comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՍԿԱՆԱԼ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՍԿԱՆԱԼ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների՝ Ստեփանակերտում գումարված համատեղ նիստի կապակցությամբ Ադրբեջանի միակ պաշտոնական արձագանքը հակառակորդի արտաքին քաղաքական գերատեսչությունից էր, ընդ որում՝ նենգափոխված։

ԱԳՆ մամուլի խոսնակը կարծիք էր հայտնել, որ եթե Հայաստանի վարչապետը խոսում է Արցախի հայության մասին, ուրեմն ՙչի համարում, որ նա ժողովուրդ է, ուստի բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներգրավվելու անհրաժեշտություն չկա։ Վարչապետ Փաշինյանը, մինչդեռ, Արցախի հայ բնակչություն ասելիս վերապահում էր արել, որ այդպես երբեմն արտահայտվում են Ադրբեջանը եւ միջնորդները։ Հայաստանի համար, այսպիսով, Արցախը պետություն է, որի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի։ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Արազ Ալիզադեն, մինչդեռ, տպավորություն է ստացել, որ Ստեփանակերտում երկու հայկական պետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի գումարումը պայմանավորված է ներքաղաքական անհրաժեշտությամբ։ Նա անդրադարձ է արել Հայաստանում անցած խորհրդարանական ընտրություններին եւ արձանագրել, որ դրանց արդյունքում Դաշնակցությունը, որը նախկին իշխանությունների հետ մեկ թիմում էր, Ազգային ժողովից դուրս է մնացել եւ իր Ընդհանուր ժողովը գումարել Ստեփանակերտում։ Ալիզադեն համարում է, որ Դաշնակցությունն է ժամանակին պաշտոնանկ արել Լեւոն Տեր-Պետրոսյանին։
Ըստ ադրբեջանցի պատգամավորի՝ Դաշնակցությունը ՙնաեւ Փաշինյանին թույլ չի տա գնալ խաղաղ բանակցությունների՚։ Նա կարծում է, որ երկու հայկական պետությունների անվտանգության խորհուրդների նիստ գումարելով Ստեփանակերտում՝ վարչապետ Փաշինյանը նպատակ ունի ՙիրեն ապահովագրել ընդդիմության հարձակումներից՚։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի արձագանքին, ապա, ըստ Ալիզադեի, այդ առթիվ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը ՙկարելի է համարել սպառիչ՚։ Փորձագիտական հանրությունը, սակայն, հիմնականում չի կիսում պաշտոնական արձագանքը։
Ադրբեջանում փորձում են հասկանալ, թե ի՞նչ խնդիր է լուծել հայկական երկու պետությունների անվտանգության խորհուրդների ստեփանակերտյան համատեղ նիստը։ Նրանք համակարծիք են, որ քննարկումները ծավալվել են Փաշինյան-Ալիեւ հավանական հանդիպման համատեքստում։ Քաղաքագետ Էլխան Ասկերովը եւ Իլգար Վելիզադեն կարծում են, որ Հայաստանում ՙարտաքին բարենպաստության տակ թաքնվում են ներքին հակասություններ, քանի որ ՙղարաբաղյան կլանը՚ չի հանձնվել, չնայած որ նրանց առաջնորդ Քոչարյանը նստած է բանտում՚։ Ասկերովը կարծում է, որ նախկին իշխանությունները փորձում են իրավիճակն ՙինչ-որ ձեւով օգտագործել Փաշինյանի դեմ՚։ Երեւում է, այս տեսակետը ոչ թե վերլուծության արդյունք է, այլ՝ հայաստանյան որոշակի լրագրողական շրջանակներից ստացած տպավորություն։ Իսկ դա նշանակում է, որ հակառակորդ կողմը մանրազնին վերլուծության է ենթարկում հայկական մեդիա-դաշտը եւ ըստ այդմ էլ կառուցում իր քաղաքագիտական մոտեցումները։
Ադրբեջանցի փորձագետները հատկապես ուշադրության են առնում վարչապետ Փաշինյանի բրյուսելյան այցը, որի ընթացքում Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչներն արտահայտվել են ԼՂ կարգավորման բանակցությունների ձեւաչափը պահպանելու օգտին։ Ադրբեջանում, որքան կարելի է հասկանալ փորձագիտական մակարդակով արվող հայտարարություններից, շատ խիստ անհանգստացած են, որ Հայաստանը փոխում է բանակցային գործընթացի դիսկուրսը։
Բաքվում հատկապես տագնապով են վերաբերվում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ըստ անհրաժեշտության նաեւ հարձակման անցնելու պատրաստակամության մասին հայտարարությանը, ինչպես նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված մտքին, որ ազատագրված տարածքները վերաբնակեցվելու են։ Ադրբեջանական կողմը դրանք համարում է ազդակներ, որ Հայաստանը պատրաստ չէ Արցախի հարցում գնալ միակողմանի զիջումների։ Ադրբեջանական կողմը հասկանալի դրդապատճառներով խստացրել է ԼՂ կարգավորման թեմայով հրապարակումների եւ վերլուծությունների տոնայնությունը։ Բաքվում հասկանում են, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների ստեփանակերտյան համատեղ նիստը նոր մոտեցումների մեկնարկ է տալիս, եւ վարչապետ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման է նախապատրաստվում, կարելի է ասել, համահայկական աջակցության եւ իշխանության աննախադեպ բարձր լեգիտիմության ռեսուրսով։ Չնայած ձեռնարկվող տենդագին քայլերին՝ պաշտոնական Բաքուն համարժեք դիվանագիտական պաշար չի կարողանում ստեղծել։
Այս իրավիճակում ադրբեջանական կողմը որդեգրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը ՙողջունելու՚ կեցվածք, բայց դա լուծում է միայն ներքին մարտավարական խնդիր։ Իշխանական քարոզչությունն ամեն մի հնարավորություն օգտագործում է, որպեսզի սեփական հանրությանը համոզի, որ ԼՂ հարցում ՙՀայաստանը մնացել է միայնակ՚։ Դա իրականության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ միջնորդների հայտարարության մեջ արված հիմնական շեշտադրումները, մասնավորապես, որ կարգավորման սկզբունքները մեկ ամբողջություն են եւ դրանցից մեկը մյուսի նկատմամբ գերակա չեն, որ խնդիրը չունի ռազմական լուծում, որ ԼՂ վերջանական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ, տրամագծորեն հակադրվում են խնդրի ադրբեջանական պատկերացումներին եւ պաշտոնական Բաքվին դնում են ծանրագույն երկընտրանքի առաջ։
Ադրբեջանում կարծես հասկանում են, որ ներկա իրավիճակում բացառված է, որ հայկական կողմը կգնա միակողմանի զիջումների։ Ավելին, հայկական դիվանագիտությունը ցուցաբերում է կանխածրագրված նախաձեռնողականություն։ Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, առաջադրում է ԼՂ կարգավորման սկզբունքների հստակեցման, վերաձեւակերպման անհրաժեշտություն, երբ որեւէ գաղափար հնարավոր չի լինի ենթարկել կամայական մեկնաբանության։ Դա մարտահրավեր է ադրբեջանական կողմին, որը վերջին տասնամյակում առանձնացնում է միայն ՙտարածքային ամբողջականության վերականգնման՚ իր տեսլականը եւ փորձում կարգավորումը տանել այդ հունով։
Ներկայում ադրբեջանական փորձագիտական հանրությունը համոզվել է, որ հայկական կողմը մտադիր չէ նման մանիպուլյատիվ քննարկումների եւ առաջադրում է հստակ հարցեր, որոնք ենթադրում են տարընթերցման ոչ ենթակա պատասխաններ։ Պատրա?ստ է Ադրբեջանը նման ծանր, բայց արդյունավետության հեռանկար ունեցող դիվանագիտական աշխատանքի։ Դատելով ադրբեջանական փորձագիտական հանրության արձագանքներից՝ ոչ։ Այդ դեպքում Փաշինյան-Ալիեւ հանդիպման հետ չարժե մեծ հույսեր կապել։

;