comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արարատ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ

-Ցեղասպանության վերաբերյալ իրականության ու փաստերի խեղաթյուրման գործում թուրքական քարոզչամեքենան չի խորշում ամենատարբեր կեղծարար միջոցների դիմելուց, ինչպիսիք, օրինակ, այդ թեմայով հայ և թուրք պատմաբանների համատեղ քննարկումներ կազմակերպելու նրանց մտահղացումն ու հայտարարությունն էր։ Որո՞նք են դրանցից բխող գլխավոր վտանգներն ու ծուղակները։
-Ինչպես գիտենք, Առաջին աշխարհամարտում Թուրքիան պարտվեց։ Միջազգային հասարակական կարծիքի ճնշման տակ սուլթան Մեհմեդ 6-րդը որոշում կայացրեց Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանության ու կոտորածի համար դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքերի կառավարության և կուսակցության անդամներին, որոնցից շատերն արդեն փախել էին արտասահման։ Դատաքննությունն սկսվեց 1919-ի ապրիլի վերջին։ Դատավճիռը կայացավ հուլիսի 5-ին։ Դատարանը հեռակա կարգով մահվան դատապարտեց Թալեաթին, Էնվերին, Ջեմալին և ուրիշների։ Տասնյակ ցեղասպաններ ստացան տարբեր պատժաչափեր։ Այսպիսով, առաջինը թուրքական իշխանություններն ու դատարանն էին, որ ընդունեցին հայերի նկատմամբ կատարված ցեղասպանության փաստը և դատապարտեցին այն։ Ցավոք, այժմյան թուրքական իշխանությունները, պատմաբանները տառապում են հիշողության կորստով։ Նրանք հերքում են Հայոց ցեղասպանության բուն փաստը, դիմում են բազմապիսի մեթոդների՝ կատարվածը կեղծելու, խեղաթյուրելու համար։
Թուրք պետական, հասարակական գործիչները, պատմաբանները, ելնելով Թուրքիայի քաղաքական շահերից, նենգափոխելով պատմական իրողությունը, կրկնում են Թալեաթի խոսքը հայերի, այսպես կոչված` ՙապստամբությունների՚ վերաբերյալ։ Նրանք երիտթուրքերի կողմից ձեռնարկված պատժամիջոցները համարում էին հետևանք հայկական նահանգներում ծագած հայերի ապստամբությունների, և որ Թուրքիայի կառավարությունն ստիպված է եղել դիմել պաշտպանական գործողությունների։ Նրանք հայերի զանգվածային տեղահանությունն ու ջարդերը ներկայացնում են սոսկ ռազմական նկատառումներից բխող մի տեղափոխություն, որի ժամանակ ծարավից ու քաղցից հայեր են զոհվել։
Թուրքիայի կառավարող շրջանները, պատմաբանները ճգնում են ՙապացուցել՚, որ, իբր, Օսմանյան Թուրքիայում հայերի ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, ընդհակառակը, հայերն են կազմակերպել թուրքերի կոտորածներ։ Ինչ վերաբերում է թուրքերի կողմից հայերի բնաջնջման վերաբերյալ անգլիական, ամերիկյան և ֆրանսիական արխիվային փաստաթղթերին, ապա դրանք, ըստ թուրքերի, կեղծ են, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի հակառակորդ պետությունների փաստաթղթեր են։ Կարելի է մերժել անգլիական, ֆրանսիական կամ ռուսական փաստաթղթերը` որպես Թուրքիայի հակառակորդ պետությունների կողմից ներկայացված վկայություններ, սակայն անհնար է չընդունել Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի պետական արխիվներում պահվող արձանագրությունները։ Այդ երկու երկրների դեսպանները, հյուպատոսները համամիտ են, որ հայերի ապստամբություն չի եղել։ Հայերը զենք վերցրին միայն այն ժամանակ, երբ նրանց սպառնում էր իրական ջարդը։ Ինքնապաշտպանական կռիվներով նրանց մի մասին հաջողվեց ջարդերից փրկվել։
Հայերի ապստամբության վերաբերյալ կեղծ վկայությունները հերքվել են իթթիհատականների ղեկավարներից մեկի՝ Միվլանզադեի կողմից, ով իր գրքում խոստովանում է, որ ամենուրեք հայերի նկատմամբ կազմակերպվող ջարդերն առանձին տեղերում նրանց ստիպում էին ինքնապաշտպանության նպատակով ապստամբության դիմել։
-Ի՞ նչ եք կարծում, ճի՞շտ ուղղությամբ է ընթանում Հայոց ցեղասպանության ճանաչման մեր պայքարը։
-Տասնամյակներ շարունակ Հայաստանը, ամբողջ հայությունը հետևողականորեն պայքարել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, այն հույսով, որ ՄԱԿ-ի կողմից այդ փաստը ընդունվելուց հետո ամբողջությամբ բարձրացվի Հայկական հարցը։ Պատմության ներկա փուլում պետք է պայքարել ոչ միայն միջազգային ճանաչման համար, այլ հանդես գալ պահանջատիրությամբ: Հայ-թուրքական հարաբերությունները, թեկուզ փոխզիջումային տարբերակով, կարող են կարգավորվել միայն այն դեպքում, եթե հայ ժողովուրդը հետ ստանա իր կորցրած Հայրենիքը, ապօրինի բռնագրավված գույքը։ Ցեղասպանությունը մեր համազգային մեծ ցավն է, իսկ նրա միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված գործընթացն արտաքին քաղաքական օրակարգում պահելը և այդ ուղղությամբ հետևողական պահանջատիրությունը` ներկա և գալիք սերունդների պարտականությունը։
-Ինչպիսի՞ պատասխանատվություն և մեղավորություն ունի ժամանակակից Թուրքիան, որը ցեղասպանի խարանը ժառանգել է նախնիներից։
-Միանշանակ, այստեղ խոսքը պատասխանատվության մեծ չափի մասին է։ Թուրքիայի Հանրապետությունը հանդիսանում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը, հետևաբար, կրում է հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանության պատասխանատվությունը։ Ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը, թուրք ժողովուրդը քանի դեռ չեն ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, դառնում են հանցակից 20-րդ դարի առաջին ցեղասպանության։ Ցեղասպանության ժխտումը հանցագործությունն արդարացնելու փորձ է, իսկ դա արդեն ոչ միայն հանցակցություն է, այլ հանցագործություն։
-Եթե, այնուամենայնիվ, Թուրքիան ընդունի իր մեղքն ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ի՞ նչ հետևանքներ ու արդյունք են ենթադրում Թուրքիայի և մեզ համար։
-Թուրքիան կարող է իր մեղքն ընդունել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց չհատուցել։ Մենք չպետք է սպասենք, թե ինչ կորոշեն թուրքերը։ Մենք բարոյական, նյութական, հողային իրավունքներ ունենք ոչ թե այն պատճառով, որ ցեղասպանություն է եղել, այլ որովհետև մեր իրավունքներն ամրագրող համապատասխան միջազգային փաստաթղթեր կան։ Այդ ամենը պետք է ներկայացնել ՄԱԿ-ի արդարության միջազգային դատարանին, որն իրավասու է քննելու Հայոց ցեղասպանության հարցը։ Այն իրավաքաղաքական դաշտում է։ Ցեղասպանությունը մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն է, որ ի ճանաչումն ու դատապարտումը ապագայում նման դեպքերի կանխման լավագույն միջոցն է։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակում է ծավալվել, և հեռու չէ այն օրը, երբ այն վերջնականապես կստանա իր արդարացի գնահատականը: