[ARM]     [RUS]     [ENG]

Ալիեւի խնդրագիրը Մոսկվային

Վահրամ Աթանեսյան

 Երեւում է, Բաքվում որոշ շրջանակներ փորձում են իրավիճակից քաղաքական շահ քաղել: Մենք արդեն կասկած ենք հայտնել, որ անցած գիշեր փխրուն հրադադարի խախտումը կարող է հրահանգավորված լինել Մեհրիբան Ալիեւայի կողմից: Տպավորություն է, որ Իլհամ Ալիեւը կամ ամբողջությամբ, կամ հիմնականում կորցրել է կառավարման լծակները: Նրա ամբողջ հույսն, ըստ երեւույթին, Մոսկվայի աջակցության վրա է:

 

Դա է վկայում ՏԱՍՍ գործակալության փոխտնօրեն Գուսմանի հարցազրույցն ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ: Գուսմանը ծնունդով Բաքվից է, դեռեւս խորհրդային տարիներից մտերիմ է Ալիեւների ընտանիքի հետ եւ Մոսկվայում ադրբեջանական լոբբինգի համակարգողն է տեղեկատվական ասպարեզում: Կարելի է չկասկածել՝ այդ հարցազրույցը նա վարել է Իլհամ Ալիեւի խնդրանքով: Բացառված չէ, որ Ալիեւը կուզենար ՌԴ արտգործնախարար Լավրովին հովանավոր տեսնել, բայց Մոսկվայում համար են գտել նրա խնդրագրին առ ի դեպ պատասխանել փոխարտգործնախարարի մակարդակով: Եւ արդյունքում ստացվել է այնպես, որ Ռուսաստանը պատրաստ է գործի դնել ,,դիվանագիտության բոլոր լավագույն որակները, ժողովրդական դիվանագիտությունը, որպեսզի ոչ միայն կարգավորվի ներկայիս սահմանային հակամարտությունը, այլեւ ընդհանրության մեջ բարելավվեն մեզ համար եղբայրական երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, հարաբերությունները,,:

Ալիեւը, կարծես, համոզվել է, որ պատերազմն աղետ կլինի ամենից առաջ իր իշխանության համար եւ ամեն գնով փորձում է հասնել իրավիճակի կայունացման: Դա, ինչ խոսք, համոզմունքային պացիֆիզմից չէ, իրականությունն է այդպես թելադրում նրան: Իսկ որոշ ուժեր, կարելի է ենթադրել, նրան փորձում են ավելի խորը ընկղմել անկայունության հորձանուտում: Ադրբեջանի բանակային վերնախավն ու՞մ կողքին է: Այս հարցին միանշանակ պատասխան չկա: Բայց ալիեւյան քարոզչությանը հաջողվել է Ադրբեջանի ազգային հերոսների անունից մի հայտարարություն տարածել, որտեղ կա մի չափազանց կարեւոր ընդգծում. նրանք ասում են, որ կիսում են ,,կանխարգելիչ պատերազմի միջոցով Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման տարբերակի վերաբերյալ նախագահ եւ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւի վերապահումները,,: Իսկ ո՞վ չի կիսում: Ահա այսօրվա ադրբեջանական իրականության գլխավոր ինտրիգը:

Բայց եթե ավելի լուրջ, ապա չպետք է բացառել, որ այս ամենը, ինչպես հատուկ ծառայությունների մոտ է ընդունված, ընդամենը տեղեկատվաքարոզչական ,,խաղ,, է: Մանավանդ որ մեկ անգամ՝ 1993թ. օգոստոս-սեպտեմբերին, Հեյդար Ալիեւի մոտ դա ստացվել է: Իրազեկ քաղաքական գործիչները եւ փորձագետները գիտեն՝ ակնարկն ինչի մասին է, ինչպես եւ այն, որ դրան հետեւեց ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակումը Հորադիզի եւ Քելբաջարի ուղղություններով: