comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՑԻՆԻԶՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՑԻՆԻԶՄ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Ժամանակին ադրբեջանական մամուլի հրապարակումներն արժանանում էին հակադարձման։ Վերջին տարիներին մենք գրեթե ուշադրություն չենք դարձնում, թե ինչ են գրում Բաքվի լրատվամիջոցները։ Ադրբեջանական կողմի հարձակումները հիմնականում մնում են անպատասխան։ Եւ ստացվում է այնպես, որ եթե նախկինում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ օտար ընկալումը հիմնականում այն էր, որ գերազանցապես հայերով բնակեցված մարզը Ստալինի կամայական որոշմամբ տրվել է Ադրբեջանին, որտեղ հայկական արժեքները հետեւողականորեն ոչնչացվել են, բռնաճնշվել են մարդկանց ազգային իրավունքները, ապա վերջին շրջանում նաեւ արտերկրի հեղինակներն սկսել են գրել ԼՂ-ում ՙադրբեջանցիների էթնիկ զտումների եւ տարածքների օկուպացման՚ մասին։

Քարոզչա-տեղեկատվական մրցակցությունը վերաճել է դաժան պատերազմի, որտեղ հաջողության հասնելու համար ադրբեջանական կողմը ոչինչ եւ ոչ ոքի չի խնայում։ Բաքվում բաց չեն թողել Սիլվա Կապուտիկյանի հոբելյանի առիթը եւ նրան հրապարակումների մի ամբողջ շարք են նվիրել։ Ադրբեջանցի հեղինակները նրան անվանել են Լեռնային Ղարաբաղն ՙԱդրբեջանից օտարելու դավադիր ծրագրի հեղինակներից մեկը՚։ Բաքվում հիշել են, որ անցյալ դարի կեսերին Սիլվա Կապուտիկյանն այցելել է Արցախ, հանդիպել ընթերցողների հետ, գրել Արցախին նվիրված բանաստեղծություններ։ Արխիվներից պեղել-հանել են Ադրբեջանի ԳԱ նախագահին գրած Սիլվա Կապուտիկյանի նամակը, որտեղ բանաստեղծուհին բարձրացրել է Արցախի պատմաճարտարապետական հուշարձանների անմխիթար վիճակի հետ կապված հարցեր։ Եւ, իհարկե, վերհիշել են, որ Սիլվա Կապուտիկյանը Ղարաբաղյան շարժման օրերին Մոսկվայում հանդիպել է ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին, եւ վերջինս, իբր, նրան խոստացել է ՙՂարաբաղը տալ հայերին՚։
Ի՞նչ նպատակ է հետապնդում այս քարոզչությունը՝ գաղտնիք չէ։ Բաքվում ճգնում են Լեռնային Ղարաբաղի խնդիրը ներկայացնել որպես ՙԱդրբեջանի դեմ ագրեսիա, որն սկսվել է տեղեկատվական արշավի ձեւով, ապա վերաճել ռազմական օկուպացիայի՚։ Ցինիզմն այն աստիճանի է հասել, որ հրապարակումներից մեկի հեղինակը Սիլվա Կապուտիկյանին, հայ մտավորականությանը մեղադրում է... ՙսումգայիթ՚ կազմակերպելու մեջ։ Իրականություն է, սակայն, որ Ստեփանակերտում խաղաղ ցույցերի հաջորդ օրն իսկ Աղդամում բազմահազարանոց ամբոխի առջեւ ելույթ է ունեցել Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեն եւ ընթերցել հայերիս ուղղված իր բանաստեղծությունը, որտեղ այսպիսի տողեր կային.

-Քանի՞ անգամ եմ աչքերդ հանել
Հողիս վրա աչք դնելու համար...
Այս կոչի ազդեցությամբ էլ ամբոխը շարժվել է դեպի Ասկերան՝ ճանապարհին ավերելով հայկական Խրամորթ եւ Խնապատ գյուղերը։ Այս կոչ-բանաստեղծությունն է մշտապես հնչել Բաքվի ցույցերի ժամանակ, եւ հենց ադրբեջանցի բանաստեղծ Խալիլ Ռզան է Բաքվում առաջինը հրապարակային հնչեցրել ՙմահ հայերին՚ կոչը։ Մինչ այդ կարգախոսը Սումգայիթում հնչեցրել է մեկ այլ բանաստեղծ՝ Խըդըր Ալովլուն։ Սրանք հայտնի փաստեր են, Խալիլ Ռզան` որպես 1990թ. Բաքվի հունվարյան ջարդարարության կազմակերպիչ, նույնիսկ կարճաժամկետ ձերբակալության է ենթարկվել։ Հայտնի է, վերջապես, որ ադրբեջանական ողջ մտավորականությունը, գրական կազմակերպությունը երես է թեքել Աքրամ Այլիսլիից, նրան որակել ՙդավաճան հայ՚։ Միջնադարյան այդ ինկվիզիցիայի առիթն Այլիսլիի ՙՔարե երազներ՚ վեպն է՝ Բաքվի եւ Ագուլիսի հայկական ջարդերի նկարագրությամբ։
Մենք կարող ենք, պարտավոր ենք գտնել այլ բազմաթիվ փաստեր եւ այդ ամենը ներկայացնել միջազգային հանրությանը։ Այլապես ադրբեջանական ցինիզմը կարող է ունենալ հետեւորդներ։

;