comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ԱԿԱՄԱՅԻՑ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԲԱՔՎԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ԱԿԱՄԱՅԻՑ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԲԱՔՎԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը Ստեփանակերտը դրական է գնահատում հակամարտության գոտում խաղաղության պահպանման և կողմերի միջև հանդիպումները շարունակելու առումով։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում անցկացնելու առաջարկի ընդունումը դրական զարգացում է՝ արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրացումներ թույլ չտալու համար։ Փաստն այն է, որ վերջերս շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներն ադրբեջանական կողմից հաճախակի են դարձել։ Հետևաբար, ինչպես արտահայտվել է ԱՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը, բանակցությունների վերսկսմանն ուղղված ջանքերի բացակայությունը կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել։

Խաղաղ կարգավորմամբ շահագրգիռ կողմը, հասկանալի է, պետք է հանդես գա լարվածության աճի կանխմանն ուղղված հայտարարություններով։ Սա Ադրբեջանի իշխանություններին չի վերաբերում, որոնք հակահայկական քարոզչությամբ և ագրեսիվ հռետորաբանությամբ պարբերաբար ցուցադրում են իրենց ապակառուցողական դիրքորոշումը։ Բաքուն մի կողմից՝ իր համաձայնությունն է տվել նախագահների հանդիպման առաջարկությանը, մյուս կողմից՝ շարունակում է հակահայկական քարոզչությունը և խաղաղ կարգավորման ջանքերին խոչընդոտելու իր քաղաքականությունը։
Այսպես, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն օրերս հանդես եկավ Իսլամական համագործակցության կազմակերպությանն (ԻՀԿ) անդամակցող պետություններին ուղղված կոչով։ Դրանում նախ նշվում էր, որ ՙՀայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի ամրապնդի օկուպացումը՚։ Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումները նախարարը փորձել է վերագրել հայկական կողմին՝ հայտարարելով, որ հայերը սպանում, վիրավորում են ադրբեջանցի զինվորներին և քաղաքացիական անձանց։ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացված ԻՀԿ արտգործնախարարների հերթական նստաշրջանում Մամեդյարովը կոչ արեց անդամ պետություններին՝ ՙձեռնպահ մնալ Հայաստանի հետ տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցելուց, Լեռնային Ղարաբաղի տարածքը զբոսաշրջային նպատակով օգտագործելուց՚։
ԻՀԿ ձևաչափում Ադրբեջանն առաջին անգամ չէ նման հայտարարություններ հնչեցնում։ Միջազգային հանրությանն ապատեղեկատվություն մատուցելու ադրբեջանական ավանդույթի մասին խոսելն էլ ավելորդ է։
Արդյո՞ք ԱԳՆ-ի ղեկավարն այն կարծիքին է, որ ԻՀԿ-ին անդամակցող երկրները հանուն Ադրբեջանի պատրաստ են հրաժարվել Հայաստանի հետ ստորագրված տնտեսական և մշակութային նշանակության պայմանագրերից։
Հարկ է նկատել, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մտահոգության առանցքում միայն մեկ խնդիր չէ։ Սկսենք Մամեդյարովի այն արտահայտությունից, թե ՙՀայաստանն ամրապնդում է օկուպացումը՚։ Պարզ է, նա նկատի է ունեցել փետրվարի 27-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի Արցախ այցը և Արաքսի հովտում ԱՀ նախագահի և այլ պաշտոնյաների հետ նրա հանդիպումը։ Վանեցյանը ծանոթացել է առաջիկայում կառուցվելիք Արաքսավան բնակավայրի նախագծին և հայտարարել. ՙԱյս ծրագրի իրականացմամբ մենք հստակ ուղերձ ենք հղում մեր ժողովրդին և աշխարհին, որ ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք։ Մեր հողում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը՚։
Փետրվարի վերջերին Իրանում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իրանահայ համայնքի հետ հանդիպմանը նա հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. ՙՔանի դեռ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, բանակցությունները պաշտոնական չի կարելի համարել՚։ Սա շատ կարևոր ուղերձ էր, որին արձագանքել է Ստեփանակերտը։
Կա ևս մեկ հանգամանք, որը քիչ է ասել, թե մտահոգում է Ադրբեջանի ղեկավարությանը: Դա մահմեդական աշխարհի մի շարք պետությունների հետ, այդ թվում՝ ԻՀԿ-ի անդամ, ՀՀ-ի առևտրատնտեսական կապերի, ամենատարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունների ընդլայնման փաստն է։ Այս հարթությունում բավական է վկայակոչել հունվարի կեսերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցը։ ԱՄԷ-ի պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ հանդիպմանը երկուստեք ընդգծվել է երկկողմ համագործակցության հարթությունում առկա մեծ ներուժը։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր տնտեսությանը և մշակույթին, էկոտուրիզմին, սպասարկումների ոլորտին։ Աբու Դաբիի թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ հանդիպմանը քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի կարևոր հարց՝ ակտիվացնել առևտրատնտեսական փոխգործակցության ներկայիս տեմպերը խթանելուն ուղղված միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Վերջինս կարևոր հարթակ է՝ երկու երկրների շուկաների ուսումնասիրման, շահավետ ներդրումների իրականացման, ինչպես նաև երկու երկրների տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումների և նորարարությունների ընթացքին հետևելու համար։ Հայաստանը Միացյալ Էմիրությունների համար կարող է կամուրջ լինել ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ։
Մամեդյարովին խիստ անհանգստացրել է նաև ՙԼեռնային Ղարաբաղի տարածքը զբոսաշրջային նպատակով օգտագործելու՚ հանգամանքը։ Այն, որ Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվն օրեցօր ավելանում է և այցելողների մի մասն էլ մահմեդական պետությունների քաղաքացիներ են, անհերքելի փաստ է, որի հետ ոչ միայն արտգործնախարարը, այլև Ադրբեջանի մյուս բոլոր պաշտոնյաները ստիպված են հաշվի նստել։
Ի վերջո, պարզ է, որ Ադրբեջանն ինչ-որ չափով օգտագործում է ԻՀԿ-ի հարթակը հակահայկական քարոզչության համար, բայց դա չի նշանակում, թե ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման գործընթացում նա կարող է ակնկալել անդամ պետությունների աջակցությունը։ Նաև չի կարող հետ պահել նրանց հայ ժողովրդի հետ տնտեսական, մշակութային կապեր զարգացնելու մտադրությունից։ Իսկ եթե Ադրբեջանը գնա ևս մեկ արկածախնդրության, նրան սպասվում է ևս մեկ պարտություն։ Բաքվում պետք է որ ուշի-ուշով հետևած լինեին ԻՀԿ անդամ մեկ այլ պետությունում՝ Իրանում, ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարություններին։ Իրանահայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին։ Պատասխանելով հարցին՝ վարչապետը հավաստիացրել էր, որ Հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում հայ ժողովրդի միասնությունը կրկնապատկվելու, եռապատկվելու է։