[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Ազգային ժողովի ապրիլի 30-ի նիստի օրակարգային հարցերից մեկը գործադիրի հետ հարցուպատասխանն էր։ Կառավարության անդամները խորհրդարանում էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Հարցերի համար գրանցվեց երկու պատգամավոր, հնչեց 5 հարց։

Պատգամավոր Գագիկ Բաղունցը կարծիք հայտնեց, ըստ որի՝ անհրաժեշտ է նկատի ունենալ մի շարք զարգացած պետությունների փորձը, որոնք առաջնորդվում են կենսաբանական և քիմիական անվտանգության մասին օրենքով և նույնպիսի օրենք ընդունել նաև մեր հանրապետությունում։ Կառավարությունն ինչպե՞ս է դրան վերաբերվում։ Երկրորդ հարցը կրթության ոլորտին էր առնչվում։ Ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ համաճարակային բնույթի սպառնալիքները մարտահրավերներ են, որոնց կրթության ոլորտը պետք է կարողանա դիմակայել։ Նա հիշեցրեց անցած տարիներին ԱԺ ամբիոնից իր կողմից հնչեցված՝ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար ջանքեր չխնայելու մասին կոչերը և ասաց, որ բացթողումներն այսօր արդեն իրենց զգացնել են տալիս։ Նրա խոսքով՝ հեռավար ուսուցման անցման գործընթացն ապահովված չէ ոչ տեխնիկապես, ոչ ենթակառուցվածքներով, ոչ էլ մեթոդական առումով։ Մասնավորապես, ուսուցման գործընթացում չկա մասնագետների և սովորողների  ընդգրկվածության օպերատիվ հսկողություն, բարձիթողի վիճակում է մի շարք մասնագիտությունների և առարկաների մեթոդաբանության, ինչպես նաև տարբեր տեսակի քննությունների կազմակերպման մշակումը և փորձարկումը։ Հիմնովին և օպերատիվ աշխատանքներ չեն ընթանում հանրապետության բոլոր բնակավայրերի համար բարձր արագության լայնաշերտ կապի համակարգի մշակման, ֆինանսավորման ու գործարկման ուղղությամբ։ Համաճարակը շարունակվելու դեպքում մենք պատրա՞ստ կլինենք որակյալ հեռավար ուսուցում կազմակերպել, համապատասխան ծրագիր մշակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվո՞ւմ են, թե ոչ, հարցրեց պատգամավորը։

Առաջին հարցին պատասխանեց պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Ներկա դրությամբ այդ օրենքի նախագծի մշակումը կառավարության օրակարգում չէ։ Նա վստահություն հայտնեց, որ նոր կառավարությունը համավարակի ավարտից հետո իրավիճակի վերլուծություն կկատարի և դրանից համապատասխան հետևություններ կանի։  

Երկրորդ հարցի հետ կապված՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը նշեց, որ չկա մի երկիր, որը կորոնավիրուսի համավարակի պայմաններում պատրաստ է եղել անցնել ամբողջական և լիարժեք  հեռավար կրթության։ Խնդիրներն ակնառու են նաև մեր երկրում։ Իրոք, կան ուսուցիչներ և աշակերտներ, ովքեր տարբեր պատճառներով դուրս են մնացել հեռավար կրթության համակարգից։ Նա խոստացավ ընդամենը երկու օր հետո  ընդգրկվածության մասով ավելի ստույգ տեղեկություններ հաղորդել։  Աղաբալյանն այնուհետև տեղեկացրեց, որ համավարակի առաջին իսկ օրերից նախարարությունն ուսուցիչների շրջանում հեռավար կրթության վերաբերյալ հարցում է անցկացրել։ Այժմ այդ հարցաթերթիկների արդյունքներն են վերլուծվում, որոնք կհրապարակվեն երկու օր հետո։ Առկա են նաև տնօրենների կողմից ներկայացված տեղեկություններն այն մասին, թե կոնկրետ որ դպրոցներում որ առարկաներն են պարապել։ Ֆիզկուլտուրա, տեխնոլոգիա, երաժշտություն, շախմատ առարկաների գծով հեռավար ձևաչափով պարապմունքներ չեն եղել պարզ պատճառով։ Նախարարությունն աշխատել է տեխնիկական միջոցներով ապահովել խոցելի խմբերին. 100-ից ավելի նոութբուքեր է ձեռք բերել, որոնք ներբեռնվել են համացանցում առկա կրթական ռեսուրսներով։ Դրանք արդեն բաժանվում են փոքր դպրոցներին, որպեսզի համացանցի բացակայության պայմաններում կարողանան օգտվել այդ ռեսուրսներից։

Նախարարությունը մշտական կապի մեջ է եղել <Ղարաբաղ Տելեկոմ>-ի հետ՝ նպատակ ունենալով հատկապես գյուղական համայնքներում ավելի մատչելի սակագնով և ավելի մեծ արագությամբ հեռավար կրթություն իրականացնել։

Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի հարցը նույնպես համաճարակի հետ էր կապված. ինչպիսի՞ հավաստիացումներ կան, որ Արցախի բնակչությունը զերծ կմնա վարակի տարածումից։ Երկրորդ հարցը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը կառավարությանն ու ԱՀ նախագահին է ներկայացրել հակահամաճարակային բովանդակության մի փաթեթ, որն իրենից  ներկայացնում է խնդիրների լուծման հայեցակետային ծրագիր։ Ի՞նչ տեսակետ ունի գործադիրը։

Երկու հարցերին էլ պետնախարարը պատասխանեց։ Նրա իրազեկմամբ՝ կառավարության կողմից իրականացվել են համավարակի տարածումը կանխարգելող և ռիսկերը նվազեցնող մի շարք գործողություններ։ Գործադիրը բոլոր աշխատանքներն իրականացնում է առավելագույն թափանցիկությամբ։ Գլխավոր խնդիրը համաճարակի ներթափանցումը կանխարգելելն էր։  Հիմնականում հաջողվել է դեպքերի նվազագույն քանակ գրանցել, հաջողվել է նաև արագ սահմանափակել արձանագրված դեպքերի տարածումը։ Մարտիրոսյանի խոսքով՝ բոլոր տվյալները հանրայնացվել են, արձանագրված 8 դեպքերն ունեցել են 3 աղբյուր։ Վարակվածներից երկուսը Քարվաճառ քաղաքից էին, վարակման ևս մեկ դեպք այդ օջախի հետ էր կապված։ Խոսքը բուժաշխատողի մասին է, ով Ստեփանակերտի բնակիչ է։ Արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանափակումներ կիրառելով՝ հնարավոր եղավ համավարակի տարածում թույլ չտալ մյուս շրջաններում։ Համատարած սահմանափակումներ մեզ մոտ չեն եղել, դրանք կիրառվել են միայն վարակի օջախներում։

Ի պատասխան երկրորդ հարցի՝ պետնախարարն ասաց, որ կառավարությունը ՀՅԴ-ից առաջարկներ է ստացել, որոնք ուսումնասիրման և քննարկման փուլում են։ Կառավարության կողմից արդեն իսկ նախատեսվել են տնտեսական ոլորտին վերաբերող 6 միջոցառում՝ հիմնականում գյուղատնտեսական ուղղվածության,  սոցիալական բնույթի չորս միջոցառում, որոնք վարակի հետևանքները մեղմելու նպատակ են հետապնդել։ Տնտեսվարող սուբյեկտներին աջակցելու նպատակով քայլեր նույնպես ձեռնարկվել են։ Աջակցությունը կտրամադրվի նրանց, ովքեր առավելագույն չափով են տուժել համաճարակի տնտեսական հետևանքներից։ Ներկայացված առաջարկությունների համապարփակ քննարկումից հետո չի բացառվում հավելյալ միջոցների կիրառումը։

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց, որ ինքը հարցով պետնախարարին է դիմում՝ նկատի ունենալով, որ նա նաև Արցախի Հանրապետության պարետն է։ Ի՞նչ խնդիրներ կան սահմանափակումների հետ կապված և արտակարգ իրավիճակում ի՞նչ կարող են անել Ազգային ժողովի պատգամավորները՝ որպես մեր կառավարման համակարգի պատասխանատուներ։

Բոլորի աջակցության և համատեղ աշխատանքի կարիք կա՝ անկախ այն բանից, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում և ինչ բնույթի աշխատանք է կատարում, ասաց պարետը։ Համավարակի դեմ արդյունավետ պայքար կարելի է մղել միասնական ջանքերով և այս իմաստով շատ կարևոր է յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը, ինչպես նաև գիտակցումը՝ պահպանելու այն բոլոր պահանջները, որոնք ներկայացվում են առողջապահական մարմինների կողմից։

Քանի որ հարցուպատասխանի ձևաչափով սա վերջին հանդիպումն էր խորհրդարանում, Մարտիրոսյանն իր և գործընկերների անունից շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին՝ անցած տարիներին կատարված համատեղ աշխատանքի համար։ Այդ աշխատանքը նա արդյունավետ գնահատեց։