comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԿՈՒՊԱՑՄԱՆ ԽՆԴՐԻՆ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՎԻ
Logo
Print this page

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԿՈՒՊԱՑՄԱՆ ԽՆԴՐԻՆ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՎԻ

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանի հարցազրույցը NEWS.am գործակալությանը։

 - Վերջերս թիվ մեկ թեման բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն է։ Որո՞նք են պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումներն այս հարցում։

- Այս հարցում պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ։ Բանակցային գործընթացի բոլոր փուլերում առանց Արցախի Հանրապետության մասնակցության պարզապես անհնար է հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական եւ համապարփակ կարգավորման։
Եթե չվերականգնվի լիարժեք բանակցային ձեւաչափը, ապա խաղաղ գործընթացի միակ արդյունքը կարող է լինել միայն ռազմավարական կարեւորություն ունեցող Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանումը։
- Վերջերս ավելի հաճախ է հնչում կարգավորման սկզբունքների եւ հայտնի տարրերի վերանայման կամ վերագնահատման գաղափարը։ Ինչի՞ մասին է խոսքը։
- Չեմ կարծում, որ կարգավորման հիմնական սկզբունքները կարող են վերանայվել։ Այնպիսի հիմնարար տարրերը, ինչպիսիք են խաղաղ կարգավորումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ նման ինքնորոշման փաստի ճանաչումը, պետության տարածքային ամբողջականությունը մշտապես կլինեն կարգավորման գործընթացի հիմնարար բաղադրիչներ։
Այլ հարց է, որ հակամարտության կողմերն այս սկզբունքների վերաբերյալ տրամագծորեն հակառակ տեսլական ունեն։ Օրինակ՝ նույն տարածքային ամբողջականության սկզբունքը Ադրբեջանը նվազագույնը տեսնում է որպես նախկին Ադրբեջանի ԽՍՀ սահմանների վերականգնում, առավելագույնը՝ Երեւանի, Սեւանի շրջանի, Զանգեզուրի եւ ներկայիս Հայաստանի Հանրապետության այլ տարածքների միացում։
Մեզ համար այս մոտեցումը բնականաբար անընդունելի է, եւ մենք միշտ հայտարարում ենք, որ անցյալին վերադարձ չի կարող լինել։
- Կարելի՞ է արդյոք համարել, որ հայկական կողմերի դիրքորոշումներն սկսել են տարբերվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ երեք սկզբունքների նկատմամբ ամբողջական մոտեցման եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթության դիրքորոշումներից։
- Մինսկի խմբի համանախագահները, ինչպես որ իրենք բազմիցս հայտարարել են, դատավոր չեն։ Նրանք բարդագույն հակամարտության կարգարվորման միջնորդներ են։
Հետեւաբար, նրանց գործունեության հիմնական ուղղությունը կողմերի դիրքորոշումների մոտեցմանը նպաստելն է, ինչպես նաեւ ներդրումը՝ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանմանը։ Ինչպես արդեն ասացի, տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունի մի կողմից Ադրբեջանը, մյուս կողմից՝ Արցախը եւ Հայաստանը։
- Ինչպե՞ս եք վերաբերվում ազատագրված տարածքների փոխանցման մասին հայտարարություններին։ Արդյո՞ք նման սցենարը նոր ագրեսիայի սպառնալիք չունի
- Անցյալին վերադարձ չի կարող լինել՝ ոչ սահմանների հարցում, ոչ էլ կարգավիճակի հարցում։ Ավելին, իմ խորին համոզմամբ, Արցախի համար կարեւոր բաղադրիչ է անվտանգությունը, որի պահպանումը բացառապես կարգավիճակով, նույնիսկ ամենաբարձր, ինչպիսին է միջազգայնորեն ճանաչված անկախ պետության կարգավիճակը, չի կարող ապահովել մեր անվտանգությունը նրա առանցքային հարթություններում։ Վերջին տասնամյակները ի հայտ են բերել մի շարք նման նախադեպեր։
Հետեւաբար, առանց անվտանգության ապահովման պատշաճ մակարդակի, որը կապահովվի սեփական ուժերով, մեր ժողովրդի ապագան եւ նրա պետականությունը, ընդ որում` ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, շատ խաբուսիկ կլինի։
Այս համատեքստում հիմնական ասպեկտներից մեկը Արցախի սահմաններն են։ Արցախը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններում որպես անկախ պետություն անկենսունակ կազմավորում է՝ Ադրբեջանի համար գայթակղություն ստեղծելով վերջնականապես ուժով լուծելու ղարաբաղյան հիմնախնդիրը՝ պարզապես այն ոչնչացնելով։
- Ձեր ՙԱդրբեջանանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը՚ գրքում Դուք պարզորոշ ցույց եք տալիս Ղարաբաղի դեմ Բաքվի իրականացվող ճնշման քաղաքականությունը։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կարող են լինել հետեւանքներն այն դեպքում, եթե Հայաստանը եւ Ղարաբաղը սնուցող գետերի ակունքները հայտնվեն հակառակորդի ձեռքում
- Սա ամենավառ օրինակներից մեկն է, թե ինչ կարող է տեղի ունենալ Արցախի եւ Հայաստանի հետ, եթե մեր երկրի անվտանգության համակարգը թուլանա։ Ադրբեջանը, անշուշտ, անմիջապես կսկսի ճնշում գործադրել՝ չխորշելով ամենաանմարդկային մեթոդներից, ինչպիսին հիդրոահաբեկչությունն է։ Ադրբեջանը բազմաթիվ անգամներ դիմել է նման մեթոդների, ինչը մենք չենք մոռացել եւ չպետք է մոռանանք։
- Ձեր կարծիքով՝ հայկական կողմերը բավականաչափ ուշադրություն դարձնու՞մ են Ադրբեջանի կողմից ղարաբաղյան տարածքների օկուպացմանը
- Մենք մշտապես բարձրացնում ենք այդ հարցերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներին եւ տարբեր միջազգային հարթակներում։ Չնայած, կարծում եմ, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս հարցին ներքին լրատվադաշտում, հանրային, գիտավերլուծական շրջանակներում։
- Մի փոքր Արցախում ներքին քաղաքականության մասին։ Վերջերս Դուք ստեղծել եք Արցախի պահպանողական կուսակցությունը 2020-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ինչպե՞ս եք տեսնում աշխատանքը մինչեւ ընտրությունները եւ հետագայում օրենսդիր մարմնում։
- Բնականաբար, բավականին մեծ եւ քրտնաջան աշխատանք է սպասվում, որը նույնպես շատ պատասխանատու է եւ հետաքրքիր։ Մենք ունենք կամք, էներգիա, այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն։
- Որո՞նք են ձեր կարծիքով Արցախի հիմնական սոցիալական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները
- Խնդիրները շատ դինամիկ երեւույթ են։ Ցանկացած պետությունում եւ հասարակությունում դրանք միշտ եղել են, կան եւ կլինեն։ Ավելին՝ մեկ հարցի լուծումը նոր խնդիրներ է ստեղծում եւ դրանց լուծման ուղիներ գտնելու անհրաժեշտություն։
Ցանկացած, նույնիսկ ամենադժվար խնդիրների արդյունավետ լուծման բանաձեւը կազմված է մի շարք բաղադրիչներից, որտեղ առանցքային դեր ունեն պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը, պարկեշտությունը, երկրի եւ ժողովրդի հանդեպ սրտացավ վերաբերմունքը, ինչպես նաեւ լավատեսությունը եւ անսասան կամքը։

;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.