comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ՚ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵՔ ԻՍՐԱՅԵԼԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ՚ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵՔ ԻՍՐԱՅԵԼԻՆ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին թուրք-ադրբեջանական տանդեմը յուրովի էր նախապատրաստվել. նախևառաջ դիվերսիոն ներթափանցման փորձ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և ապա միջազգային այդ հարթակի օգտագործում հայկական կողմին ՙտարածքների օկուպացիայի՚ մեջ մեղադրելու նպատակով։ Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները միջազգային հանրության հետ շփվելու նպատակով նույն տեքստն են անգիր արել, իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը և հակամարտության խաղաղ կարգավորումը եղբայրական պետությունների համար հինգերորդական նշանակության հարցեր են։ Խաղաղ գործընթացի առաջմղման նպատակով վստահության մթնոլորտի ձևավորումը պահանջում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հարգում։ Հայաստանի և Արցախի ղեկավարները պարբերաբար հիշեցնում են այս մասին՝ առաջնային նշանակություն տալով շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրմանը, ինչը պետք է իրականացվի համապատասխան մեխանիզմների ներդրման և ամրապնդման միջոցով։ Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը, ներկայացնելով հայկական կողմի սկզբունքային մոտեցումները, կարևորեց կարգավորման գործընթացում կողմերի ստանձնելիք պարտավորությունների համաչափության ապահովումը։ 

Արձանագրենք, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման նախօրեին ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն ներթափանցման փորձը ձեռնարկեց։ Եվ հերթական անգամ հետ շպրտվեց ելման դիրքեր։ Դա տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ։ Պաշտպանության բանակի հաղորդագրությունից իրազեկվեցինք, որ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը չեզոք գոտում թողել է մեկ դիակ, իսկ ՊԲ-ն կորուստ չի ունեցել։ Միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու ադրբեջանական քարոզչամեքենայի փորձերը կանխելու նպատակով Արցախը տեղեկացրեց նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից։ Ադրբեջանն առաջին անգամ չէ նման վարքագիծ ցուցադրում. որպես կանոն, շփման գծում այս կարգի գործողությունների է դիմում համանախագահների միջնորդությամբ կազմակերպվող հանդիպումների ժամանակ։ Պաշտոնական Բաքվի այդ վարքագիծը քամահրանք է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ, ապակառուցողական քաղաքականության վերահաստատում։

Ադրբեջանական դիվերսիայի տրամաբանական շարունակությունը Էլմար Մամեդյարովի հայտարարությունն էր Նյու Յորքում Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում գործող՝ Ղարաբաղի հարցով կոնտակտային խմբի նիստում։ Ըստ Մամեդյարովի՝ Հայաստանը հակամարտության կարգավորման ցանկություն չունի։ Նա խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի մասին՝ ասելով, թե հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ՙօկուպացված տարածքներից՚։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նույնպես Նյու Յորք էր մեկնել՝ մասնակցելու ՄԱԿ ԳԱ-ի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները նախապես իրազեկել էին նրա հանդիպումը ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների ու նաև Նյու Յորքի հրեական համայնքի հետ։ Ելույթ ունենալով ԳԱ-ի նստաշրջանում, Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե ՙանընդունելի է, որ Ադրբեջանի տարածք համարվող Լեռնային Ղարաբաղը և նրա հարակից շրջանները դեռ օկուպացված են՚։ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից նոր խոսք է ասել՝ անհրաժեշտ է աշխարհի խնդրահարույց տարածաշրջանների ցուցակից Հարավային Կովկասը հանել։
Մեր համոզմամբ՝ Հարավային Կովկասը նշված ցուցակից կարելի է հանել մի դեպքում. միջազգային հանրությունը համաձայնության է գալիս այն հարցի շուրջ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը սպառնացող ամենամեծ վտանգն է, որի դեմ կարելի է պայքարել համընդհանուր ջանքերով։

Որևէ մեկը չի կասկածում, որ Թուրքիան ու Ադրբեջանը համարվում են Իսրայելի դաշնակիցներ։ Իսկ թե ինչու Էրդողանը ցուցադրաբար հանդիպում կազմակերպեց ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների և Նյու Յորքի հրեական համայնքի հետ, թերևս, կարելի է հասկանալ։ Վերջերս ՀՀ կառավարությունը տեղեկացրեց, որ մտադիր է քննարկել Իսրայելում դեսպանություն բացելու հարցը։ Հայ-իսրայելական երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալն ուղղված է տարածաշրջանում Հայաստանի շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը, բացի այդ, միտված է պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Իսրայելը Մերձավոր Արևելքում կարևոր խաղացող է և նրա քաղաքականությունն անմիջականորեն ազդում է տարածաշրջանի կայունության վրա։ Հայկական նախաձեռնությունն Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության հավանությանն էր արժանացել. Թել Ավիվում այն կարծիքին են, որ դեսպանության բացումը մի նոր փուլ կնշանավորի Հայաստան-Իսրայել հարաբերություններում։
Այս նորությունը Ադրբեջանին չի գոհացնում, որն Իսրայելի հետ ունի ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակ և ամենևին շահագրգռված չէ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմամբ։ Ադրբեջանական վերնախավի շահը սպասարկող լրատվամիջոցն անթաքույց տագնապով հարցազրույցի էր հրավիրել իսրայելցի քաղաքագետ Յուրի Բոչարովին։ Վերջինս ալիևյան քարոզչամիջոցի հույսերը չի արդարացրել՝ ասելով, որ չնայած Իսրայելը մերձավորարևելյան տարածաշրջանում դերակատարություն ունեցող պետություն է, այդուհանդերձ, քաղաքական և տնտեսական իմաստով մեկուսացած է աշխարհի շատ երկրներից։ Եվ այս իմաստով արտաքին աշխարհում սեփական դիրքերի ամրապնդումը կարևոր նշանակություն ունի նրա վարկանիշի համար։ Բոչարովն իրեն հետաքննող ադրբեջանցի լրագրողին ուղղակիորեն ասել է, որ պետք չէ այդքան անհանգստանալ, չէ՞ որ Իսրայելը Բաքվից չի պահանջում փակել Իրանի դեսպանությունը, այն պետության, որի մտադրությունն Իսրայելը ոչնչացնելն է։
Վերադառնանք ՙօկուպացված տարածքների՚ մասին Նյու Յորքում հնչած հայտարարություններին։ Ելնելով այն իրողությունից, որ Իսրայելը համարվում է Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակից պետություն, ՙօկուպացիան՚ դիտարկենք Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտնի հայտարարության խորապատկերին։ Նախագահն ասել էր, որ այդ տարածքը հսկայական նշանակություն ունի Իսրայելի անվտանգության համար և ԱՄՆ-ն ճանաչում է այն։ Վաշինգտոնը հասկանալ տվեց, որ եթե պետությունն ագրեսիայի է ենթարկվել և միաժամանակ կարողացել իր վերահսկողության տակ վերցնել տարածքներ, որոնք կարևոր նշանակություն ունեն իր անվտանգության ապահովման համար, ապա սահմանների փոփոխությունը լեգիտիմ է։ Պաշտոնական Ստեփանակերտը ողջունեց այդ հայտարարությունը՝ համարելով, որ Գոլանի բարձունքների նախադեպը շատ կարևոր է մեզ համար՝ ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումն առաջ մղելու տեսանկյունից։ Հրեաների օրինակը հիշեցնելով, այդուհանդերձ, պետք է նշենք գլխավոր տարբերությունը՝ Գոլանի բարձունքները, որոնք այսօր Իսրայելի վերահսկողության տակ են, պատմականորեն Սիրիային են պատկանել, իսկ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված տարածքները մեր պատմական հայրենիքի մի մասն են միայն։