comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՐՑԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՑԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Ազգային ժողովի փետրվարի 27-ի լիագումար նիստի օրակարգով նախատեսվել էր նաև կառավարության հետ հարցուպատասխանի ընթացակարգ։ Ժամը 13.00-ին նիստերի դահլիճում էին կառավարության անդամները, որոշ նախարարություններ ներկայացված էին տեղակալի մակարդակով։ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաներին տեղեկացրեց, որ հարցուպատասխանին հանրապետության նախագահը չի մասնակցի, քանի որ գտնվում է սահմանամերձ շրջաններում։

Պատգամավոր Հայկ Խանումյանը վկայակոչեց մի խումբ մարզիչների կողմից ԱՀ նախագահին հղված դիմումը։ Դրանում դժգոհություն կար առ այն, որ տարվա ընթացքում մարզիկները չեն կարողանում պետական միջոցներով մասնակցել աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և ուսումնամարզական հավաքներին։ Նաև նշված էր, որ նախատեսված միջոցները միշտ չէ, որ ճիշտ են բաշխվում, որ մարզիչներն աշխատանքի են տեղավորվում ծանոթ-բարեկամ կապերի շնորհիվ միայն, իսկ որոշ մարզաձևեր փորձում են հեռացնել պետական աջակցությունից։ Դժվա՞ր է կազմակերպել մարզիչների հանդիպումը ոլորտի պատասխանատուների հետ՝ մտահոգիչ հարցերին լուծում տալու համար, հարցրեց պատգամավորը։
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը հաստատեց հանրապետության նախագահին և իր ղեկավարած գերատեսչությանը դիմում հղելու փաստը։ Նախարարը խոստացավ սահմանված ժամկետում տրամադրել բոլոր տեղեկությունները։ Նրա խոսքով՝ բողոքներն անհիմն են, ուղղակի եղել են ուշացումներ՝ պետական ֆինանսավորման հետ կապված։ Հարցն արդեն կարգավորվել է. ՀՀ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցող բոլոր մարզիկները մեկնումից առաջ կստանան համապատասխան ֆինանսական աջակցություն։ Աղաբալյանն այնուհետև տեղեկացրեց, որ վերջին տարիներին պետական քաղաքականության արդյունքում զգալիորեն աշխուժացել է մարզական կյանքը։ Արցախում պետական աջակցություն են ստանում ոչ օլիմպիական որոշ մարզաձևեր այն դեպքում, երբ Հայաստանում նման աջակցություն չկա։ Նախատեսվել է հաջորդ շաբաթվա սկզբին հանդիպում անցկացնել մարզիկների և մարզիչների հետ, որի ընթացքում կներկայացվեն ոլորտում պետության կողմից տարվող քաղաքականության ուղղությունները։ Գործում է ԱՀ պետական բյուջեից մարզական հասարակական կազմակերպություններին ֆինանսական աջակցության գումարաչափի ձևավորման կարգ, որում փոփոխություններ կկատարվեն՝ ըստ անհրաժեշտության։
Պատգամավոր Ռոմելա Դադայանի առաջին հարցը 2008-14 թվականներին բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման մասին էր։ Վերջերս կառավարությունը հաստատեց ֆինանսական աջակցության տրամադրման նոր կարգ։ Պատգամավորը ցավով նշեց, որ այդ կարգում սահմանված կետերը ոչ բոլոր շահառուներին են հասու։ Խոսքը վերաբերում է ԱՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև քաղաքական իրադարձությունների հետևանքով փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացիներին։ Սեփական տանիք չունեցող այդ մարդիկ պետական հոգածության կարիք ունեն։ Պատգամավորի հարցը նաև առաջարկություն էր. ԱՀ սահմանների պաշտպանության ժամանակ նշված կարգի հաշմանդամների և փախստականների համար հնարավո՞ր է, արդյոք, տարիքային արտոնություն սահմանել՝ պահպանելով կենսաթոշակային սահմանը։
Երկրորդ հարցը. հնարավո՞ր է նաև ընտանիքում յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով վարկի տարեկան տոկոսադրույքի 5%-ով սուբսիդավորման չափի մեջ փոփոխություն կատարել՝ մեկ և երկու երեխայի դեպքում թողնելով 5, իսկ երեք երեխայի դեպքում՝ 7%։ Դադայանի կարծիքով՝ այդպես կարելի է որոշ չափով նպաստել ծնելիության խթանմանը։
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատասխանելով հարցին, ասաց, որ նոր կարգի համաձայն՝ հիշյալ խմբերի քաղաքացիներն ընդգրկված են արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրում։ Որպես առավելագույն ժամկետ՝ նախանշվել է
նրանց կենսաթոշակային տարիքը։ Պահպանվում են նաև տոկոսագումարի վճարման արտոնությունները. 2-րդ և 3-րդ խմբերի զինվորական հաշմանդամների և փախստականների համար սահմանված է ամբողջ տոկոսավճարի չափի սուբսիդավորում։ Ըստ էության, դա անտոկոս վարկի տրամադրում է։ Բացի այդ, պետությունը սահմանված չափով կատարում է նաև կանխավճարի վճարում այն դեպքում, եթե տվյալ շահառուն նույնպես որոշ չափով մասնակցում է վճարմանը։ Այսպես, եթե շահառուն վճարում է ձեռք բերվող բնակելի տարածության ընդհանուր գումարի 10%-ը, պետությունը վճարում է ևս 20%։
Երկրորդ հարցի մասով պետնախարարը նշեց, որ նախկինում ընտանիքում երեխաների ծննդյան կապակցությամբ վարկի սուբսիդավորման չափի ավելացում չի եղել։ Սա նոր մոտեցում է։ Չորրորդ երեխան ծնվելու դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը սուբսիդավորվում է ամբողջությամբ։ Նախարարի կարծիքով՝ որոշ ժամանակ անց հնարավոր կլինի չափերը վերանայել։
Պատգամավոր Վիլեն Սաֆարյանի առաջին հարցը վերաբերում էր հողերի պարտադիր գնահատմանը, որի անհրաժեշտությունն ամրագրված է Հողային օրենսգրքի 35-րդ հոդվածով։ Նրա բնորոշմամբ՝ ներկա դրությամբ հանրապետությունում գործում են հողերի կադաստրային գնահատման այն ցուցանիշները, որոնք որոշվել են 1998թ. ոչ պատշաճ մակարդակով կատարված աշխատանքների հիման վրա։ Դա մշտական բողոքների տեղիք է տվել։ 2007-2008թթ. ՀՀ-ում կատարվել են գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հաշվառման և կադաստրային գնահատման աշխատանքներ։ Առանձնացվել է հողագնահատման 5 խումբ։ 2009-ի մայիսին ԼՂՀ կառավարության որոշմամբ այդ տվյալները մեզ մոտ հաստատվել են, սակայն որոշման կատարումը երեք անգամ հետաձգվել է։ Եթե հիմք ընդունվեն հողագնահատման նոր տվյալները, բնականաբար, հավասար պայմաններ կստեղծվեն բոլոր հողօգտագործողների համար։ Ի՞նչ տեսակետ ունի գործադիրը։
Պետնախարար Մարտիրոսյանն իր կողմից ընդգծեց հարցի կարևորությունը։ Որոշման կատարման ժամկետները, այո, երկարացվել են, պատճառը հիմնականում սոցիալական բնույթ ունի։ Սահմանված նոր կադաստրային արժեքները, որոնք պետք է հիմք հանդիսանան հողի հարկի բազայի համար, կբերեն հողի հարկի և դրա վարձավճարների էական ավելացման, հետևապես, հարցը բազմակողմանի ուսումնասիրման կարիք ունի։ Պետնախարարը խոստացավ անդրադառնալ դրան, ինչու չէ` նաև համատեղ քննարկումներ կազմակերպել։
Պատգամավոր Էրիկ Հարությունյանը Քաշաթաղի շրջանի բնակչությանը մտահոգող առաջնահերթ խնդիրները մատնանշեց՝ վերաբնակեցում, ճանապարհների բարեկարգում, խմելու ջրի մատակարման ապահովում։ Իշխանաձորի համայնքում պետական միջոցներով և ՙՔաշաթաղ՚ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ 2018թ. կառուցվել և շահագործման է հանձնվել 52 առանձնատուն։ Դրանք հատկացվել են համայնքի բնակիչներին։ Քանի որ Իշխանաձորում բնակություն հաստատելու ցանկություն ունեցողների թիվը բավական մեծ է, պատգամավորին հետաքրքրում էր, թե արդյո՞ք գործադիրն ունի բնակարանաշինության նոր ծրագիր։ Երկրորդ հարցը վերաբերում էր խմելու ջրին, որը Քաշաթաղի որոշ համայնքների համար դարձել է անհետաձգելի լուծում պահանջող խնդիր։ Առկա է նաև գյուղերը շրջկենտրոններին կապող տրանսպորտի հարցը։
Քաղաքաշինության նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանը տեղեկացրեց, որ Իշխանաձորի վերաբնակեցմանն առնչվող ծրագիր ներկա դրությամբ չկա։ Նման հարց չի քննարկվել։ Կա խմելու ջրի պահանջը բավարարելու հանձնարարական։ Փոխնախարարի հավաստմամբ՝ ջրի և տրանսպորտի հարցերի վերաբերյալ առաջիկայում կտրվեն մանրամասն տեղեկություններ:

(Շարունակությունը՝ հաջորդիվ):