comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԽՈՋԱԼԼՈՒ. ԼԵԳԵՆԴ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՋԱԼԼՈՒ. ԼԵԳԵՆԴ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 Ադրբեջանում արդեն հերթական տարին պաշտոնական մակարդակով ու բավական մեծ աղմուկով փետրվարի 26-ին նշում են Խոջալլուի, այսպես ասած, կոտորածի օրը: Եվ դա այն դեպքում, երբ 1990-ականներին ձգտում էին լռության մատնել շատ մանրամասներ, քանի որ դրանք, մեղմ ասած, այնքան էլ ձեռնտու չէին Բաքվի ղեկավարությանը: Մոտ երեք տասնամյակ անց, երբ սերունդ է փոխվել, երբ հանցագործության իրական պատկերը հաջողվել է աղավաղել, թեման օրակարգում է պահվում պարզապես շահարկումների, շանտաժի համար: Իսկ Արցախում 1992-ի փետրվարի 25-26-ի ռազմագործողությունը հիշում են որպես անհրաժեշտություն Ստեփանակերտը, ապա եւ Արցախը մահվան օղակից ազատելու ճանապարհին:

1990-ականների սկզբին Ստեփանակերտի հարեւանությամբ գտնվող Խոջալլուն հատուկ նշանակություն էր ստացել: 1988-92 թվականներին բնակչությունը եռակի ավելացվել էր. եւ արդեն 92-ի սկզբին այդ բնակավայրը դարձել էր Արցախի տարածքում ադրբեջանական խոշոր կրակակետերից մեկը՝ զիջելով միայն Շուշիին: ՙՀետագայում հաստատված փաստերն ի մի բերելով՝ կարող ենք ասել, որ առնվազն 1000 անդամ ուներ այստեղ հաստատված զինված խմբավորումը՚,- թվերն ու փաստերն է ի մի բերում Արցախի ԱԽ քարտուղար, 1992թ. փետրվարին, Ասկերանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Վիտալի Բալասանյանը: 1991-92թթ. Խոջալլուն կատարում էր իր դերը՝ հրետակոծելով Ստեփանակերտն ու հարեւան հայկական բնակավայրերը, խաթարելով Ստեփանակերտի կապը Ասկերանի եւ Մարտակերտի հետ: Խոջալլուն նաեւ Արցախի օդային ճանապարհն էր փակել՝ արգելափակելով օդանավակայանը: ՙՄենք պետք է օր առաջ վնասազերծեինք այդ կրակակետը՝ Ստեփանակերտը կրկնակի, եռակի պաշարումից ազատելու համար՚,- վերահաստատում է Վիտալի Բալասանյանը:
Ռազմագործողության կազմակերպիչները նաեւ խաղաղ բնակչության տարհանման անհրաժեշտությունն էին հաշվի առել: Ասկերանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն անվտանգ միջանցք էր ապահովել՝ Խոջալլուից մինչեւ Աղդամի մատույցները: Գեներալ Բալասանյանը հիշում է. ոչ միայն միջանցք են թողել, այլեւ բոլոր հնարավոր միջոցներով Խոջալլուի բնակչությանը տեղեկացրել այդ մասին: ՙԲոլոր միջոցներով տեղեկացրել ենք: Ե՜վ թռուցիկներ ենք տարածել, և՜ կապի միջոցներով ենք տեղեկացրել: 23-ին, 24-ին, անգամ ռազմագործողությունը սկսելիս՝ 25-ին՚,-արվածը վերահաստատում է նա:
Խոջալլուի բնակչության մեծ մասը հասցրել է հեռանալ: Մոլորված խմբերը, որոնք հանդիպել են հայկական ջոկատներին, հաջորդ օրերին են հանձնվել ադրբեջանական կողմին: Զանգվածային սպանությունները կատարվել են Աղդամի մատույցներում, Ադրբեջանի ժողճակատի կողմից վերահսկվող տարածքում: ՙԿոտորած, եթե այդպիսին եղել է, եղել է ոչ թե բուն Խոջալլուի տարածքում, ոչ թե անվտանգության միջանցքում, այլ արդեն Աղդամի մատույցներում, Խոջալլուից մի քանի կիլոմետր հեռավորության վրա եւ ադրբեջանական դիրքերի հարեւանությամբ՚,- ընդգծում է վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը: ՙԵթե այդ դիակները մեր տարածքում են եղել, ապա ինչպե՞ս են դրանք նկարել: Աբսուրդ է: Այսինքն` մենք ադրբեջանական լրատվամիջոցներին թո՞ւյլ ենք տվել գալ, նկարել, գնալ: Նկարահանումները գետնից են արված՚,- առողջ տրամաբանությանն է հղում անում Վիտալի Բալասանյանը:
Այդ օրերին Ադրբեջանում ոչ ոք Խոջալլուի դեպքերի համար հայերին չէր մեղադրում: Խնդիրը ներիշխանական պայքարն էր: ՙԱյդ ժամանակ Ադրբեջանում խնդիր էր դրված իշխանափոխություն կատարել: Դա արվեց Խոջալլուի դեպքերից օրեր անց: Գործող իշխանությանը մեղադրեցին անգործության, Խոջալլուն չպաշտպանելու մեջ: Անգամ խորհրդարանական հանձնաժողով է ստեղծվել՝ Խոջալլուի մեղավորներին գտնելու համար: Խոսքը, բնականաբար, Ադրբեջանի նախկին իշխանությունների մասին է՚:
Հայերին սկսեցին մեղադրել մի քանի տարի անց, երբ Ադրբեջանում իշխանության եկան Խոջալլուի հանցագործության կազմակերպիչները: ՙՔաղաքականությունը կտրուկ փոխվեց, երբ իշխանության եկավ Հեյդար Ալիեւը: 1994թ. հրամանագրով Խոջալլուի ցեղասպանության օր հռչակեց ՝ Խոջալլուի դեպքերով խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը կասեցնելով եւ քրեական գործը կարճելով՚,- հիշեցնում է Վահրամ Աթանեսյանը:
Խոջալլուն այսօր դարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի գլխավոր գործիքներից մեկը: Վահրամ Աթանեսյանն անկեղծանում է՝ հայկական կողմը թերագնահատեց Բաքվի կեղծարարության դերը եւ այսօր լուրջ խնդիր ունի: Ինքը Խոջալլուի թեմայով հրապարակումների անգամ գրքույկ ունի, բայց դա էլ շատ քիչ է համարում: Ցեղասպանության իրական դեպքերը մնացել են ստվերում: ՙ1992-ի հունվարի վերջերին Ադրբեջանի նախագահը բաց տեքստով հրահանգել է հրթիռակոծել, ոչնչացնել Ստեփանակերտի բնակֆոնդը, Ղազանչիի ողբերգության մասին այսօր միջազգային հանրությունը ոչինչ չգիտի, նույն թվականի գարնանը Մարաղայի հայության կոտորածն է իրականացվել: Սրանք փաստեր են, որոնք ցույց են տալիս, որ Բաքուն բոլոր դեպքերում, երբ դրա հնարավորությունն ու առիթն ունեցել է, արցախահայության հանդեպ ցեղասպանական ակտ է իրականացրել՚,- թվարկում է Վահրամ Աթանեսյանը:
Այս թեմայով համակարգված պայքարի անհրաժեշտությունն է մատնացույց անում վերլուծաբանը եւ հիշեցնում՝ դա նաեւ նախորդ տարիներին է ասել: