comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇԱՐԺՈՒՄԸ, ՀԻՐԱՎԻ, ՄԵԾ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՐԺՈՒՄԸ, ՀԻՐԱՎԻ, ՄԵԾ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ...

Գրի առավ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Արցախյան շարժման սկզբնական փուլում բանագնացների մի քանի խմբեր են մեկնել Մոսկվա՝ ժողովրդի ձայնը հասցնելու ԽՍՀՄ բարձրագույն մարմիններին։ Առաջին երկու խմբերի մեկնումն սկզբում գաղտնի էր պահվում։ Նրանց մասին ժողովուրդն իմացավ հետո…
Բանագնացների երկրորդ խմբում էր նաև Յուրի Գրիգորյանը, կամ` ինչպես ընկերներն են անվանում՝ գիշեցի ՅՈՒՐԱՆ… Քաջ ու հայրենասեր մի անձնավորություն, ով այսօր էլ հավաստիացնում է, որ նույն զինվորն է ու պատրաստ է հարկ եղած դեպքում զենք վերցնել՝ հանուն հայրենի հողի պաշտպանության…
Պատմում է Յուրի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։

-Մեր խմբում ընդգրկված էին 13 հոգի՝ Արկադի Կարապետյան, Սերժ Առուշանյան, Քրիստափոր Խաչատրյան (Ստեփանակերտ), Վազգեն Բալայան (Սոս), Արթուր Մկրտչյան (Հադրութ), Սլավիկ Առուշանյան (Ասկերան), Գուրգեն Շահրամանյան, Գևորգ Սաղյան (Մարտունի), Ջամիլ Մարտիրոսյան (Նորագյուղ), Արմո Առստամյան և ես՝ Գիշուց։ Հունվարի 13-ին մեր պատվիրակությունն առանձին խմբերով հասավ Երևան։ Յուրաքանչյուրն իր հաշվին արձակուրդ էր ձևակերպել՝ իբր անձնական գործով է գնում։ Մեր ընտանիքի անդամները նույնիսկ չգիտեին, թե ուր և ինչու ենք գնում։ Ամեն ինչ գաղտնի էր պահվում։ Երևանում հանդիպեցինք Զարեհ Մելիք-Շահնազարյանի տանը, որն այդ ժամանակ, ինչպես հասկացանք, գաղտնի հավաքատեղի էր հանդիսանում։ Այնտեղ էին նաև Իգոր Մուրադյանն ու Զորի Բալայանը։ Վերջինս ամեն տեղ ուղեկցում էր մեզ։ Եկավ նաև Սերո Խանզադյանը, զրուցեց մեզ հետ… Ոգեշնչված էր, մեզ էլ ոգևորեց, խորհուրդներ տվեց։
Հունվարի 5-ին տարբեր ուղերթներով մեկնեցինք Մոսկվա։ Մեզ այնտեղ դիմավորեցին և տեղավորեցին (Զորի Բալայանը նախապես հոգացել էր այդ մասին)։ Նախապես իմանալով, որ ԽՄԿԿ Կենտկոմում գոյություն ունի ազգամիջյան հարցերի գծով ենթաբաժին, որի ղեկավարն էր Վ. Միխայլովը, ուզում էինք հանդիպել նրա հետ, սակայն մեզ ասացին՝ Միխայլովը հիվանդ է, աշխատանքի չի գալիս։ Որոշեցինք հանդիպել Քաղբյուրոյի անդամներից որևէ մեկին։ Մեզ հայտնեցին, որ մեր պատվիրակությանը կընդունեն հունվարի 7-8-ին։ Իրոք, այդպես էլ եղավ։ Հունվարի 7-ին պատվիրակության անդամներս հավաքվել էինք ԽՄԿԿ Կենտկոմի ընդունարանի մոտ։ Ընդունարանի վարիչ Ա.Կրիգինը, լսելով մեզ, դիմեց Իգոր Մուրադյանին` ասելով. ՙՀասկացանք, սրանք ղարաբաղցիներ են և իրենց հարցով են եկել, իսկ Դուք ինչի՞ համար եք եկել Երևանից…՚: Մինչ Իգորը կպատասխաներ` Ջ.Մարտիրոսյանն անմիջապես ասաց. ՙԵրբ ռուսներին սպանում էին Կիրովաբադում և այլուր, դուք անտարբե՞ր էիք երևույթի հանդեպ՚: Կրիգինը ոչինչ չպատասխանեց:
Հունվարի 8-ին մեզ պետք է ընդուներ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Պ.Դեմիչևը: Ասացին` ձեզնից միայն մեկին: Ապա ճշտեցին` Վազգեն Բալայանին` որպես Գերագույն խորհրդի պատգամավորի: Բայց քանի որ Վազգենը ռուսերենին լավ չէր տիրապետում՝ միջամտեցինք, որ մեկն էլ գոնե հետը գնա: Թույլատրեցին Արթուր Մկրտչյանին: Դեմիչևն իր` Կենտկոմի իշխանությունների անհանգստությունը հայտնեց բարձրացված հարցի վերաբերյալ, բայց միաժամանակ նաև հուսադրեց` ասելով, թե պահանջի մեջ ազգայնամոլության նշույլ չկա, հարցն արդարացի է դրված: Ասաց, որ կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը մանրամասն կուսումնասիրի հիմնահարցը:
Հունվարի 11-ին մեզ հաջողվեց հանդիպել նաև Վ. Միխայլովի հետ: Նրա մոտ ևս դատարկաձեռն չմտանք. տարել էինք փաստաթղթերի կրկնօրինակները, բազմաթիվ նամակներ, դիմումներ՝ ժողովրդի անունից: Բոլորին ընդունել հնարավոր չէր, և որոշեցին ընդունել հինգ հոգու: Մեկն էլ մեր հայրենակից, գեներալ-մայոր Ռաֆիկ Հարությունովն էր` Մարտակերտի շրջանի Սարով գյուղից: Նա Ղարաբաղի հիմնախինդիրները ներկայացրեց ռազմական ասպեկտով, Սլավիկ Առուշանյանը` քաղաքական, Արթուր Մկրտչյանը` պատմական, իսկ Իգոր Մուրադյանը` տնտեսական: Քաղաքավարությամբ ընդունելով և ուշադիր լսելով, Վ. Միխայլովը խոստացավ հարցն ուսումնասիրել և ամեն ինչի մասին զեկուցել Կենտկոմին:
Հունվարի 12-ին մեր պատվիրակությունը վերադարձավ Երևան: Դարձյալ հավաքվեցինք Զարեհ Սամսոնովիչի տանը: Զորին մեզ գրքեր նվիրեց: Գաղտնի էլ պիտի վերադառնայինք Ստեփանակերտ` որոշելով ժողովրդի մեջ մի առ ժամանակ լուրեր չտարածել: Բայց պարզվեց, որ մեր գնալուց հետո Բաքվից զանգել էին կուսակցության ԼՂ մարզկոմ և հարցրել` ո՞ւր են ձեր կոմունիստները, ինչո՞ւ եք թույլ տվել…
Հետո… Հետո ամեն ինչ սկսեց զարգանալ արագ թափով. ցույցեր, հանրահավաքներ` ՙԱրդար պահանջ` ոչ մի նահանջ՚ և մի շարք այլ կարգախոսներով: Երեք տասնյակից ավելի տարի է անցել, և հետադարձ հայացք ձգելով այն օրերին` համոզված կարող եմ ասել, որ Շարժումն, իրոք, մեծ անհրաժեշտություն էր: Մենք աշխարհին ապացուցեցինք, որ այս հողի վրա ապրում է բռնությունը չհանդուրժող, մարտի դաշտում իր արժանապատվությունը բարձր պահող հայության հատվածներից մեկը: