[ARM]     [RUS]     [ENG]

Վրաստանում կորոնավիրուսի համար ադրբեջանցիների՞ն են մեղադրում

Վահրամ Աթանեսյան

 Ոչ մի երկիր կորոնավիրուսով վարակված մարդկանց անձնական տվյալները չի հրապարակում: Բացառություն չէ նաեւ հարեւան Վրաստանը, որտեղ պաշտոնական տեղեկություններով տարածաշրջանի մյուս երկրների համեմատ վարակակիրների թվաքանակն անհամեմատ նվազ է, եւ մահվան միայն երկու դեպք է արձանագրվել:

Բայց ահա ադրբեջանական մամուլը դարձյալ իր ,,բարձրության,, վրա է եւ սեփական երկրի լրջագույն խնդիրները թողած՝ քննարկում է Վրաստանում կորոնավիրուսի պատճառով տարածվող ,,քսենաֆոբիայի,, թեման: Որքան կարելի է հասկանալ Բաքվի լրատվամիջոցների մշուշոտ ակնարկներից, Վրաստանում կորոնավիրուսի առաջին վարակակիրը հայտնաբերվել է հիմնականում էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի շրջանում: Կինը, որի անունը հասկանալի պատճառներով չի հրապարակվում, մի քանի օր գտնվել է Ադրբեջանում, իսկ Մառնեուլի վերադառնալով՝ հիվանդության ախտանշանների մասին ոչինչ չի հայտնել բժշկական հաստատությանը: Ընդհակառակը, մասնակցել է թաղման արարողության, որից հետո մի քանի հոգի իրենց վատ են զգացել:

Վրացական իշխանությունները, կողմնակի աղբյուրներից տեղեկանալով իրավիճակի մասին, մեկուսացրել են Ադրբեջանից վերադարձած կնոջը, նրա մերձավորներին եւ թաղման արարողության մի քանի մասնակիցների: Կորոնավիրուսի թեսթի պատասխանը եղել է դրական, եւ հիվանդներն անհապաղ մեկուսացվել են: Իշխանությունները ձեռնարկել են բնակավայրերի ախտահանման եւ այլ անհրաժեշտ միջոցառումներ: Մառնեուլիի եւ Բոլնիսիի շրջաններում հայտարարվել է լիակատար կարանտին, փակվել են Ադրբեջանի հետ սահմանային անցակետերը: Վարակի տարածումը կանխելու համար ցանկացած իրեն հարգող իշխանություն նույնը կաներ՝ անկախ նրանից, թե խոսքն էթնիկ ինչ խմբի մարդկանց մասին է: Ադրբեջանում, սակայն, վրացական իշխանությունների ձեռնարկած քայլերում ենթատեքստ են տեսնում եւ շահարկում, թե Վրաստանը խտրականություն է ցուցաբերում էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց զրկելով Ադրբեջանի հետ շփումների հնարավորությունից: Եւ դա այն դեպքում, երբ Ադրբեջանում արդեն մեկ ամիս է՝ կտրկանապես արգելված է շրջաններից մայրաքաղաք Բաքու մուտքը, սահմանափակված են միջշրջանային եւ միջքաղաքային ուղեւորափոխադրումները, դադարեցված է օդային հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ:

Պարզվում է, ադրբեջանական կողմին խիստ դժգոհություն են պատճառում սոցցանցերի վրացական տիրույթում արվող գրառումները, որտեղ վրացի օգտատերերն ադրբեջանցիներին անվանել են ,,կեղտոտ վարակակիրներ,,: Վրացիներն իրենց տեսակետը հիմնավորել են նրանով, որ վրաստանաբնակ ադրբեջանցիներն այցելել են նաեւ Իրան, որտեղից էլ բերել են կորոնավիրուսի վարակը եւ տարածել: Սա, ինչպես հասկանում է յուրաքանչյուր բանական մարդ, զուտ կենցաղային դժգոհություն է, ինչը, սակայն, Բաքվում ընկալում են որպես ,,ազգային արժանապատվության ոտնահարում,, եւ անում են չափազանց հեռուն գնացող ենթադրություններ: Ընդհուպ Ռուսաստանին մեղադրում են կորոնավիրուսն օգտագործելու միջոցով ,,Վրաստանում հակաադրբեջանական քարոզչություն ծավալելու եւ այդ կերպ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմավարական համագործակցությունը խափանելու,, մեջ:

Ալիեւյան քարոզչամեքենայի երեւակայությունն, իրոք, սահմաններ չի ճանաչում: Ըստ երեւույթին, իշխող վարչախումբը պարզապես նախանձում է կորոնավիրուսի դեմ պայքարում վրացական կողմի հաջողություններին: Չէ՞ որ արդեն երկու տասնամյակ է՝ Ադրբեջանում սեփական հանրությանը ներշնչում են, որ առանց Բաքվի օգնության Վրաստանը ոչինչ անել չի կարող: Իսկ կորոնավիրուսի դեմ պայքարը լակմուսի թղթի պես բացահայտում է ադրբեջանական ,,տնտեսական հրաշքի,, ողջ սնանկությունը:

Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ութերորդ դեպքը, եւս ութ մարդ մեկ օրում մահացել է մեթիլ սպիրտը որպես կորոնավիրուսից պաշտպանության միջոց օգտագործելու հետեւանքով, հիվանդանոցային պայմանները չեն բավարարում: Իշխանությունները կարողանում են քիչ թե շատ վերահսկելի պահել Բաքվի եւ Ապշերոնյան թերակղզու համաճարակային իրավիճակը: Ի՞նչ պատկեր է շրջաններում՝ ոչ ոք ոչինչ ասել չի կարող, մտցված է դաժան գրաքննություն: Այս համապատկերին Վրաստանը դրախտավայր է: Եւ ալիեւյան քարոզչամեքենան որոշել է արատավորել հարեւան երկրին ու ժողովրդին: Ի՞նչ պատասխան կտա Վրաստանը: