[ARM]     [RUS]     [ENG]

«Հայաստանի Հանրապետություն»:Իլհամ Ալիեւը՝ երկու կրակի միջեւ. գիշերը Բաքվում թեժ է եղել

 

Նախօրեի երեկոյան Բաքվում մեծ թվով մարդիկ էին հավաքվել, հնչել են հակահայկական կոչեր եւ ելույթներ։ Պաշտոնապես այն ներկայացվում է որպես հանրային աջակցություն երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը, սակայն իրադարձությունները զարգացել են այլ ուղղությամբ, եւ դժգոհության ալիքն ուղղվել է հենց իշխանությունների դեմ։ Հնչել են հրաժարականների կոչեր՝ սկսած երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմադին Սադիխովից։ Կրքերն այնքան են թեժացել, որ ցուցարարները կողաշրջել են ոստիկանական ավտոմեքենա, մտել խորհրդարանի շենք։ Ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ՝ դուրս հանելով նրանց խորհրդարանի շենքից, եւ ցրել ցույցը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Մեկ բան հստակ է՝ Բաքվում դեպքերը զարգացել են ավանդական սխեմայով, երկրի իշխանությունը ներքին քաղաքականությունից դժգոհության ալիքը նվազեցնելու համար լավագույն միջոց է համարել հասարակությանն արտաքին թշնամու դեմ համախմբելը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ գիշերն Ադրբեջանում տեղի ունեցած ցույցերն ուղղորդված էին իշխանությունների կողմից, քանի որ տեղի էին ունենում կարանտինային ռեժիմի պայմաններում, եւ եթե իշխանությունը ցանկանար, ապա նման բան չէր լինի։ Արդյունքում դա շարունակվեց մինչեւ այն պահը, երբ ցուցարարները մտան խորհրդարանի շենք եւ սկսեցին հնչեցնել հրաժարականի կոչեր՝ ուղղված բարձրաստիճան զինվորականությանը։ Դրանից հետո իշխանություններն անցան հստակ գործողությունների եւ արագորեն կանխեցին դեպքերի հետագա ծավալումը։

«Բռնապետ Ալիեւն իր բոլոր գործողություններով, ելույթներով նպաստել է, որպեսզի Ադրբեջանում կոնսոլիդացիայի գլխավոր գործիքը լինի հակահայկականությունը։ Փաստացի Ալիեւը դարձել է իր իսկ հակահայկական քարոզչության գերին, որովհետեւ հաշված ժամերի ընթացքում այդ ցույցը սկսեց ստանալ որոշակի հակաիշխանական բնույթ»,–ասաց պատգամավորը՝ նշելով, որ կարճ ժամանակ անց Բաքվում գիտակցեցին, որ դա կարող է լուրջ զարգացումներ ունենալ՝ իշխանության համար ճակատագրական հետեւանքներով։

Հստակ է, որ ցույցի կազմակերպումը նպատակ էր հետապնդում արդարացնելու սեփական սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին եւ ցույց տալ աշխարհին, որ հասարակության պահանջով է նման քայլերի դիմում։ Թեեւ ցույցի կազմակերպումն ուներ արտաքին քարոզչական բնույթ, սակայն պաշտոնական Բաքվում պետք է հասկանան, որ այդ հակահայկական ելույթները երկսայր են եւ կարող են խոցել հենց իրենց։ «Նման ելույթներն էլ ավելի են ամրապնդում մեր այն համոզմունքը, որ տարածաշրջանում մենք նախեւառաջ լուծում ենք մեր ֆիզիկական գոյության եւ անվտանգության խնդիրը։ Երբ այդքան ցուցարարներ դուրս են գալիս փողոց միայն այն պատճառով, որպեսզի պահանջեն հայերի մահը, դա խոսում է շատ լուրջ խնդիրների մասին եւ մեկ անգամ եւս վկայում, որ առաջնահերթ է ժողովուրդներին խաղաղության պատրաստելը, հակառակ դեպքում մնացած բոլոր քննարկումներն ավելորդ են դառնում»,–շեշտեց Հայրապետյանը։

Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին արձագանքներ եղան տարբեր երկրներից, այդ թվում՝ բարձր մակարդակով։ Զրուցակցիս դիտարկմամբ՝ միջազգային համապատասխան արձագանքները շատ կարեւոր են Ալիեւին զսպելու համար. «Ալիեւն ինքն է խոստովանում, որ միայն միջազգային իրադրությունն է, որ թույլ չի տալիս իրեն գնալ ռազմական գործողությունների։ Այդ իմաստով կարեւոր է միջազգային արձագանքը, իսկ Թուրքիան իր աշխարհաքաղաքական շահերն է հետապնդում Արդբեջանի միջոցով եւ ձեռքերով։ Երկուսն էլ նույն քաղաքականության կրողն են, քանի որ ցանկանում են հայերի ֆիզիկական ոչնչացումը, որն իրենց երբեք չի հաջողվի իրագործել»։

Պատգամավորի համոզմամբ՝ հայկական զինված ուժերի պատժիչ գործողություններից հետո առնվազն որոշակի դասեր պետք է որ քաղած լինեն։ Միանշանակ մեր զինված ուժերը լավագույնս իրականացնում են իրենց առջեւ դրված խնդիրները, որպեսզի կանխեն ադրբեջանական ցանկացած ոտնձգություն։ «Մեր կողմից համաչափ քայլերը չեն ուշանա Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգության հանդեպ»,–հավելեց նա։

Ադրբեջանի կողմից միջսահմանային հարձակումների մեծացումը հիմք է դարձել, որպեսզի ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քննարկի մի շարք փոփոխություններ, որոնցից մեկը նախատեսում է արգելափակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին։ Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Կոնգրեսական Բրեդ Շերմանը ներկայացրել է Ազգային պաշտպանական ակտում փոփոխություն կատարելու առաջարկ, որով 2021 թ. ֆինանսական տարում պաշտպանական հոդվածներով ֆինանսական միջոցներ եւ ծառայություններ չեն տրամադրվի Ադրբեջանին։ Փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը նախատեսված է հուլիսի 20-ին։ Ներկայացված օրինագծով նախատեսվում է, որ ամերիկյան ոչ մի միջոց որպես աջակցություն չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը չի որոշել եւ Կոնգրեսին չի զեկուցել, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումներն ու ուժի կիրառման այլ նախահարձակ ձեւերը դադարեցնելու համար։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ