կարողանում հասնել դիվերսիֆիկացման, պետական բյուջեն 80 տոկոսով ձեւավորվում է նավթի, գազի եւ նավթամթերքների արտահանումից։ 
Էներգակիրների միջազգային շուկայում ցանկացած շոշափելի գնանկում հղի է Ադրբեջանում սոցիալ-տնտեսական ճգնաժամի եւ զանգվածային բողոքների սպառնալիքով։