comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԳԱՂՏՆԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԳԱՂՏՆԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ 

ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚
թերթի հրատարակիչ և խմբագիր

 Թուրք լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը Ստոկհոլմի ազատության կենտրոնի հետաքննական կայքէջում բացահայտել է, որ ՙԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում գաղտնի աղբյուրներից ստացված հարյուրավոր հեռախոսային գաղտնալսումների ձայնագրությունները ցույց են տալիս, թե ինչպես է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամական կառավարությունը թույլ տվել և նույնիսկ հեշտացրել օտարերկրյա և թուրք զինյալների տեղաշարժը Թուրքիայի սահմանից դեպի Սիրիա՝ Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ, հայտնի է նաև որպես ԻՍԻՊ (ISIS) կամ Դաեշ) ջիհադիստների հետ կողք կողքի կռվելու համար՚։

Բոզքուրտի բացահայտած այս գաղտնի փաստաթղթերը ՙցույց են տալիս, որ ISIS-ի և թուրքական անվտանգության ծառայության աշխատակիցների միջև գոյություն ունեցող թաքուն համաձայնությունը թույլ է տվել մաքսանենգներին ազատորեն գործել թուրք-սիրիական 822-կիլոմետրանոց անապահով սահմանի երկու կողմերում՝ առանց Էրդողանի կառավարության կողմից հետևանքների։ Համաձայնագիրը նաև թույլ է տվել ISIS-ին մատակարարման գծեր անցկացնել սահմանի երկայնքով և վիրավոր զինյալներին բուժման նպատակով հետ տեղափոխել Թուրքիա՚։
ISIS-ի այս չարամիտ մաքսանենգ գործողության ղեկին Իլհամի Բալին է, ծնունդով սաուդցի 36-ամյա մի թուրք` Աբու Բաքր ծածկանունով։ Նա նպաստել և կազմակերպել է ՙմեծ թվով օտարերկրյա և տեղացի զինյալների շարժը թուրք-սիրիական սահմանի երկայնքով… Բալին նաև ISIS-ի համար ապրանքներ է տեղափոխել սահմանից, սկսած կոշիկից ու հագուստից, մինչև ձեռնաշղթաներ, անօդաչու թռչող սարքերի մասեր, հեռադիտակներ, վրաններ, լուսարձակներ և նույնիսկ նավակ։ Բացի այդ, գաղտնալսումները ցույց են տալիս, որ թուրքական կառավարությունը գիտեր 33 թուրք քաղաքացիների անունները և նրանց գտնվելու վայրերը, որոնք խոստացել էին աշխատել որպես վարորդներ ISIS-ի մաքսանենգության ցանցում՚, տեղեկացրել է Բոզքուրտը։
Թուրք դատախազների պաշտոնական մեղադրանքների համաձայն՝ ՙԲալին մեղադրվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2015թ. երեք մահաբեր ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ, որոնք խլեցին 142 մարդու կյանք։ Մեկ տարի անց, քրեական դատարանը Բալիին ձերբակալելու ևս մեկ հրահանգ է տվել. նա կասկածվում էր ինքնասպան ահաբեկչության մեջ ունեցած դերակատարության համար, որը տեղի էր ունեցել 2015թ. հոկտեմբերի 10-ին Անկարայում և ամենամահաբերն էր Թուրքիայի պատմության մեջ։ Պայթյունի հետևանքով զոհվեց 105 խաղաղ բնակիչ, ներառյալ երկու ինքնասպան ահաբեկիչները, քանի որ ISIS-ի զինյալների հարվածն ուղղված էր հասարակական կազմակերպություններին և ձախակողմյան ու քրդամետ կուսակցությունների կողմնակիցներին, որոնք խաղաղ ցույց էին իրականացնում քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ՝ 2015թ. նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ՚, պարզաբանել է Բոզքուրտը։ Թեև թուրքական իշխանությունները գիտեին Բալիի ճշգրիտ տեղը, և թուրքական դատարանները նրան ձերբակալելու մի քանի հրահանգ էին տվել, Էրդողանի կառավարությունը թույլ տվեց նրան ազատորեն տեղաշարժվել Թուրքիայի և Սիրիայի միջև։
Հեռախոսային գաղտնալսումները նաև ցույց տվեցին, որ ISIS-ը թեժ գիծ է ունեցել Սիրիայի և Թուրքիայի ահաբեկիչների միջև:
Գաղտնի ձայնագրությամբ նաև լսել են, թե ինչպես է Բալին ISIS-ին զեկուցում ջիհադիստների թվաքանակի մասին, որոնց նա օգնել է մաքսանենգ ճանապարհով անցնել Սիրիա։ ՙԸստ հեռախոսազրույցների գաղտնալսումների՝ միջին հաշվով մեկ օրում մեկ անցակետից ISIS-ը մաքսանենգությամբ թուրք-սիրիական սահմանով անցկացրել է 50-ից մինչև 100 զինյալ, որն ամենահամեստ հաշվարկներով կազմում է տարեկան ավելի քան 15 հազար մաքսանենգ՚, գրել է Բոզքուրտը։
Ջիհադիստներին Բալիի տրամադրած մեկ այլ կարևոր ծառայությունը նրանց բուժումն էր Անկարայի Դանիշմանլիք (M.I.S. Danismanlik) հիվանդանոցում։ Բալիի և Դանիշմանլիքի սեփականատեր Սավաս Դողրուի հեռախոսային խոսակցության գաղտնալսումից պարզվել է, որ ISIS-ի 16 զինյալների բուժման համար վճարվել է 62 հազար դոլար։ Մեկ այլ խոսակցության ընթացքում Դողրուն բողոքել է Սիրիայից մաքսանենգ ճանապարհով տեղափոխված ISIS-ի ահաբեկիչների վիրահատությունների համար չվճարված 150 հազար դոլարի հաշիվների մասին։
Գաղտնալսումներով մեղադրվում է նաև MIT-ը (Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությունը)՝ ջիհադիստներին օգնելու համար՝ խուսափելու տեղական ոստիկանությունից։ MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանը նախագահ Էրդողանի մտերիմ վստահելի անձն է։ 2014-ին MIT-ի պաշտոնյաներին բռնել էին սահմանին զենքով բարձված մաքսանենգ բեռնատարներով, որոնք նախատեսված էին Սիրիայի ջիհադիստների համար։ Թուրքիայի կառավարությունը շատ արագ ազատ արձակեց MIT-ի աշխատակիցներին և դավաճանության մեջ մեղադրեց մաքսանենգ զենքերը բացահայտած լրագրողին։
Այնուհետև Բոզքուրտը հայտարարել է, որ լուրջ հարցեր կան ՙISIS-ի, Ալ Քաիդայի և այլ զինված ջիհադիստական խմբերի դատական գործերի վերաբերյալ, որոնք հետաքննվում, հետապնդվում և դատվում են Թուրքիայում։ ISIS-ի գործով զարմանալիորեն քիչ թվով մեղադրականները ցույց են տալիս, թե ինչպես թուրքական կառավարությունը չի ցանկանում հաջողությամբ վարել ISIS-ի դատական գործերը՚։
Բոզքուրտը ճիշտ է նշել, որ Էրդողանի կառավարությունն օգտագործում է ամենախիստ միջոցներ անմեղ լրագրողներին, իրավապաշտպաններին, դասախոսներին, քաղաքական ընդդիմադիրներին ձերբակալելու համար, սակայն շատ մեղմ է վարվում իրական ահաբեկիչների հետ. ՙԱյն փաստը, որ շատ դեպքերում ISIS-ի և Ալ Քաիդայի ձերբակալված անդամներին բաց են թողնում մի պարզ ապտակով, կարելի է բացատրել միայն քաղաքական քողարկմամբ և կառավարության կողմից տրամադրված պաշտպանությամբ՚։
Կարծում եմ, որ եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները պետք է խիստ միջոցներ ձեռնարկեն՝ Էրդողանի կողմից Սիրիայում ահաբեկիչներին աջակցությունը սահմանափակելու համար: Տարօրինակ է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, աջակցում և զինում է ահաբեկիչներին, որոնք սպանություններ են իրականացնում ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրներում։ Նախագահ Թրամփի հայտարարությունը՝ Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերումն այն պատճառաբանությամբ, որ թուրքական զինված ուժերը կշարունակեն ISIS-ի դեմ պայքարը, վտանգավոր որոշում է, որը Թուրքիային թույլ կտա Սիրիայում և այլուր ահաբեկիչներին ուժեղացնելու համար…