comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ

Հարցազրույց ԱՀ ԿԸՀ նախագահ Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ

-Տիկին Արզումանյան, oրերս Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղակիորեն սահմանում են ԱՀ Սահմանադրությամբ նախատեսված քաղաքացիական նախաձեռնության կարգով օրինագծեր շրջանառության մեջ դնելու ընթացակարգեր։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ որոշումները և որքանո՞վ էր ակտուալ դրանց ընդունումը այս ժամանակահատվածում։
-Սկսեմ հարցի երկրորդ մասից։ 2019թ. փետրվարի 18-ին ԿԸՀ-ն ընդունել է գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր, ինչը պայմանավորված էր ԱՀ Սահմանադրության 122-րդ և 162-րդ հոդվածների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Այս հոդվածներից բխող իրավակարգավորումները իդեալական տարբերակում պետք է կանոնակարգվեին նախ ՙՀանրաքվեի մասին՚ ԱՀ օրենքով, և ապա ` ԱՀ ԿԸՀ որոշումներով։ ՙՀանրաքվեի մասին՚ ԱՀ օրենքը` նոր խմբագրությամբ, արդեն իսկ նախագծված է և դրված շրջանառության մեջ։ Սակայն, հաշվի առնելով, որ բավական ժամանակ է պետք, որպեսզի օրինագիծն ընդունվի, ինչպես նաև այն իրողությունը, որ արդեն հրապարակային հայտարարություն կար շրջանառության մեջ` քաղաքացիական նախաձեռնության կարգով օրինագիծ շրջանառելու մտադրության մասին, ուստի այս ամենը գոնե ժամանակավոր իրավակարգավորումների անհրաժեշտություն ուներ` ԿԸՀ որոշումների տեսքով։ Հակառակ դեպքում, գործ կունենանք քաղաքացիների իրավունքների պատշաճ ապահովման պայմանների բացակայության հետ։ ԿԸՀ հիշյալ որոշումները պետական գրանցում են ստացել 20.02.2019թ. և ուժի մեջ կլինեն ս.թ. մարտի 2-ին։
Ինչ վերաբերվում է դրանց բովանդակությանը, որոնք, ի դեպ, մշակվել են ՀՀ օրենսդրական դաշտին համահունչ, ապա այն համառոտ կարելի է այսպես ներկայացնել։
Օրինագիծ առաջարկելու կամ հանրաքվեի դնելու համար կազմավորվում է առնվազն 10 քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբ, որն, ի թիվս կարգով սահմանված մի քանի փաստաթղթերի, ԿԸՀ է ներկայացնում նաև համապատասխան օրինագիծը՝ ԿԸՀ կայքում հրապարակելու և հանրությանը իրազեկելու նպատակով, որին հաջորդում է ստորագրահավաքի իրականացումը։
Ստորագրությունների հավաքումն իրականացվում է ստորագրությունների հավաքման հատուկ ձևաթերթիկի միջոցով՝ տեղում ստորագրելու եղանակով։ Ի դեպ, ստորագրել կարող են միայն ստորագրելու պահին հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները։ Ստորագրությունների հավաքումն իրականացվում է համայնքապետարաններում և շրջվարչակազմերում (Ստեփանակերտի քաղաքապետարանում)։ Եվ ոչ միայն. դրան կարելի է միանալ նաև այդ մասին նոտարական կարգով տրված հայտարարությամբ, որի ձևը սահմանված է ԿԸՀ որոշմամբ։
-Ո՞րն է ստորագրահավաքի գործընթացում համայնքապետարանների և շրջվարչակազմերի դերը։
-Նախևառաջ, դա նպատակ ունի քաղաքացիների սպասարկման համար տեխնիկական պայմաններ ապահովելու։ Քանի որ այս գործընթացին մեր քաղաքացիներն են ընդգրկվում, տեղական իշխանությունները պարտավորվում են որոշակի պայմաններ ստեղծել նրանց քաղաքացիական իրավունքների իրացման համար։ Այն դիտարկումները, որ դրանք նպատակ ունեն հսկողության տակ առնել, այսպես ասած, ՙգործընթացն ուզած հունով տանելու համար՚, էժանագին շահարկումների դաշտից են և իրականության հետ որևէ աղերս չունեն։ Ընդամենը տեղական իշխանության ներկայացուցիչների` հանրային ծառայողների մասնակցությամբ է այս գործընթացն ապահովվում, մարդիկ, ովքեր, ի դեպ, ևս այս երկրի քաղաքացիներ են և բարեխիղճ ծառայողներ, հետևաբար, նրանց գործունեության օրինականությունն ի սկզբանե, առանց հիմնավորման, կասկածի տակ առնելն առնվազն անբարոյականություն է ։
ԿԸՀ կարգով սահմանվում է, որ ստորագրությունների հավաքմանը ստորագրողը կարող է մասնակցել՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։ Տեղում ստորագրելու դեպքում ստորագրությունների հավաքումն իրականացնող անձը՝ ստորագրությունների հավաքման վայրում նշանակված համապատասխան հանրային ծառայողի մասնակցությամբ, ստուգում է ստորագրողի ինքնությունը, այնուհետև, ձևաթերթիկում համապատասխան լրացումներ կատարելուց հետո, հնարավորություն է ընձեռում ստորագրողին ձևաթերթիկում ստորագրելու իր տվյալների դիմաց համապատասխան սյունակում։ Ձևաթերթիկն ամբողջական լրացվելուց հետո ստորագրվում է նախաձեռնող խմբի՝ ստորագրությունների հավաքումն իրականացնող ներկայացուցչի և ստորագրությունների հավաքման վայրում նշանակված համապատասխան հանրային ծառայողի կողմից։
-Նշեցիք ժամկետների մասին։ Արդյո՞ք դրանք իրատեսական են, օրինակ` 45-օրյա ժամկետը ստորագրահավաք իրականացնելու համար։
-45 օր տրամադրվում է ստորագրահավաք իրականացնելու, ևս 15 օր ` դրանք ամփոփելու և ԿԸՀ ներկայացնելու համար։ ԿԸՀ ներկայացված նյութերը ստուգվում են 1 ամսվա ընթացքում։
Իրատեսականությունն ակնառու է, եթե հաշվի առնենք հետևյալ իրողությունները։ Ամենամեծ համայնքի` Ստեփանակերտի օրինակով ասենք. Ստեփանակերտում ընտրողների թիվը 01.01.2019թ. դրությամբ 38 647 է։ Տվյալ դեպքում նախագիծ ընթացքավորելու համար պետք է կլինի առնվազն 3 865 ընտրողի ստորագրություն, ինչը նշանակում է, որ օրական կարող է սպասարկվել 86-90 քաղաքացի, ինչը լիովին կարելի է ապահովել առնվազն մեկ կետում սպասարկում իրականացնելիս։ Իսկ սպասարկման կետերը կարող են նաև մեկով չսահմանափակվել։
-Հանրաքվեի մասին օրենքի ընդունումից հետո հնարավո՞ր են վերանայումներ գործող կարգերում։
-Ոչ միայն հնարավոր, այլ պարտադիր են` առնվազն իրավական ակտին ուղղակի հղումներ նախատեսելու առումով։ Իսկ եթե օրենքով նաև բարելավումներ ենթադրվեն, ապա այդ դեպքում ԿԸՀ որոշումներում փոփոխություններն անխուսափելի են։
Առայժմ քաղաքացիական նախաձեռնությամբ օրինագծեր շրջանառելիս առաջնորդվելու միակ իրավական հիմք են մնում ԿԸՀ հիշատակվող որոշումները։

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայություն