ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՄԻՏԱՑԻԱ ԿԱՄ՝ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՆՈՐ ՓՈՒԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Ադրբեջանում վերստին լարված իրավիճակ է, որի պատճառներից մեկն, այսպես կոչված, բարեփոխումների իրականացումն է իշխանության հանդեպ հասարակության անվստահությունը ցրելու նպատակով։ Սա հեռանկարից զուրկ գործընթաց է այն պարզ պատճառով, որ իշխանության ներսում կատարվող վերադասավորումները չեն կարող փոխել բռնապետական վարչակարգի բնույթը։
Իշխանական երկու կլանների՝ Ալիևների և առաջին տիկնոջ բարեկամների՝ Փաշաևների միջև պայքարը վաղուց է սկսվել, որը սրվեց այն բանից հետո, երբ Մ. Ալիևան ստանձնեց Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնը։ Կհասնի՞ այն իր վերջնակետին, ցույց կտա ժամանակը։ Ներկա դրությամբ առաջին տիկինը տարբեր ուղղություններով ինտենսիվ աշխատանք է տանում՝ բռնապետության պիտակն Ադրբեջանից հեռացնելու համար։ Երկրի ներսում նա պաշտոններ է բաժանում ոչ փորձառու, բայց երիտասարդ կադրերին, որոնք ներգրավված են եղել տարբեր պետությունների հետ տարվող լոբբիստական աշխատանքներում և, բացի այդ, այս կամ այն կերպ առնչվում են Փաշաևներին։ Իսկ արտաքին ուղղությունում նա սերտացնում է կապերը ժողովրդավար աշխարհի հետ. անձամբ ինքը՝ որպես փոխնախագահ, մեծ ջանքեր ու ռեսուրսներ է ներդնում նոր մակարդակի վրա դնելու Ֆրանսիայի հետ հարաբերությունները` փորձելով նաև խոչընդոտել Ֆրանսիա-Արցախ համագործակցությանը։ Դա, բնականաբար, նրան չի հաջողվում։
Միջազգային կազմակերպությունների զեկույցներում Ադրբեջանը մշտապես նշվում է որպես ցածր վարկանիշ ունեցող պետություն՝ նախևառաջ մարդու իրավունքների վիճակի առումով։ Ոչ հեռու անցյալում եվրոպական հեղինակավոր կառույցների ճնշման ներքո Իլհամ Ալիևն ազատ է արձակել մի քանի լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների, սակայն քաղբանտարկյալների ճնշող մեծամասնությունը մնում է անազատության մեջ։ Նման իրավիճակում Ալիևան փորձում է միջազգային հանրության շրջանում Ադրբեջանի շուրջ դրական կարծիք ստեղծել երկրի ներսում փոփոխություններ իրականացնելու ճանապարհով։ Բայց դա սիզիփոսյան աշխատանք է, քանի որ այդ ամենի արդյունքում ո՜չ ալիևյան վարչակազմն է փոխում իր ներքին և արտաքին քաղաքականությունը, ո՜չ էլ երկրում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականն է փոխվում։
Անցած ամսում Բաքվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքն ու խաղաղ ցուցարարների վրա ոստիկանության հարձակումը վերստին ջրի երես հանեցին իշխանություն-հասարակություն հակամարտությունը։ ՙԹուրան՚ գործակալությունը նոյեմբերի 1-ին տեղեկացրեց, որ ադրբեջանցի ակտիվիստների, իրավապաշտպանների մի խումբ, որին միացել էր ընդդիմության առաջնորդներից մեկը, դիմել են ԱՄՆ նախագահի վարչակազմին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ճչացող խախտումների դեմ հանդես գալու կոչով։
Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի առաջնորդ Ջամիլ Հասանլին ափսոսանք և հիասթափություն է հայտնել ԱՄՆ պետդեպարտամենտի լուռ պահվածքի առնչությամբ, այն ժամանակ, երբ իշխանությունը բռնություններ էր գործադրում ընդդիմության առաջնորդներ Ալի Քերիմլիի, Թոֆիկ Յաղուբլիի և Իբրահիմ Իբրահիմլիի նկատմամբ։ Հասանլիի դիտարկմամբ՝ մի կողմից ժողովրդի հասարակական-քաղաքական ակտիվությունն է օրեցօր աճում, մյուս կողմից՝ իշխող վարչակարգի բռնարարքներն են ծայրահեղության հասնում։ Բռնությունների կիրառումը, Ազգային խորհրդի առաջնորդի համոզմամբ, նախապես ծրագրված գործողություն էր հոկտեմբերի 19-ի հանրահավաքի մասնակիցների և ընդդիմության դեմ։ Հանրահավաքի ընթացքում 600 մարդ է ձերբակալվել՝ ներառյալ կանայք, տարեցներ, անչափահասներ և նույնիսկ հաշմանդամներ։ Նրանցից շատերը, Ազգային խորհրդի տվյալներով, Բաքվի ոստիկանության տարբեր բաժանմունքներում ենթարկվել են սարսափելի դաժանությունների։ Բժշկական որոշ հաստատություններ էլ հրաժարվել են առաջին օգնություն ցույց տալ իրավապահների գործողություններից տուժածներին։
Արևմուտքը պետք է մեսիջներ ուղարկի Ադրբեջանին այն մասին, որ նման չարաշահումներ այլևս չի հանդուրժելու, հայտարարել է Ջ. Հասանլին։
Հոկտեմբերի 29-ին Ազգային խորհրդի համակարգող կենտրոնի աշխատակից, թերևս, ամենաակտիվ իրավապաշտպան Օքթայ Գյուլալիևը, ով համարվում է իշխանության բռնարարքների դեմ պայքարողներից ամենահամարձակը, վրաերթի է ենթարկվել և գտնվում է մահամերձ վիճակում։ Այս մասին իրազեկում է ադրբեջանական կայքը և հավելում, որ դա սովորական պատահար չէր, այլ դիտավորյալ սպանության փորձ՝ կապված նրա հասարակական գործունեության հետ։ Նրա ընտանիքը պարբերաբար հետապնդումների է ենթարկվում։ Նրան մի քանի անգամ զգուշացրել էին, որ նման գործունեությունը վատ վերջաբան է ունենալու, սակայն, հակառակ բոլոր սպառնալիքների, իրավապաշտպանը շարունակել է քննադատել Ադրբեջանի ուժային կառույցների գործելաոճը։
Ընթացիկ տարվա մարտին Գյուլալիևը հրապարակեց Թերթերի զինդատարանի 2019-ի հունվարի 31-ի դատավճիռը, որը կայացվել է ադրբեջանական բանակի զինվորների խոշտանգումների և սպանությունների մասին գործով. զինվորներին մեղադրում էին հայերի հետ համագործակցելու մեջ։ Ադրբեջանական կայքերից մեկը տեղեկացնում է, որ այդ զինվորներին ձերբակալել էին 2017-ի մայիսին, որոնք որոշ ժամանակ անց մահացել էին կալանավայրում։ 8 մահացածներից չորսն արդարացվել է, իսկ նրանց խոշտանգողները ձերբակալվել են, բայց ոչ կալանավորների սպանության համար։ Իրավապաշտպանը հարց է բարձրացրել՝ ինչպե՞ս է ստացվում, որ առանձնակի դաժանությամբ կալանավորներին սպանողները դատապարտվում են 6 տարվա ազատազրկման, այն էլ ոչ սպանության հոդվածով։ Ինչպե՞ս է ստացվում, որ կորպուսի, բրիգադի հրամանատարությունը, որտեղ կատարվել էր ՙդավաճանությունը՚, պահպանում է պաշտոնները, իսկ շարքայիններին խոշտանգում են և սպանում։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը մեսիջ է ուղարկել Բաքվին հոկտեմբերի 19-ի բողոքի ակցիայի ժամանակ ադրբեջանական ոստիկանության գործողությունների վերաբերյալ։ Նա դատապարտել է բռնությունները՝ ասելով, որ չարտոնված հանրահավաքները դաժանաբար ցրելը լուրջ անհանգստության տեղիք է տալիս։ Հանձնակատարը մատնացույց է արել իրավապահ մարմինների կողմից ուժի անիրավաչափ կիրառման փաստը և բռնությունների արդյունավետ հետաքննության իրականացման կոչ արել իշխանություններին։
Կարծում ենք` Ալիևների քաղաքականության համարժեք պատասխանը Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբի կոչն էր Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին՝ դադարեցնել ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունն ամբողջությամբ չի կատարել իր պարտավորությունները։
Բանն այն է, որ հոկտեմբերի 19-ի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը մեղադրանքներ էր հնչեցրել ԵՄ-ի հասցեին՝ համարելով նրան անկարգություններին ներգրավված կողմ։ Պատկերն այսպիսին է՝ տիրապետող վարչակազմն իր կյանքը երկարաձգելու նպատակով զբաղվում է ժողովրդավարական բարեփոխումների իմիտացիայով, բայց երբ գործը հասնում է իշխանության դեմ հասարակության ընդվզումներին և մարդու իրավունքների պաշտպանությանը, այդ վարչակազմը ժողովրդավարական արժեքները կրողին ներկայացնում է որպես անկարգություն հրահրող ուժ։
Իսկ ադրբեջանական ընդդիմությունը թափ է հավաքում՝ պատրաստվելով նոր հանրահավաքի։ Երկրում տիրող իրավիճակը վկայում է ներքաղաքական ճգնաժամի նոր փուլի մասին։ Սա այն դեպքն է, երբ ներքևները չեն ուզում ապրել հին ձևով, իսկ վերևները չեն կարողանում կառավարել։ Իշխանության քայլերը և իմիտացիոն բարեփոխումներն ի զորու չեն լինի կանխելու այդ ճգնաժամը։