[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

Վլադիմիր  Հովսեփյան

Հանրապետության  վաստակավոր  իրավաբան

 Կան  ճակատագրական  պահեր,  երբ  պետության  լինել - չլինելու  հարցը  կախված  է  լինում  պետական  իշխանության  տեղին  և   ժամանակին   կատարած  ճշգրիտ  քայլերից,  եւ  եթե  խոսքը  վերաբերում  է  պետության  փրկությանը,  ինչը  հնարավոր  չէ  առանց  քաղաքացինների  եւ  նրանց  միավորումների  իրավունքների,  ազատությունների  ու  գործունեության  սահմանափակման,  ապա  հանուն  պետության  փրկության  եւ պահպանման,  մի  շարք  իրավունքներ  եւ  ազատություններ  կարող  են  ժամանակավորապես  կասեցվել  կամ  լրացուցիչ  սահմանափակումների  ենթարկվել:

Հայրենական  իրավունքի  վերլուծությունը  ցույց  է  տալիս,  որ  գործող  օրենսդրությունն  ամրագրել  է  պետական  իշխանության  գործառույթների  իրականացման  երկու  ռեժիմ՝  ամենօրյա  եւ  հատուկ: 

Առաջինն  իր  բազմաթիվ  դրսեւորումներով  գործում  է  արտակարգ  հանգամանքների  հետ  չկապված  կամ  այլ  կերպ  ասած՝  հասարակական  կյանքի  հանգիստ  ընթացքի  պայմաններում  եւ բնորոշվում  է  քաղաքացինների  ու  նրանց  միավորումների  վարքագծի  եւ  գործունեության  որեւէ  սահմանափակման  բացակայությամբ  (բացառությամբ՝  օրենքով  նախատեսված  դեպքերի): 

Հատուկ  ռեժիմը  ենթադրում  է  նման  վարքագծի    եւ  գործունեության  նկատմամբ  նորմատիվ  իրավական  ակտերով  նախատեսված  կոշտ  սահմանափակումներ,  որի  նպատակն  այն  հանգամանքների  վերացումն  է,  որոնք  անմիջական  վտանգ  են  սպառնում  պետության  քաղաքացինների  իրավունքներին  եւ  ազատություններին,  ազգային  շահերին,  սահմանադրական  կարգին  եւ  այլն:  Հատուկ  իրավական  ռեժիմը  հանդես  է գալիս    ռազմական  դրության,  արտակարգ  դրության  եւ  արտակարգ  իրավիճակի  ռեժիմների  պայմաններում:  Այս  երեք  հատուկ  իրավական  ռեժիմները  նախատեսված  են  Հանրապետության Սահմանադրությամբ, որոնց գործունեությունը  կարգավորված  է  նաեւ  համապատասխան  օրենքներով:

Սահմանադրության  131-րդ  հոդվածի  համաձայն՝  Արցախի  Հանրապետության  վրա  զինված  հարձակման,  դրա  անմիջական  վտանգի  առկայության  կամ  պատերազմի  դեպքերում  Հանրապետության  Նախագահը  հայտարարում  է  ռազմական  դրություն,  ուղերձով  դիմում  է  ժողովրդին  եւ  կարող  է  հայտարարել  ընդհանուր  կամ  մասնակի  զորահավաք:  Ռազմական  դրության  հասկացությունը  տրված  է  «Ռազմական  դրության  իրավական  ռեժիմի  մասին»  օրենքով  (ընդունվել  է  2018թ. դեկտեմբերի  20-ին),  ըստ  որի՝  ռազմական  դրությունը  բացառապես  ԱՀ  վրա  զինված  հարցակման,  դրա  անմիջական   վտանգի  առկայության  կամ  պատերազմի  դեպքերում  իրականացվող  ժամանակավոր  միջոցառում  է։ Այն  իրենից  ներկայացնում  է պետական  կառավարման  եւ  տեղական  ինքնակառավարման  մարմինների,  կազմակերպությունների  գործունեության  հատուկ  իրավական  ռեժիմ  եւ  թույլատրում  է  իրավաբանական  անձանց,  ԱՀ  քաղաքացինների,  օտարկերկրյա  քաղաքացինների  ու  քաղաքացիություն  չունեցող  անձանց  իրավունքների  եւ   ազատությունների  որոշակի  սահմանափակումներ  ու  նրանց  նկատմամբ  լրացուցիչ  պարտականությունների  սահմանում:

Սահմանադրության  132-րդ  հոդվածը  ամրագրում է,   որ  սահմանադրական  կարգին  սպառնացող  անմիջական  վտանգի  դեպքում  Հանրապետության  Նախագահը  հայտարարում  է  արտակարգ  դրություն,  ձեռնարկում  է  իրավիճակից  բխող  միջոցառումներ  եւ  այդ  մասին  ուղերձով  դիմում  ժողովրդին:  Ըստ  «Արտակարգ  դրության  իրավական  ռեժիմի  մասին»  օրենքի  (ընդունվել  է  2019թ. հունիսի  27-ին),  արտակարգ  դրությունը  ԱՀ  ամբողջ   տարածքում  կամ  դրա  առանձին  տարածքներում  հայտարարվող  պետական  կառավարման  եւ  տեղական  ինքնակառավարման  մարմինների,  ինչպես  նաեւ  նրանց  պաշտոնատար  անձանց  գործունեության  իրավական  ռեժիմ  է:  Արտակարգ  դրությունը  հայտարարվում  է  միայն  ԱՀ  սահմանադրական  կարգին  անմիջական  վտանգ  սպառնալու  դեպքում,  ներառյալ՝  ԱՀ  սահմանադրական  կարգը  բռնությամբ  փոփոխելու  կամ  տապալելու,  իշխանությունը  զավթելու  փորձերը,  զինված  խռովությունները,  զանգվածային  անկարգությունները,  բռնի  գործողություններով  ուղեկցվող  ազգային,  ռասայական,  կրոնական  հակամարտությունները,  ահաբեկչական  ակտերը,  հատուկ  նշանակության  օբյեկտների  գրավումը  կամ  շրջափակումը, անօրինական  զինված  միավորումների  ստեղծումը  եւ  գործունեությունը:

Իրավական  կարգավորման  առարկայի մի  շարք  հարցերի հիմքով  քննարկվող  ռեժիմները  նույնական  են:  Այսպես,  Հանրապետության  Նախագահի  հրամանագրով  ռազմական  կամ  արտակարգ  դրություն  հայտարարվելու  դեպքում  իրավունքի  ուժով  անհապաղ  գումարվում  է  Ազգային  Ժողովի  հատուկ  նիստ,  որը  կարող  է  պատգամավորների  ընդհանուր  թվի  ձայների  մեծամասնությամբ  վերացնել  ռազմական  կամ  արտակարգ  դրությունը  կամ  չեղյալ  հայտարարել  դրանց  իրավական  ռեժիմով   նախատեսված  միջոցառումների  իրականացումը:  Երկու  ռեժիմի  ժամանակ  կիրառվող  միջոցառումները  եւ  իրավունքների  ու  ազատությունների  ժամանակավոր  սահմանափակումները՝  անձանց  ազատ  տեղաշարժվելու,  հավաքների  ազատության,  քաղաքացիների  անձը  հաստատող  փաստաթղթերի  ստուգման,  հավաքների  կամ  հանրային  միջոցառումների  իրականացման  բնագավառներում եւս  նույնական  են:  Այդ  ռեժիմների  բնականոն  աշխատանքն  ապահովելու  նպատակով  օգտագործվում  են  ազգային  անվտանգության,  ոստիկանության եւ  պաշտպանության  բնագավառների  պետական  լիազոր  մարմինների  ուժերն  ու  միջոցները,  իսկ  ռազմական  դրության  ժամանակ՝  նաեւ  արդարադատության,  քաղաքացիական  պաշտպանության  եւ  արտակարգ  իրավիճակների  մարմիններինը:  Ռազմական  կամ  արտակարգ  դրության  ժամանակ  մարդու  եւ  քաղաքացու  այն  հիմնական    իրավունքները  եւ  ազատությունները,  որոնք  նշված  չեն  Սահմանադրության  76-րդ  հոդվածով,  կարող  են  օրենքով  սահմանված   կարգով  ժամանակավորապես  կասեցվել  կամ  լրացուցիչ  սահմանափակումների  ենթարկվել  միայն  այնքանով,  որքանով  դա  պահանջում  է  իրավիճակը՝  ռազմական  կամ  արտակարգ  դրության  ժամանակ  պարտավորություններից  շեղվելու  վերաբերյալ  ստանձած  միջազգային  պարտավորությունների  շրջանակներում:

Կան  նաև  էական  տարբերություններ:  Արտակարգ  դրության  ժամանակ  ընտրություններ  կամ  հանրաքվե  չեն  անցկացվում,  իսկ  ռազմական  դրության  ժամանակ  ընտրություններ  կամ  հանրաքվե  կարող  են  չանցկացվել,  եթե  Հանրապետության  Նախագահը  ընդունել  է  համապատասխան  հրամանագիր  եւ  Ազգային  Ժողովը  դրա  ընդունումից  հետո  48  ժամվա  ընթացքում  այն  չի  վերացրել:  Հարկ  է  նշել,  որ  պատերազմի  ժամանակ  ընտրություններ  կամ  հանրաքվե  նույնպես   չեն  անցկացվում:  Արտակարգ  դրության  գործողության  ժամկետը  եւ  դրա  երկարաձգման   պայմանները  կարգավորված  են  օրենսդրությամբ,  իսկ  ռազմական  դրության  ժամկետը՝  հասկանալի  պատճառներով՝  ոչ:  Ամեն  պարագայում՝  ռազմական  կամ  արտակարգ  դրություն  հայտարարելու  համար  հիմք  ծառայած  հանգամանքների  վերացման  դեպքում  տվյալ  դրությունը  կարող  է  ամբողջությամբ  կամ  մասնակիորեն  դադարեցվել  Հանրապետության  Նախագահի  հրամանագրով:  Արտակարգ  դրություն  հայտարարելու  համար  հիմք  ծառայած  հանգամանքների  վերացման  եւ  այլ  հրատապ  հարցեր լուծելու  նպատակով  Հանրապետության  Նախագահի  հրամանագրով  կարող  է  ստեղծվել  արտակարգ  դրության  տարածքային  պարետատուն,  որը  ղեկավարում  է  Հանրապետության  Նախագահի  հրամանագրով  նշանակված  պարետը:  Արտակարգ  դրության  իրավական  ռեժիմի  կանոնները  խախտելու  համար ԱՀ  վարչական  իրավախախտումների  վերաբերյալ  օրենսգրքի  182.3-րդ հոդվածով  համապատասխան  պատասխանատվություն  է  սահմանված:  Որպես  տույժ   կիրառվում  է  վարչական  տուգանքը,  որի  չափը  տատանվում  է  նվազագույն  աշխատավարձի քսանապատիկից մինչև  հազարհինգհարյուրապատիկի  չափը: 

Ի  տարբերություն  մեր  Հանրապետության  «Արտակարգ  դրության  իրավական  ռեժիմի  մասին» օրենքի,  Հայաստանի  Հանրապետության  համանուն  օրենքն  արտակարգ  դրության  հայտարարման  հիմք  է  համարում  նաեւ   արտակարգ  իրավիճակը:  Հենց  այդ  հիմքով  էլ  ՀՀ  Կառավարության  որոշմամբ  2020 թվականի  մարտի  16-ից  մինչև  ապրիլի  14-ը  ՀՀ  տարածքում   հայտարարվել  է արտակարգ  դրություն  (այն  երկարաձգվել  է  մինչև 2020 թվականի  մայիսի  14-ը):

Արցախի   սահմանադիրներն  արտակարգ  իրավիճակի  ռեժիմը   բարձրացրել  են  սահմանադրական  նորմի  աստիճանի,  հաշվի  առնելով նրա իրավական կարգավորման  առանձնահատկությունները: Սահմանադրության  133-րդ  հոդվածն  արձանագրում  է,  որ  տարերային  աղետի  բնույթ  ունեցող  բնական  կամ  տեխնածին  աղետների  կանխարգելման,  ինչպես  նաեւ  դրանց  հետեւանքների   վերացման   նպատակով  Հանրապաետության  Նախագահը  կարող  է  Հանրապետության  ողջ  տարածքում  կամ  դրա   մի  մասում  որոշակի  ժամկետով  մտցնել  արտակարգ  իրավիճակի  ռեժիմ,  որը  սահմանվում  է  օրենքով:  Այդ  գործընթացում  Ազգային  Ժողովը  որեւէ  դերակատարություն  չունի:  Եթե  նախորդ  երկու  ռեժիմները  Սահմանադրությամբ  հանդես  են  գալիս  (իրավական)  ռեժիմի,  իսկ  նրանց  վերաբերլայ   օրենքները՝  պետական  կառավարման  եւ  տեղական  ինքնակառավարման  մարմինների,  կազմակերպությունների  գործունեության  (հատուկ  իրավական)  ռեժիմի  կարգավիճակով,  ապա  այդ  բաղադրիչներն  արտակարգ  իրավիճակի ռեժիմի պարագայում բացակայում են:  Սակայն դա չի նշանակում, որ արտակարգ իրավիճակն ինչ-որ սովորական ռեժիմ է։ Պարզապես   ռազմական  կամ  արտակարգ  դրությունը  բացառիկ  վիճակ  է,  երբ  Հայրենիքի  կամ  ժողովրդի  ճակատագիրը  գտնվում  է  վտանգի  տակ: Արտակարգ իրավիճակի ժամանակ ընտրություններ կամ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ օրենսդրությամբ որեւէ սահմանափակում չի նախատեսված։

«Արտակարգ  իրավիճակներում  բնակչության  պաշտպանության  մասին»  օրենքի  համաձայն (ընդունվել է 2004թ. ապրիլի 8-ին)՝   արտակարգ  իրավիճակը  որոշակի  տարածքում  կամ  օբյեկտում  խոշոր  վթարի,  վտանգավոր  բնական  երեւույթի,  տեխնածին,  տարերային  կամ  բնապահպանական  աղետի,  համաճարակի,  անասնահամաճարակի,  բույսերի  եւ  գյուղատնտեսական  մշակաբույսերի  լայնորեն  տարածված  վարակիչ  հիվանդության,  զենքի տեսակների  կիրառման  հետեւանքով  ստեղծված  իրավիճակ  է,  որը  հանգեցնում  է  կամ  կարող  է  հանգեցնել  մարդկային  զոհերի,  մարդկանց  առողջության   ու  շրրջակա   միջավայրին  զգալի  վնասի,  խոշոր  նյութական  կորուստների  եւ մարդկանց  կենսագործունեության  բնականոն  պայմանների  խախտման: Ինչպես  նկատելի  է,  օրենքում  արտակարգ  իրավիճակ  հասկացության  մեջ  տեղ  է  գտել  նաեւ  «համաճարակ»  բաղադրիչը: Որպես հատուկ վտանգավոր վարակներ հանդիսանում են խոլերան, ժանտախտը, սիբիրյան խոցը, բնական ծաղիկը և այլն։

Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի 2020 թվականի մարտի 11-ի հայտարարությամբ որակվել է որպես պանդեմա։ Այդ  համատեքստում, հաշվի առնելով ՀՀ  նոր հիվանդության արձանագրված դեպքերը և դրա ծավալման իրական վտանգն Արցախի տարածքում,  Հանրապետության  Նախագահի  2020 թվականի  ապրիլի  12-ի  հրամանագրով  ԱՀ  ամբողջ  տարածքում  2020 թվականի  ապրիլի  12-ի  ժամը  22:00-ից  սկսած  մինչև  2020 թվականի  մայիսի  12-ի  ժամը  22:00-ը  ներառյալ  ժամկետով  հայտարարվել  է  արտակարգ  իրավիճակ,  որի  իրավական  ռեժիմն  ապահովող  ուժերի  եւ միջոցների  միասնական  ղեկավարումն  իրականացնելու  նպատակով  ստեղծվել  է  պարետատուն:  Պարետատան   ղեկավարման  համար  պարետ է  նշանակվել    ԱՀ  պետական  նախարար  Գ. Մարտիրոսյանը:  Հրամանագրի  հավելվածում  սահմանվել  են  արտակարգ  իրավիճակի  ժամանակ  կիրառվող   միջոցառումները,  իրավունքների  եւ  ազատությունների  ժամանակավոր  սահմանափակումները՝  անձանց  ազատ  տեղաշարժվելու,  իրավունքի  եւ  տրանսպորտային  միջոցների  տեղաշարժման,  անձանց  սեփականության  իրավունքի,  հավաքներ  կամ  հանրային   միջացառումներ  իրականացնելու  եւ  այլն  բնագավառներում  եւ  արտակարգ  իրավիճակի  ռեժիմն   ապահովող  միջոցները: 

Հաշվի  առնելով,  որ  «Արտակարգ  իրավիճակներում  բնակչության  պաշտպանության  մասին»  օրենքն  ընդունվել  է  դեռեւս  16  տարի  առաջ,  որի  մի  շարք  դրույթներ  հնացած  պետք  է  համարել,  ուստի  «Արտակարգ  իրավիճակի  ռեժիմի  մասին»  օրենքի  ընդունումը  Սահմանադրությունից  բխող  հրատապ  անհրաժեշտություն  է:

Հավելենք, որ  Հանրապետության  Նախագահի  եւ  Ազգային  Ժողովի  ընտրությունների  նախաշեմին, որոշ  քաղաքացիներ, չտիրապետելով սահմանադրական  տերմինաբանությանը,  կարգախոսներ էին հնչեցնում եւ թմբկահարում՝  Հանրապետությունում  արտակարգ  դրություն  մտցնելու  համար՝ դույզն իսկ պատկերացում  չունենալով  այդ ռեժիմի   իրական  քաշի եւ նրա հայտարարման իրավական հիմքերի վերաբերյալ: