Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԻՐԱՆԻՆ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Շաբաթվա ընթացքում իրանա-ադրբեջանական սահմանին, ըստ Բաքվի լրատվամիջոցների, արձանագրվել է զինված դիմակայության երկրորդ փորձը։ Առաջինը տեղի էր ունեցել Հորադիզի մերձակայքում, այն է՝ զորքերի շփման գծի հարեւանությամբ։ Փոխհրաձգության ժամանակ սպանվել է ադրբեջանցի սահմանապահ, երկրորդը՝ ծանր վիրավորվել։ Երկրորդ միջադեպի վայրը Յարդիմլիի շրջանն է։ Դա Ադրբեջանի հարավում է եւ բնակեցված է մեծամասամբ էթնիկ թալիշներով։ Այս անգամ ադրբեջանցի սահմանապահներն են խոցել Իրանի քաղաքացու, որի մոտ առկա են եղել թմրանյութ եւ հոգեմետ դեղեր։

Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում ադրբեջանական կողմի տեղեկատվությունը՝ մնում է կասկածելի։ Ակնհայտ է, որ դրանք ունեն քաղաքական ենթատեքստ եւ պետք է գնահատվեն իրանա-ադրբեջանական բավական բարդ հարաբերությունների համատեքստում։ Բանն այն է, որ Ադրբեջանում սվիններով են ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրանական այցի ընթացքում պաշտոնական Թեհրանի կողմից ցուցաբերված անթաքույց եւ բարձր մակարդակի հարգանքը։ Բաքվում համարում են, որ Հայաստանի հետ Իրանի քաղաքական եւ առեւտրատնտեսական համագործակցությունը թշնամական քայլ է Ադրբեջանի դեմ։
Ըստ երեւույթին, Ադրբեջանը փորձում է գործի դնել հարեւան երկրում լարվածություն սադրելու լծակները։ Նախորդ շաբաթ հուզումներ են արձանագրվել այսպես կոչված իրանական Ադրբեջանի Թավրիզ, Ուրմիա եւ Արդեբիլ քաղաքներում։ Թավրիզում մի խումբ ծայրահեղականներ վառել են Հայաստանի դրոշը։ Իրանի անվտանգության ծառայությունների արձագանքը չի ուշացել, շուրջ երեք տասնյակ անձ ձերբակալվել է։
Ադրբեջանական մամուլն այդ դեպքերին անդրադառնում է չափազանց հուզական եւ հարեւան երկրի նկատմամբ վատ թաքցված թշնամանքով։ Որոշ փորձագետներ ավելի հեռու են գնում իրենց առաջադրած վարկածներում։ Հրապարակումներից մեկում այն տեսլականն է մատուցվում, որ ժամանակն է, որպեսզի պաշտոնական Բաքուն աշխարհաքաղաքական ճիշտ կողմնորոշում ընդունի եւ մաս կազմի ԱՄՆ գլխավորած հակաիրանական կոալիցիային։ Այդ դեպքում, ինչպես հեղինակն է պատկերացնում, Ադրբեջանի համար կբացվի ՆԱՏՕ-ին Վրաստանից շուտ անդամակցելու գործնական հեռանկար, եւ օրակարգ կգա ՙԶանգեզուրի հարցը՚։ Խոսքը Սյունիքի մարզի մասին է, որը Նախիջեւանը բաժանում է բուն Ադրբեջանից, ինչպես նաեւ հայ-իրանական սահմանային գոտի է։
Ինչպես վարկածում է ադրբեջանցի մեկնաբանը, Միացյալ Նահանգները խնդիր ունեն փակելու Իրանի հետ Հայաստանի սահմանը, բայց քանի որ հայկական կողմը մերժել է Վաշինգտոնի այդ առաջարկությունը, այլ տարբերակ չի մնում, քան Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ առնել Իրան-Արցախ ներկայիս փաստացի սահմանը, ապա եւ ՙՄեղրիով միջանցք բացել եւ ապահովել ցամաքային հաղորդակցությունը Նախիջեւանի, ինչպես նաեւ՝ Թուրքիայի հետ՚։ Ադրբեջանական մամուլը գտնվում է իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո, ուստի բացառվում է, որ խնդրո առարկա հրապարակման հեղինակը պարզապես ինքնագործունեությամբ է զբաղվում։ Այս իրողության համատեքստում էլ պետք է գնահատել Ադրբեջանի դիրքորոշումը։
Բաքվում, ինչպես պարզ հասկացվում է, շարունակում են հույսեր փայփայել, որ կարող են հասնել Թուրքիայի հետ ուղղակի ցամաքային շփման։ Դա ադրբեջանական կողմի, ինչպես ասում են, կապույտ երազանքն է, որին Բաքուն փորձել է հասնել Հայաստանի շրջափակմանն Իրանի մասնակցությամբ։ Այդ ծրագիրը չի աշխատել, ուստի Ադրբեջանում Իրանին սկսել են նայել որպես թշնամի երկրի։ Մամուլի վերոհիշյալ հրապարակումը դրա վառ ապացույցն է։ Խնդիրն այն է, թե որքանո՞վ է այդ տեսլականը ներգրվում Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերին։ Այո, ԱՄՆ-ը հստակ հակաիրանական քաղաքականություն է վարում, բայց հետեւու՞մ է, արդյոք, դրանից, որ Վաշինգտոնը շահագրգռված է տարածաշրջանում թուրքական համադաշնության հեռանկարով։ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս հակառակը պնդել։ Այդուհանդերձ, չի կարելի տեսադաշտից դուրս թողնել Բաքվից Իրանի եւ Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները։ Այդ մարտահրավերը չեզոքացնելու համար հայ-իրանական, այդ թվում՝ Իրան-Արցախ, հարաբերությունները պետք է բարձրացվեն նոր որակական մակարդակի։