comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲՈԼՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈԼՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Գայանե ՄՈՎՍԵՍՅԱՆ

 Ադրբեջանի ԱԳՆ-ն ազդարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման նախապատրաստման մասին։ Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների ղեկավարների մակարդակով հանդիպման նախապատրաստություն է ընթանում։ Երևանի պաշտոնական հաստատումը ներկա պահին չկա։ Թեև որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով ՀՀ ԱԳՆ-ի անանուն աղբյուրներին, հայտնում են, որ նման հանդիպման վերաբերյալ ոչ մի հստակ պայմանավորվածություն չկա։Ը ԿՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ

Հանդիպման ժամկետների շուրջ կոնկրետ տեղեկատվություն չի տալիս նաև Բաքուն, նույնքան լղոզված կերպով հաղորդելով, որ օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումն է, և որ այդ հարցը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Բաքու կատարած վերջին այցի ժամանակ։
Հետաքրքրական է, որ համանախագահներն իրենք, հակառակ սովորությանը, Երևան և Բաքու կատարած այցն ավարտելուց հետո հանդես չեն եկել ամփոփիչ հայտարարությամբ, որում կհաղորդվեր, թե ինչ է քննարկվել, ինչի շուրջ են համաձայնություն ձեռք բերել կամ ինչը չեն համաձայնեցրել։ Թե ինչո՞ւ Բաքուն հանկարծ որոշեց ստանձնել միջնորդների այդ առաքելությունը, կարելի է միայն ենթադրություն անել։ Հնարավոր է նրա համար, որպեսզի հերթական անգամ հայտարարի, որ այդ հանդիպումներից նա ակնկալում է ՙկոնկրետ արդյունք՝ օկուպացված տարածքների ազատում և իրենց հայրենի հողեր հարկադիր վերաբնակների վերադարձի ապահովում՚։ Նման եզրակացություն է ակամայից առաջանում՝ կապված նաև Regnum տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի անսպասելի հայտարարության հետ առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում չի կայացել հանդիպումից ադրբեջանական նախարարի հրաժարման պատճառով ՙայն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ նրանք բանակցություններ չեն վարում կարգավորման մասին՚։ Չգիտեմ՝ որքանով են Կոլերովի տեղեկությունները հավաստի, սակայն փաստ է, որ Մյունխենի համաժողովի նախօրեին Բաքուն դժգոհություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ։ Նախ, այն մասին, որ եթե Ադրբեջանն իր ժողովրդին չի նախապատրաստում խաղաղության, ապա Հայաստանը ևս չի կարող իր ժողովրդին խաղաղության նախապատրաստել և կգործի իրավիճակին համաչափ։ Երևանը հնարավոր է համարում ադրբեջանա-արցախյան հակամարտության միայն խաղաղ հանգուցալուծումը, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ Հայաստանը չպետք է պատրաստ լինի պատերազմի։ Երկրորդ, Հայաստանի վարչապետը հարցադրում է արել. արդյո՞ք Ադրբեջանի ղեկավարությունն ադրբեջանցիների անունից հանդես գալու լիազորություն ունի։ Փաշինյանի խոսքով` ամեն անգամ, երբ ծառանում է բանակցությունների սեղանի շուրջ Արցախին վերադարձնելու հարցը, Ադրբեջանը հայտարարում է, որ կներգրավի ՙՂարաբաղի ադրբեջանական համայնքի՚` այսպես կոչված ներկայացուցիչներին։ Մինչդեռ, Արցախից ադրբեջանցի հարկադիր վերաբնակները չեն կարող բանակցությունների ինքնուրույն կողմ դառնալ, քանի որ, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը միշտ մասնակցություն է ունեցել բանակցային գործընթացին և շարունակում է անել դա։ ՙՉեն եղել բանակցություններ, որոնցում ադրբեջանական համայնքը ներկայացված չի եղել, քանի որ նրանք մասնակցում են Ադրբեջանի նախագահական և խորհրդարանական ընտրություններին, նրա քաղաքացիներ են և, հետևաբար, Ադրբեջանի նախագահը նաև նրանց կողմից է ընտրված՚,- ասել է Փաշինյանը։ Նրա մոտ հարց է առաջացել. ՙԱրդյո՞ք, սա նշանակում է, որ Ադրբեջանի գործող իշխանությունները բանակցային գործընթացում ողջ ադրբեջանական ժողովրդին ներկայացնելու լիազորություններ չունեն։ Եթե Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց կառավարությունը չի ներկայացնում, և նա ընդունում է, որ լիազորված չէ ներկայացնելու Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, ապա հարց է ծագում. Ադրբեջանի գործող իշխանությունները լիազորվա՞ծ են ադրբեջանական համայնքի ուրիշ հատվածները ներկայացնելու՚։ Փաշինյանը նաև հետաքրքրվել է, արդյո՞ք Ադրբեջանն ազգային փոքրամասնությունները ներկայացնելու լիազորություն ունի։ ՙԵթե կառավարությունը լիազորված չէ ողջ Ադրբեջանը ներկայացնել, ապա ի՞նչ մանդատով է այդ կառավարությունն ընդհանրապես մասնակցում բանակցություններին՚,- օրինաչափ դիտարկում է արել Փաշինյանը։
Եթե Կոլերովի ներկայացրած տվյալները ստույգ են, նշանակում է Բաքուն բանակցություններից կհրաժարվի ամեն անգամ, երբ Երևանի հնչեցրած խոսքերում որևէ բան իրեն չգոհացնի։ Այլ խոսքով, հայկական կողմերին և միջնորդներին շանտաժի կենթարկի իր մտացածին պահանջներով։ Ի դեպ, ադրբեջանցի հարկադիր վերաբնակների մասին։ Հարկ է պաշտոնական Բաքվին հիշեցնել, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են կրում պատասխանատվությունն ինչպես հարկադիր վերաբնակների խեղված ճակատագրերի, այնպես էլ երկրի բազմահազարանոց հայ ազգաբնակչության ողբերգության համար, որը 1988թ. փետրվարից` մի քանի տարի շարունակ ենթարկվել է ադրբեջանական իշխանությունների կազմակերպած ու իրագործած հրեշավոր էթնիկ զտումներին և ցեղասպանական գործողություններին: Այդ տարիների ընթացքում առանձնակի դաժանությամբ սպանվեցին հազարավոր հայեր։ Ավելի քան 500 հազարը դարձավ փախստական։ Արցախից ադրբեջանցի հարկադիր վերաբնակները դարձան 1990թ. Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից իսկ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի զոհը։

www.ra.am