comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՈՉ ԴՅՈՒՐԻՆ, ԲԱՅՑ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՃԱՆԱՊԱՐՀ
[ARM]     [RUS]     [ENG]

ՈՉ ԴՅՈՒՐԻՆ, ԲԱՅՑ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՃԱՆԱՊԱՐՀ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Փետրվարն ընդմիշտ զուգորդվեց հույսերի, պայքարի, հաղթանակի հետ: Փետրվարյան օրերը` իրենց բուռն, անսպասելի, հակասական իրադարձություններով, մտան քաղաքականության մեջ, թելադրեցին կանոնավոր բանակի ստեղծման մեծ անհրաժեշտության մասին: Փետրվարը հոգու այնպիսի շերտեր շարժեց՝ հաղորդելով ուժեղագույն լիցքեր յուրաքանչյուր հայի, ինչը խթանեց անցնելու դժվարին ճանապարհ առ հաղթանակ, առ պետականաշինություն: Փետրվարյան անսպասելի ու միևնույն ժամանակ շատ սպասված այդ լուրը Շարժման հզոր ալիքի մասին փոթորկեց նաև Մոսկվայում սովորող հայազգի զավակների հոգին: Նրանց մեջ էր նաև ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Գագիկ Բաղունցը, ով պաշտպանեց թեկնածուական թեզը, վերադարձավ հայրենիք և պատերազմական տարիներին մասնակցեց նախ ինքնապաշտպանական ջոկատներին, ապա ՊԲ ՀՕՊ զորքերիի կազմավորմանը` որպես ՀՕՊ գնդի շտաբի պետ:

1987-ի վերջերին Մոսկվայում ստեղծվել էր Ասպիրանտների և ուսանողների միություն` ի պաշտպանություն Ղարաբաղյան շարժման: Շարժմանը սատարող այդ խմբի հիմնական գործունեության խնդիրներից էր Ղարաբաղից եկած պատվիրակություններին սատարելը միտինգների ու ցույցերի տեսքով: Սկզբից շատ չէին, իսկ Շարժումը թափ առնելուն համընթաց, ընդլայնվեց նաև մասնակիցների թիվը՝ անցնելով 100-ից: Գ. Բաղունցը հիշում է այն հրճվանքը, որ ապրեցին, երբ միության կողմից կազմակերպված ցույցը նպաստեց Արցախից ժամանած մտավորականների պատվիրակության ընդունելությանը ԽՄԿԿ ԿԿ-ի բաժնի վարիչ Միխայլովի մոտ: Միությունը աջակցեց, որ մոսկվայաբնակ հայերի մեջ իրականացվի ստորագրահավաք, ինչը Իգոր Մուրադյանի հանձնարարությունն էր: Նա բերել էր մի նոթատետր, որտեղ նշված էին Մոսկվայի հայտնի մտավորականների անունները, հասցեները, հեռախոսահամարները: ՙԽնդիրն էր` կազմակերպել ստորագրահավաք` Գորբաչովին ուղղված ՙԲաց նամակի՚ տակ՚,- հիշում է Գագիկ Բաղունցը:
Մոսկվայից Շարժման ընթացքը շատ ավելի տագնապալի էր թվում: Պատվիրակները հետ էին դառնում, մասնակցում Ստեփանակերտում ու շրջկենտրոններում ընթացող միտինգներին, լիցք հավաքում ու վերադառնում ուսման: 1989թ. Բաղունցն ավարտեց ասպիրանտուրան, 90-ին պաշտպանեց թեկնածուական թեզը, ընդունվեց դոկտորանտուրա, ինչը 2-3 տարի հետո, գիտական ղեկավարի կանխատեսմամբ, պետք է ավարտվեր դոկտորական թեզի պաշտպանությամբ: Բայց իրավիճակը թեժանում էր, ու այլևս համբերելն անհնար էր: Եկավ Հայրենիքին ծառայելու ժամանակը:
Սկզբից դասախոսեց մանկավարժական ինստիտուտում, հետո մասնակցեց Ճարտարագիտական ինստիտուտի կազմավորմանը: Հատկացրին ամրացագիր, բայց երբ վտանգի տակ հայտնվեց փոքր հայրենիքը՝ Մարտակերտի շրջանը, թողեց դասախոսությունը և մեկնեց առաջնագիծ` Սլավիկ Ներսիսյանի ջոկատը, որտեղ ծառայում էր նաև հորեղբոր տղան` Իգոր Բաղունցը: Շատ նվիրված տղաներ էին, քաջաբար զոհվեցին 92-ին` Մեծ Շենի մոտակայքում տեղի ունեցած մարտերում՚,-ցավով հիշում է Գագիկը: Ինքը` Գագիկը, մինչև տղաների զոհվելը, վիրավորվեց Կարմիրավանի մարտերից մեկում և հոսպիտալացվեց:
1992 թվականին, երբ Ադրբեջանն սկսեց ռմբակոծել Ստեփանակերտը, խնդիր առաջացավ շատ կարճ ժամկետում կազմակերպել հակաօդային պաշտպանության ուժեր: Փնտրում էին տեխնիկական կրթությամբ մասնագետների: Առաջարկ ստացավ նաև Բաղունցը: Սկզբնական փուլում հավաքվեց մոտ 15-հոգանոց խումբ, որից 5-ն ուղարկվեց մասնագիտանալու Հայաստանում գտնվող ՀՕՊ մասնագետների մոտ: Ժամանակը սուղ էր, պետք էր արագ ծանոթանալ և տիրապետել սարքավորումներին, ուսումնասիրել ռազմական նրբությունները: Շատ արագ ընկալում ու սովորում են մասնագետների դասընթացները, արժանանում նրանց գովասանքին ու զարմանքին: Ի դեպ, ասենք, որ բոլոր այդ 5 տղաները փայլուն մասնագետներ էին իրենց ոլորտներում: Մեկը` Նիկոլայ Բաբայանը, ով ՀՕՊ գնդի հրամանատարն էր, իսկ հետո ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետը, Սաշա Գասպարյանը, որ հետագայում երկար տարիներ ղեկավարեց ՊԲ ՀՕՊ զորքերը, Արթուր Պողոսյանը, ով այժմ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալն է, Ռազմիկ Հայրապետյանը, ով հետագայում դիվիզիոնի հրամանատարն էր: Սկզբնական փուլում բերվեց 3 ՙԿրՈ –ԸԽ՚ մարտական մեքենա, որոնք տեղադրվեցին Խնածախի, Մալիբեյլուի և Կրկժանի տեղանքներում: ՙՄասնագետները 7 օր մնացին մեզ մոտ, որպեսզի սովորեցնեն տիրապետել պրակտիկ հմտություններին: Գիշեր-ցերեկ ուսումնասիրում էինք տեխնիկական գրականությունը, համադրում իրականի հետ: 6-րդ օրը խփեցինք թշնամու մի ինքնաթիռ: Մասնագետները զարմացած էին, որ այդքան արագ յուրացրել և տիրապետել ենք տեխնիկային: Իրենց իսկ խոստովանությամբ, այդ մակարդակն իրենք ձեռք են բերել ռազմական ուսումնարանում 2-3 տարվա ընթացքում: Հենց այդ հիմքն էր, որ թույլ տվեց մեզ հետագայում ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացնել թշնամու տասնյակ ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ՚,-պատմում է Գագիկը, հավելելով, որ այդ պատկերը նկատելի էր մեր նորաստեղծ բանակի բոլոր ոլորտներում: Բաղունցը դա բացատրում է Խորհրդային Միության ժամանակ կրթության բարձր մակարդակով, հատկապես ֆիզիկայի, մաթեմատիկայի արժևորմամբ, որը, ցավոք, այսօր ետ է մղված, բնականաբար, այսօրվա երիտասարդ սերնդի գիտելիքներն էլ խիստ զիջում են 80-90-ականների մակարդակին: ՙԴա բացասական է անդրադառնում պետականաշինության բոլոր ոլորտներին, այդ թվում նաև բանակին՚,- շեշտում է Գ. Բաղունցը:
Ադրբեջանը հետևողականորեն օգտագործում էր ավելի ու ավելի ժամանակակից սպառազինություն: Մարտական ինքնաթիռներն ավելի մեծ բաձրությունից էին ռմբակոծում ԼՂՀ բնակավայրերը: ՙՊետք էր ընդունել քաղաքական որոշում` ՀՕՊ-ը հասցնել տեխնիկապես ավելի բարձր մակարդակի, ինչը, բնականաբար, լուրջ ֆինանսավորում էր պահանջում: Որոշումն ընդունվեց, ինչը հնարավորություն ընձեռեց կառուցել հուսալի և ամուր պաշտպանություն մեր երկրի օդային սահմաններին՚,-ընդգծում է Բաղունցը՝ հիշելով նաև, որ բոլոր խնդիրները դրանով չլուծվեցին, ինչը կապված էր Արցախի ռելիեֆի հետ: Լուրջ խնդիրներ կային թշնամու ցածր թռչող ինքնաթիռների հետ պայքարելու հարցում: Պայքարի ձևը հուշեց ԼՂՀ ՊԲ գլխավոր շտաբի պետ, գեներալ Զինևիչը. նա ասաց, որ կա սովետական բանակի արդյունավետ փորձ: Այդ գործն իր վրա վերցրեց ՀՕՊ-ի շտաբը, ինչի արդյունքում զգալիորեն բարձրացավ ՀՕՊ մարտական գործողությունների արդյունավետությունը:
Այսօր ՀՕՊ-ն արդիականացվել է ժամանակակից սպառազինությամբ: ՀՕՊ-ում ծառայում են պրոֆեսիոնալ սպաներ, որոնք հաճախ են գործուղվում համապատասխան զորամասեր՝ կատարելագործման համար:
Գագիկ Բաղունցն այսօր էլ շարունակում է գործունեությունը դասավանդման ասպարեզում՝ նա իր հարուստ գիտելիքները տալիս է երիտասարդներին, կազմակերպում սեմինարներ, կոնֆերանսներ` հրավիրելով աշխարհի տարբեր երկրների գիտնականների: Նման մի կոնֆերանս կազմակերպվել էր անցյալ տարի, որը նվիրված էր քվանտային ֆիզիկայի հիմնախնդիրներին: Եկել էին հայտնի ֆիզիկոսներ, գիտական հանրությանը, ուսանողներին ծանոթացրել այդ չափազանց կարևոր ոլորտի զարգացումների հետ, ինչը մեծ արձագանք է գտել աշխարհում և միաժամանակ փոթորկել Ադրբեջանը:
Վերջին ամիսներին լուրջ և ծավալուն աշխատանքներ է կաատարվում Տիեզերական ճառագայթների հետազոտման ծրագրի շրջանակներում: Այսօր մոտ 60 երկրներում տեղադրված են համապատասխան կայաններ, որոնցից 2-ն էլ պետք է տեղադրվեին Հայաստանում: Դրանցից մեկը, Գ. Բաղունցի միջամտությամբ, տեղադրվեց մեզ մոտ, ինչի շնորհիվ նոր գիտական ուղղություն է բացվել Արցախում: Բայց նա գտնում է, որ կրթության և գիտության նկատմամբ անհրաժեշտ է շատ ավելի լուրջ վերաբերմունք դրսևորել: Դա պետք է դառնա համազգային խնդիր, որպեսզի ամենուրեք դաստիարակենք բարձր մակարդակի մասնագետներ, ինչը կօգնի նոր սերնդին ավելի մեծ թափով զարգացնել մեր երկիրը: