comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՅԱՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՅԱՆՈՒՄ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն առաջիկայում քննության կառնի Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի գործը։ Վերջինս կալանքի տակ է 2005 թվականից եւ պետական գույքի ապօրինի սեփականաշնորհման մեղադրանքով դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման։ 

Ինսանովի ազատազրկման ժամկետը լրանալուն ընդառաջ նրա դեմ նոր քրեական գործ է հարուցվել, առաջադրվել է բանտախցում արգելված հոգեմետ դեղամիջոցներ պահելու մեղադրանք, որով առողջապահության նախկին նախարարը դատապարտվել է լրացուցիչ 7 տարվա ազատազրկման։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան ճանաչել են քաղբանտարկյալ։ Ինսանովի գործով կա ՄԻԵԴ վճիռը, որը, սակայն, Ադրբեջանի Գերագույն դատարանն ի կատար չի ածել։ Ի՞նչ որոշում կընդունի ԵԽ նախարարների կոմիտեն, ի՞նչ ընթացք կունենա Ինսանովի գործը՝ պարզ կլինի, հավանաբար, մարտի կեսերին։
Տեղեկություններ կան, որ իշխանությունները ձգտում են նրանից Իլհամ Ալիեւի անունով ներման խնդրագիր կորզել, բայց Ինսանովը հրաժարվում է՝ պնդելով, որ իրեն պետք է արդարացման դատավճիռ։ Այս ֆոնին Բաքու է ժամանել Եվրամիության պատվիրակությունը՝ փորձելով վերսկսել Համագործակցության պայմանագրի շուրջ բանակցությունները, որոնք ընդհատված են ավելի քան մեկ տարի։ Ինչպես հասկացվում է ադրբեջանական մամուլի որոշ հրապարակումներից, Ադրբեջան-Եվրամիություն հարաբերություններում փորձաքարը քաղաքական է։ Բաքուն փորձում է հասնել նրան, որ Համաձայնագրի նախաբանում ամրագրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգող ձեւակերպում, ինչպես նաեւ շրջանցվի երկրում մարդու իրավունքների եւ ազատությունների հարցերով պարտավորությունների մասը։ Եվրամիության բանագնացներն, ընդհակառակը, պնդում են, որ չի կարող լինել տնտեսական արդյունավետ եւ հեռանկարային համագործակցություն՝ առանց քաղաքական եւ քաղաքակրթական բաղադրիչների։
Ադրբեջան-Եվրամիություն բանակցությունները վերսկսելու վերջին նախաձեռնության մասին տեղեկատվությունը սուղ է։ Հայտնի է միայն, որ Եվրամիությունը ներկայացված է եղել երկու պատվիրակություններով, որոնք առանձին-առանձին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ։ Երեւում է, կողմերն ընդհանուր հայտարարի կամ նույնիսկ տեսակետների որոշակի մերձեցման չեն եկել։ Պաշտոնական տեղեկատվության մեջ խոսք չկա հետագա քննարկումների ճանապարհային քարտեզի մասին։ Իսկ դա նշանակում է, որ բանակցություններն առկախված են, կողմերը շարունակում են մնալ իրենց տեսակետին։ Ադրբեջանը շեշտը փորձում է դնել Եվրամիության առանձին երկրների հետ առեւտրատնտեսական կապերի կառուցման վրա։ Իլհամ Ալիեւը բազմիցս հայտարարել է, որ Եվրամիության հետ հարաբերություններում չպետք է առաջադրվեն քաղաքական եւ հումանիտար բնույթի նախապայմաններ։ Բաքուն մեծ զգուշավորությամբ է մոտենում այդ հարցերին՝ ամեն ինչում տեսնելով գործող իշխանության դեմ ՙդավադրության նախանշաններ՚։
Բացվել Եվրամիության առջեւ՝ նշանակում է գնալ քաղաքական համակարգի բարեփոխման, վերացնել ընդդիմության նկատմամբ ճնշումները, կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին տալ ազատ գործունեության իրավունքներ։ Ալիեւը չի կարող գնալ համակարգի բարեփոխման։ Ադրբեջանում իրավիճակը չափազանց պայթյունավտանգ է։ Հունվարի 19-ի ընդդիմության հանրահավաքին մասնակցել է 10 000-ից ավելի մարդ։ Վերջին տասնամյակում դա աննախադեպ երեւույթ է, որից իշխանությունները համապատասխան եզրակացություն են արել։
Բաքվի քաղաքային իշխանությունը մերժել է փետրվարի 23-ին հանրահավաք անցկացնելու ընդդիմության հայտը։ Պատճառաբանվել է, թե չկա վստահություն, որ կազմակերպիչները կարող են վերահսկել իրավիճակը եւ թույլ չտալ հասարակական կարգի խախտումներ։ Հասկացվում է, որ իշխանությունները տեղեկություն ունեն, որ հանրահավաքին կարող է մասնակցել արդեն մի քանի տասնյակ հազար մարդ, եւ բողոքի ալիքը կվերաճի ռեժիմի դեմ կոնկրետ գործողությունների։ Այս իրավիճակում, ինչ խոսք, Ադրբեջան-Եվրամիություն լիարժեք երկխոսություն չի կարող լինել։
Մեծ է հավանականությունը, որ Բաքուն կարող է դուրս գալ Բրյուսելի հետ բանակցությունների ռեժիմից՝ նախապատվությունը տալով ԵՄ առանձին երկրներում էներգետիկ ծրագրեր իրականացնելու հեռանկարին։ Ալիեւն, ըստ երեւույթին, հաշվարկել է, որ Եվրամիությունն իր էներգետիկ անվտանգությունը դիվերսիֆիկացնելու հնարավորության դիմաց կմեղմի Ադրբեջանից քաղաքական բարեփոխումների պահանջը։ Կարդարանա՞ այդ հույսը՝ ցույց կտա ժամանակը։