comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Արցախի ԱԺ նախագահի հարցազրույցը tert.am
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի ԱԺ նախագահի հարցազրույցը tert.am

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

 Արցախի Հանրապետությունում տասը օրից ավարտվում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջարկ ներկայացնելու համար օրենսդրորեն սահմանված ժամկետը, ինչի շուրջ Tert.am-ը զրուցել է Արցախի Ազգային ժողովրդի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

-Պարո՛ն Ղուլյան, գործընթացն ավարտվում է, և հետևաբար  նախագիծը այնուհետև պետք է ներկայացվի Ազգային ժողով, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը գործընթացի վերաբերյալ:

-Անմիջական ժողովրդավարություն ապահովող սահմանադրական դրույթները 2017թ. Սահմանադրության նորույթներից են, որով քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում թե՛ օրենսդրական նախաձեռնություն, թե՛ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու առաջարկ ներկայացնել օրենսդիր մարմին: Ընդգծում եմ՝ առաջարկ ներկայացնել, ինչը բնավ չի նշանակում, որ ներկայացված առաջարկը անմիջապես պետք է ընդունվի խորհրդարանի կողմից, այլ ենթադրում է, որ այնպես, ինչպես պատգամավորի կամ երկրի նախագահի կողմից ներկայացվող առաջարկներն են քննարկվում խորհրդարանում, այնպես էլ քաղաքացիների կողմից եկող առաջարկը:

Կարծում եմ` հստակ պարզաբանման կարիք կա. «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` քաղաքացիների` ստորագրահավաքի արդյունքում ներկայացրած առաջարկը պետք է քննարկվի խորհրդարանի հերթական նիստերում՝ երկու ընթերցմամբ, այդ ընթացքում պետք է ուղարկվի Գերագույն դատարան՝ սահմանադրականությունը որոշելու համար: Մենք խստորեն հետևելու ենք սահմանված պահանջներին և առաջնորդվելու ենք միայն ու միայն օրենքի տառին համապատասխան:

-Իսկ ներկայացվող առաջարկի բովանդակությունը որքանո՞վ է ընդունելի Ձեզ համար: Մասնավորապես Սամվել Բաբայանը, օրինակ, սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում, որպեսզի ինքն էլ մասնակցի Արցախի նախագահական ընտրություններին:

-Մինչ այժմ Արցախի Հանրապետության իշխանությունները ամեն ինչ արել են սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը սահմանված կարգով ընթացքավորելու համար` որևէ կերպ չմեկնաբանելով դրա սահմանադրականությունը: Մինչդեռ նախորդ օրերին ներկայացված բացատրությունները և հատկապես Սամվել Բաբայանի տված պարզաբանումները այն մասին, թե նա ինչպես է տեսնում հարցի հետագա ընթացքը, ստիպում են խոսել այդ մասին՝ առայժմ միայն նախնական գնահատականի կտրվածքով: Գործընթացի հետագա փուլերում, համոզված եմ, կլինեն բազմաթիվ քաղաքական ու իրավական գնահատականներ, սակայն այս պահին էլ, իմ կարծիքով, ակնհայտ է, որ առաջարկությունը սահմանադրականության հետ խնդիր ունի:

Նախ` ինձ հայտնի չէ ուրիշ որևէ երկրի սահմանադրություն, որով փաստացի սահմանվում են այլ երկրի քաղաքացիների իրավունքները, առավել ևս, որ այդ իրավունքի կիրարկումը փոխադարձ համաձայնեցված չէ: Երկրորդ՝ անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին, այն դեպքում, երբ առհասարակ առաջադրվելու իրավունքը ծագում է ընտրելու իրավունքից հետո: Անմիջական ժողովրդավարության իրացումը պետք է նպաստի սահմանադրականության զարգացմանը, ոչ թե վտանգի այն: Այս առաջարկի հետ կապված կա կոնկրետ խնդիր Արցախի ինքնիշխանության և Սահմանադրության 1-4 անփոփոխելի հոդվածների առնչությամբ:

-Նշեցիք, որ ՀՀ քաղաքացիներին նման իրավունքի տրամադրումը փոխադարձ համաձայնեցված չէ, իսկ ի՞նչ եք կարծում, արդյոք առաջարկը ընդունելի կարող է լինել ՀՀ իշխանությունների համար:

-Խիստ կասկածում եմ, որ այս գաղափարը տեղավորվում է Հայաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքական գծի մեջ, հատկապես արտաքին քաղաքական թեմաների և հիմնականում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իրական ձևաչափի վերականգնման տեսանկյունից: Հասկանալի է, որ նախաձեռնողների կողմից ամեն ինչ արվել է առաջարկն այնպես ձևակերպելու համար, որ էմոցիոնալ արձագանքների պակաս չլինի, սակայն նման նախաձեռնությունները լուրջ կորուստների կարող են հանգեցնել ճանաչման ձգտող սուբյեկտի՝ Արցախի Հանրապետության համար: