comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՆԵՄԵՍԻՍ՚ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿՈՐՑՆՈՒՄ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՆԵՄԵՍԻՍ՚ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿՈՐՑՆՈՒՄ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

 98 տարի առաջ, 1921-ի մարտի 15-ին տեղի ունեցավ հայ ժողովրդի համար սկզբունքային նշանակություն ունեցող իրադարձություն։ Այդ օրը Բեռլինում հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը ոչնչացրեց արյունարբու դահիճ, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից ու մեղավորներից մեկը հանդիսացող` Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշային։ Մարդկային կերպարանքով հենց այդ հրեշն էր հրաման արձակել ՙԱնողոքաբար ու անգթորեն ոչնչացնել բոլորին՝ (նկատի է առնվում հայերին - հեղ.) մեկ ամսականից մինչև իննսուն տարեկանը...՚, մարդկային կերպարանք առած հենց այդ սատանան Հայոց ցեղասպանությունից հետո պարծենում էր նրանով, որ հայկական հարցի լուծման համար նա երեք ամսվա ընթացքում արեց ավելին, քան Աբդուլ Համիդ 2-րդը` 30 տարիներին։

1918 թվականին Համաշխարհային պատերազմն ավարտվեց Գերմանիա, Ավստրո-Հունգարիա և Թուրքիա դաշինքի պարտությամբ, ընդ որում` Թուրքիայի ճակատագիրը կանխորոշված էր. նրան սպասվում էր բաժանում հաղթանակ տարած դաշնակիցների միջև։ Եվ արյունարբու դահիճներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ովքեր իրենց երիտթուրքերի երբեմնի եռապետերն էին համարում, շնագայլերի պես պոչներն իրենց քաշելով, փախան։ Բայց նրանք երկար չվայելեցին կյանքը:
Հայ ազգային շարժումը, ՙՆեմեսիս՚ գործողության շրջանակներում, երդում տվեց, որ հայ ժողովրդի ողբերգության մեջ մեղավորներից ոչ մեկը հատուցումից չի խուսափի: Եվ նրանք իրենց խոստումը կատարեցին։ Հատուցման առաջին գործողությունն իրականացվեց 1921թ. մարտի 15-ին. Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Թալեաթին։ Ինչո՞ւ հենց Թեհլերյանին հանձնարարվեց այդ առաջադրանքը։ Բանն այն է, որ Թալեաթը Հարություն Մկրտչյան անունով մի հայ լրտես ուներ։ Հենց նա էր կազմել Կոստանդնուպոլսի հայ մտավորականության ցուցակը (ավելի քան 250 մարդ) ու այն փոխանցել Թալեաթին, հենց նա էր այդ դահիճին իրազեկում այն ամենի մասին, ինչ տեղի էր ունենում հայերի շրջանում։ Հայ մտավորականության ճակատագրին բոլորս ենք տեղյակ, իսկ դավաճանը դրանով կարողացավ իր համար հարստություն դիզել։ Թեհլերյանն իմացել է նրա մասին, Կոստանդնուպոլսում գտնվելու ժամանակ, ՙՀայրենիք՚-ի խմբագրությունից Երանուհի անունով մի ամերիկացի լրագրողից և վրեժ լուծելու որոշում կայացրել։
Նախքան դրան անցնելը՝ մի փոքր նախապատմություն. Կոստանդնուպոլսում ուսումն ավարտելուց հետո Սողոմոնը վերադառնում է տուն` Երզնկա, որտեղ ականատես է լինում երիտթուրքերի ոճրագործություններին։ Քաղաքից քիչ հեռու, Քեմախ-Բողազ կոչվող վայրում, նրա ընտանիքն ամբողջությամբ ոչնչացվեց։ Հայերի շարասյան վրա հարձակվեցին սանձարձակ թալանչիների խմբեր և փախստականներին ուղեկցող ոստիկանների հետ միասին սպանդ կազմակերպեցին։ ՙԹալանի ժամանակ շարասյան առջևից կրակ բացեցին։ Այդ ժամանակ ոստիկաններից մեկը քարշ տվեց քրոջս, իսկ մայրս սկսեց գոռալ.ՙԵրա՛նի կուրանայի՚։ Ինձ համար հիմա ավելի լավ է մեռնել, քան այդ սև օրվա մասին պատմել՚,- նա պատմում էր Բեռլինում, 1921թ. դատավարության ժամանակ։ ՙԵս չեմ կարողանում այդ ամենը պատմել, քանի որ ամեն անգամ ես նորից վերապրում եմ այդ բոլորը։ Բոլորին բռնեցին ու տարան, ինձ հարվածեցին։ Հետո ես տեսա, թե ինչպես կացնով եղբորս գլուխը ջախջախեցին։ Չեմ հիշում՝ ինչքան ժամանակ եմ այնտեղ մնացել, գուցե երկու օր։ Երբ բացեցի աչքերս, շուրջս շատ դիակներ տեսա, քանի որ ողջ քարավանը կոտորել էին՚։ Ականատես լինելով քույրերի, մոր ու եղբայրների բռնարարքների ենթարկվելուն և սպանությանը, Սողոմոնը որոշեց ապրել հանուն իր վրեժի։ Նրան հրաշքով հաջողվեց փրկվել (նա մի քանի օր անգիտակից վիճակում պառկած էր մնացել դիակների տակ), ավելի քան երեք ամիս թաքնվելով քուրդ-ալավիտների մոտ, այնուհետև տեղափոխվեց Իրան, իսկ հետո՝ Թիֆլիս։ Նրա գոյության նպատակն ու իմաստը դարձավ վրիժառությունը։
Շատ չանցած, այն բանից հետո, երբ նա իր դատաստանը տեսավ ազգի դավաճանի հետ, ՙԴաշնակցության՚ ընդհանուր ժողովը որոշում է կայացնում Թեհլերյանին վստահել դահիճ Թալեաթին պատժելը։ Արմեն Գարոյի ղեկավարությամբ հսկայական աշխատանք է իրականացվում, Սողոմոնին Բեռլին են ուղարկում, որտեղ այդ ժամանակ հաստատվել էր Թալեաթը։ Վախկոտ գիշատիչն ապրում էր Շարլոտենբուրգում, Հարդենբերգշտրասե 4 փողոցում գտնվող երկհարկանի առանձնատանը։ Նա զգում էր, որ հայերի ձեռքով կմեռնի (դա մի անգամ խոստովանել էր կնոջը), և վախից փոխել էր իր անունն ու ազգանունը. հիմա նա Ալի Սալի բեյ էր։ Փոխել էր նաև արտաքինը, սափրել բեղերը, սկսել էր եվրոպական զգեստներ հագնել։ Բայց դա նրան չօգնեց։ Դատավճիռն ի կատար ածվեց։ Շանը` շան մահ, կամ Թեհլերյանի խոսքով՝ ես շուն գնդակահարեցի։
Սպանությունից հետո Թեհլերյանին գերմանական իշխանությունները ձերբակալեցին։ Նա Բեռլինի բանտում մնաց 2,5 ամիս։ 1921թ. հունիսի 2-ին սկսվեց դատավարությունը, որն ընդամենը երեք օր տևեց, և Սողոմոն Թեհլերյանին արդարացրին։ Ս. Թեհլերյանի նկատմամբ դատը փաստացի վերածվեց Թալեաթի ու նրա կամակատարների նկատմամբ դատի։ Հենց այդ ժամանակ լուսավորյալ Եվրոպան առաջին անգամ առաջին շուրթերից իմացավ երիտթուրքերի վայրագությունների մասին։ Ի դեպ, Բեռլինում հրապարակված սղագրական հաշվետվությունը հետևյալ կերպ էր վերնագրված. Թալեաթ փաշայի դատավարությունը։ Թեհլերյանի դատապաշտպաններն էին Գերմանիայի այնպիսի ականավոր իրավագետներ, ինչպիսիք են արդարադատության գաղտնի խորհրդական, դոկտոր Ադոլֆ ֆոն Գորդոնը, արդարադատության խորհրդական, դոկտոր Յոհաննես Վերթհաուերը, կառավարական գաղտնի խորհրդական, Քիլի համալսարանի իրավունքի պրոֆեսոր, դոկտոր Նիմայերը։
Պետք է արժանին հատուցել նաև հենց Սողոմոն Թեհլերյանին։ Բոլոր հարցերին տալիս էր հստակ, կոնկրետ ու համոզիչ պատասխաններ։ Այսպես, օրինակ, այն հարցին. ՙՍպանե՞լ եք Թալեաթին՚,- Սողոմոնը պատասխանեց. ՙԱյո՜՚։ Հերթական հարցը միանգամայն տրամաբանական հնչեց. ՙԱրդյո՞ք, նա իրեն մեղավոր է համարում՚։ ՙԵս ինձ մեղավոր չեմ համարում, քանի որ իմ խիղճը հանգիստ է՚,- հետևեց բացասական պատասխանը. ՙԻնչո՞ւ է Ձեր խիղճը հանգիստ՚,- հարցրեց նախագահը, որին ամբաստանյալը պատասխանեց. ՙԵս մարդ եմ սպանել, բայց ես մարդասպան չեմ՚։

Դատարանի դահլիճում բոլոր ներկա գտնվողներն անձամբ համոզվեցին, որ հայ երիտասարդի հոգում եռում էր զայրույթը և իր ժողովրդի, անմեղ նվաստացված ու ոչնչացված հայերի, սպանված մոր, սրբապիղծ մեղսագործների կողմից կացնով մորթված եղբոր, բռնաբարված քույրերի համար վրեժխնդիր լինելու ազնիվ զգացմունքը։ Դատարանի նախագահի այն հարցին, արդյո՞ք նրա մտքում վաղուց է հասունացել Թալեաթին սպանելու ծրագիրը, Թեհլերյանը պատասխանեց.ՙՍպանությունից մոտ երկու շաբաթ առաջ ես ինձ մի տեսակ վատ էի զգում ու աչքերիս առաջ նորից ջարդերի պատկերներն էին։ Մորս դիակը տեսա։ Դիակն իմ առաջ ոտքի կանգնեց ու ասաց. ՙԴու տեսար, որ Թալեաթն այստեղ է ու անտարբեր ես մնացել, դու ա՜յլևս իմ որդին չես՚։
Դատավորների ու դահլիճում ներկա գտնվողների վրա հսկայական տպավորություն գործեց գերմանացի ականավոր հումանիստ, մեծ գիտնական ու հայ ժողովրդի անկեղծ բարեկամ Յոհաննես Լեփսիուսի ճառը։ Նա հայտարարեց, որ երիտթուրքական կազմակերպության ծրագրով նախատեսվում էր պանթուրքական և պանիսլամական պետական համակարգի ստեղծում, որտեղ տեղ չկար քրիստոնյա ժողովուրդների համար։ Իսկ հայ ժողովուրդը գլխովին ոչնչացման էր ենթարկվում այն նպատակով, որպեսզի նա չկարողանա բալկանյան ժողովուրդների օրինակով ազատագրական պայքար մղել։
Չնայած նրան, որ մեղադրող կողմը ներկայացնող դատախազ Գոլնիկը պահանջում էր Ս. Թեհլերյանի համար մահվան դատավճիռ կայացնել, դատապաշտպաններն ու վկաները կարողացան համոզիչ կերպով հիմնավորել և ապացուցել ամբաստանյալի անմեղությունը։ Օրինակ, ներկաների վրա մեծ տպավորություն գործեց դատապաշտպանի՝ դոկտոր Վերթհաուերի հայտարարությունը, որ եթե Թուրքիայի ռազմական դատարանը Թալեաթին մահվան է դատապարտել, ապա նա ինչպե՞ս կարող է գերմանական դատարանի կողմից անմեղ ճանաչվել, իսկ Ս. Թեհլերյանը` մեղավոր։
Քիլի համալսարանի իրավաբանական բաժնի պրոֆեսոր Նիմայերի ելույթից հետո էլ ավելի խորը համոզմունք առաջացավ երկու միլիոն հայերին վայրագորեն ոչնչացնելու մեջ Թալեաթի մեղավորության և գործած սպանության համար Ս. Թեհլերյանի անմեղության շուրջ։ Երդվյալ ատենակալների կարճ խորհրդակցությունից հետո գլխավոր երդվյալ ատենակալ Օտտո Ռայնիկեն կարդաց Ս. Թեհլերյանի անմեղության մասին միաձայն ընդունված վճիռը։ Դահլիճը, հոտնկայս, բուռն ծափահարեց։
ՙՆեմեսիս՚ գործողությունը վերականգնեց զանգվածային ոչնչացման սարսափները և հոգեբանական խորագույն ողբերգություն կրած ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։
Իր ՙԹուրքերը և մենք։ Վերագնահատումներ՚ գրքում ՙՆեմեսիս՚ գործողության ղեկավարներից մեկը՝ Շահան Նաթալին, սերունդներին խրատ թողեց. ՙՄեր վարդապետական քարոզները թուրքերի դեմ ոչ թե մեր կյանքն են ապահովում, այլ միայն խաղաղ կերպով մեռնելու մեր համամիտությունն են հայտարարում... Ապրելու և գոյատևելու համար մենք պետք է քայլենք իրականության հետ համընթաց, ընդունենք այդ խաղի կանոնները և ինքներս էլ այդպես խաղանք՚։ Իսկ սա նշանակում է, որ քանի դեռ Քեմալը, Թալեաթը և մյուս դահիճները շարունակում են Թուրքիայի հերոսներ լինել, քանի գիշերը կացնով հանցագործություն կատարած ստոր մարդասպանն Ադրբեջանի հերոս է հանդիսանում, մեզ այլ ելք չի մնում, քան Աստծուն և ինքներս մեզ ապավինելը։ Թշնամիների հետ տարվող պայքարում հայ ժողովրդի միակ օգնականը եղել ու շարունակում են մնալ միայն հայ ժողովուրդն ինքն ու իր բանակը...Պատմությունը մեզ սովորեցրել է ոչ մեկի վրա հույս չդնել, ոչ ոքից ճանաչում ու հավանություն չսպասել, այլ ինքներս մեր ճակատագիրը տնօրինել։ Այդ դասի ճշմարտացիությունն ապացուցեցին 1988թ. ազգային-ազատագրական պայքարը, Արցախյան ու ապրիլյան պատերազմները։ Միայն մենք ինքներս կկարողանանք մեր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել՝ հույսեր չկապելով երկակի չափորոշիչներ ունեցող եվրոպական որևէ կառույցի հետ։
Սումգայիթը, Կիրովաբադը, Բաքուն, Մարաղան..., ինչպես և ողջ Արցախը։ Եվ ինչպես ասված է Մ. Յու. Լերմոնտովի ՙՓախստականը՚ լեռնական լեգենդում. ՙՆրանց արյունը հոսում և վրեժ է խնդրում...՚։ Այնպես որ՝ ՙՆեմեսիս՚ գործողությունը ցայսօր չի կորցրել իր արդիականությունը։