comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 (Սկիզբը՝ նախորդ համարում)

Պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանն իր հարցերը նախկինում էլ էր բարձրացրել՝ թե՜ բանավոր և թե՜ գրավոր։ Պատասխանատուներն էլ հավաստիացրել էին, որ դրանք կլուծվեն։ Առաջին հարցը Տիգրան Մեծի փողոցի մի հատվածի՝ դեպի ՙսպայական տուն՚ տանող ճանապարհին էր վերաբերում, որը տարիներ ի վեր գտնվում է անմխիթար վիճակում։ Բնակիչները բազմիցս դիմել էին համապատասխան մարմիններին, բայց առ այսօր իրավիճակը չի փոխվել։ Երկրորդ հարցը. Ալեք Մանուկյան փողոցով անցնում են թ.13 և թ.15 երթուղային ավտոբուսները, որոնցից մեկն է (թիվ 15) միայն հասնում հանրապետական հիվանդանոց և պոլիկլինիկա։ Քաղաքապետարանը խոստացել էր միջոցներ ձեռնարկել, բայց տրանսպորտի խնդիրն այդպես էլ մնացել է չլուծված։ Պատասխանելով առաջին հարցին՝ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը նշեց, որ մայրաքաղաքի փողոցների բարեկարգման ուղղությամբ կառավարությունը շարունակում է աշխատանքը։ Ամեն տարի այդ նպատակով կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրում զգալի գումարներ են նախատեսվում, և դրանց չափը տարեցտարի ավելացվում է. 2018-ին հատկացվել էր 1 միլիարդ դրամ, 2019-ին՝ 2 միլիարդ 400 մլն։ Նախարարի խոսքով՝ մայրաքաղաքի փողոցների բարեկարգման ուղղությամբ գումարներ նախատեսելիս հաշվի է առնվում նաև որոշ փողոցների բարդ ռելիեֆը. հորդառատ անձրևներից հետո դրանք դառնում են անանցանելի։ Ինչ վերաբերում է Տիգրան Մեծի փողոցի բարեկարգմանը, Շահրամանյանն ասաց, որ անցյալ տարի նախարարությունը մշակել էր նախագիծ, որի իրականացման համար պահանջվել է մոտ 72 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ, փողոցների բարեկարգման աշխատանքները ֆինանսական մեծ ներդրումներ են պահանջում. 1կմ-անոց հատվածը բարեկարգելու համար անհրաժեշտ է մոտ 300-450 մլն դրամ։ Խոսքը քաղաքային փողոցի մասին է, իսկ ընդհանուր օգտագործման ճանապարհների դեպքում նույն հատվածի բարեկարգումը պահանջում է 150 մլն դրամ։ Փողոցները բարեկարգելիս զգալի աշխատանքներ են կատարվում նաև ենթակառուցվածքները փոխելու ուղղությամբ` և՜ ստորգետնյա, և՜ վերգետնյա։
Քաղաքաշինության նախարարը խոստացավ անուշադրության չմատնել պատգամավորի կողմից բարձրացված հարցը, պահանջվող 72 մլն դրամն ինչ-որ կերպ հայթայթել։
Երկրորդ հարցին պատասխանեց էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը։ Քաղաքային տրանսպորտի խնդիրը թեև համայնքային խնդիր է, այդուհանդերձ, դրանց լուծման գործընթացում նախարարության մասնագետները մշտապես ներգրավված են լինում։ Երթուղիները ձևավորելիս հաշվի են առնվում մի քանի հանգամանքներ, որոնցից կարևորն ուղևորահոսքն է։ Գրիգորյանը նշեց, որ նախարարությունն իր դիտարկումներն ունի նշված հարցի վերաբերյալ. իր համար զարմանալի է, որ Ալեք Մանուկյան փողոցում ուղևորահոսքի աճ է արձանագրվել, և մեքենաները չեն հերիքում։ Համապատասխան տեխնիկական միջոցներով ուղևորահոսքի հաշվարկում կիրականացվի, անհրաժեշտության դեպքում կներգրավվեն լրացուցիչ մեքենաներ, հավաստիացրեց նախարարը։ Հարցին լուծում կտրվի, մանավանդ որ համայնքն ունի այդ հնարավորությունը։
2016-ի ապրիլյան պատերազմից հետո Հադրութի շրջան էր տեղափոխվել մեծ քանակությամբ ծանր տեխնիկա՝ կառուցապատելու ռազմավարական նշանակություն ունեցող՝ Այգեստանից Ակնաղբյուր ձգվող ճանապարհը։ Պատգամավոր Արմեն Օհանյանին մտահոգում էր այն, որ աշխատանքներն ավարտին չեն հասցվել։ Դրանք իրականացվել են 80%-ով։ Այդ հատվածում ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ի կողմից այժմ աշխատանքներ են տարվում։ Գործադիրը մտադի՞ր է ավարտել նշված ճանապարհի կառուցապատումը։
Երկրորդ հարցն արտադրված կաթի իրացմանն էր առնչվում։ Հադրութի տարածքում կաթի ընդունման կետ չկա, և դա դժվարացնում է անասնապահությամբ զբաղվող ֆերմերների աշխատանքը։ Այդ մարդիկ իրենց տնտեսական գործունեությունը կազմակերպում են գլխավորապես վարկերի միջոցով։
Ի պատասխան առաջին հարցի՝ քաղաքաշինության նախարարը տեղեկացրեց, որ նշված ճանապարհը կառուցվել է խճային հիմքով։ Ընթացքում միջին ճնշման գազատարի տեղափոխման խնդիր էր առաջացել։ Քաղաքաշինության նախարարությունն այդ խնդրին կանդրադառնա ՙԱրցախգազի՚ կողմից աշխատանքներն ավարտելուց հետո։ Շահրամանյանը միաժամանակ տեղեկացրեց, որ այդ մասով պետբյուջեից ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել։
Արձագանքելով նախարարին՝ Օհանյանն ասաց, որ խնդիրը պետք է պահել ուշադրության կենտրոնում։ Ճանապարհի ամբողջական կառուցապատման արդյունքում կարելի է նախատեսել միջշրջանային երթուղային գիծ, որը կարող է իրար հետ կապել 16 համայնքներ։
Երկրորդ հարցը պարզաբանեց գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը։ Կաթի մթերման խնդիրը Գյուղնախարարության համար օրակարգային է։ Ոչ միայն Հադրութում, այլև մյուս շրջաններում ևս չկա կաթի ընդունման կետ, որը համարվում է միջանկյալ օղակ հետագա վերամշակման համար։ Առաջիկայում գործադիրի կողմից կլինեն համապատասխան քայլեր։ Կաթի ընդունման կետեր ունենալը հարցի լուծում չէ, որովհետև մեր հանրապետությունում առկա վերամշակման միջոցներն իրենց արտադրական ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ Խոսքը վերաբերում է Ստեփանակերտում տեղակայված ՙԱրցախկաթ՚ և ՙԱռաջնեկ՚ ընկերություններին, որոնք գործում են իրենց արտադրական հզորությունների 75-80%-ով։ Միրզոյանի իրազեկմամբ՝ օրեր առաջ պետական նախարարի մոտ խնդրի շուրջ քննարկում է եղել։ Դրան պետք է համալիր լուծում տրվի։
Պատգամավոր Վարդգես Ուլուբաբյանը Դաշուշենի մոտակայքում տեղադրված, մեր ժողովրդի համար խորհրդանիշ դարձած խաչի մասին խոսեց։ Այն կամա՛ց-կամաց ՙմարում՚ է։ Գուցե կարիք կա մասնավորից փոխանցել պետության հովանավորությա՞նը, հարցրեց պատգամավորը՝ հավելելով, որ խաչը մեզնից պետք է անպակաս լինի։
Երկրորդ հարցը Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր տաճարի մերձակայքի շինություններին էր վերաբերում։ Դրանք ուղղակի չպիտի գտնվեն նորակառույցի հարևանությամբ։ Ինչ-որ բան արվելո՞ւ է այդ ուղղությամբ։
Առաջին հարցին պատասխանեց պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Խաչը կառուցվել է մասնավոր հատվածի ներկայացուցչի կողմից, այսինքն՝ չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն։ Հարցը ենթակա է քննարկման։
Քաղաքաշինության նախարարը, նախքան Ուլուբաբյանի երկրորդ հարցին պատասխանելը, ներկաներին իրազեկեց, որ խաչը կառուցող հովանավորն արդեն մտածում է ձեռքբերել այնպիսի լուսատուներ, որոնք կաշխատեն ավելի երկար և ցանկացած եղանակային պայմաններում։
Ինչ վերաբերում է տաճարի մերձակայքում գտնվող շինություններին, դրանք ենթակա են կազմաքանդման։ Տարածքն ամբողջությամբ բարեկարգելուց հետո կտեղադրվի Վաչագան Բարեպաշտի արձանը։ Կառավարությունն արդեն նշված շինությունների սեփականատերերին փոխհատուցումներ հատկացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։
Պատգամավոր Սերգեյ Հարությունյանի հարցը բազմազավակ ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրին էր առնչվում։ Նրա խոսքով՝ եթե ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով է տունը կառուցվել, շահագործման է հանձնվում կահավորված վիճակում, իսկ պետական միջոցներով կառուցվելու դեպքում՝ ոչ։ Քաղաքացիների շրջանում դա երբեմն դժգոհության տեղիք է տալիս։ Հնարավո՞ր է, արդյոք, պետական միջոցներով կառուցված բնակելի տան մասնակի կահավորում իրականացնել։
Կարեն Շահրամանյանի պարզաբանմամբ՝ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը չունի այնպիսի ծրագիր, ինչպիսին ԱՀ կառավարությունն ունի։ Վերջին երկու տարիներին հովանավորների կողմից գումարներ են հանգանակվել բազմազավակ ընտանիքների համար բնակելի տներ կառուցելու նպատակով։ Կառուցվել են մի քանի տներ, բայց ներկա դրությամբ այդ ծրագիրը չի գործում։ Դրանք, իրոք, կահավորված էին։
Գոյություն ունի բազմազավակության խթանման պետական ծրագիր, որով նախատեսվում է բնակելի տների կառուցում։ Դրանք շահագործման են հանձնվում առանց կահավորման ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Նախարարը նշված խմբի քաղաքացիների շրջանում բացատրական աշխատանքի անհրաժեշտություն էր տեսնում։