[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ

AA4_1_.jpgՆախագահի թեկնածու Բակո Սահակյանի նախընտրական քարոզարշավի շրջանակում հունիսի 24-ին ընդգրկվեցին Իվանյան-Նորագյուղ-Աստղաշեն-Բադարա համայնքներն ու դրանց հարակից գյուղերը։ 
Հանդիպման մեկնակետում՝ Իվանյանում, համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանը բարձրացրեց մանկապարտեզի հարցը. ի դեպ, մանկապարտեզի խնդիր ունեն հանրապետության մեծ թվով համայնքներ։ Նշվեց, որ 2007 թվականին, երբ Բակո Սահակյանը ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը, Արցախում գործում էր ընդամենը մեկ պետական մանկապարտեզ, իսկ այսօր, հինգ տարի հետո, այդ թիվը հասել է 27-ի։ Ասել, թե նախադպրոցական հիմնարկների բացման տեմպերից գոհ է երկրի ղեկավարությունը՝ ճիշտ չէր լինի.  խնդիրն ուշադրության առանցքում է։ 
Հանդիպմանը բարձրացվեցին հարցեր, որոնք բնութագրական էին արցախյան մեծ թվով գյուղերի։ Խոսք գնաց հատկապես կարկուտի հասցրած վնասի մասին։ Լուսաձորի հատվածում տեղադրված հակակարկտային մեկ կայանքը չի բավարարում։ Բակո Սահակյանը տեղեկացրեց, որ արդեն հանձնարարված է Գյուղատնտեսության նախարարության, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ղեկավարությանը՝ առաջարկներով մտնել կառավարություն՝ տուժած մենատնտեսներին փոխհատուցում տրամադրելու համար։ 
Իսկ գյուղը համայնքապետարան չունի, չունի նաև մշակույթի տուն։ Հարցն առկա էր գրեթե ամենուր։
Նախագահի թեկնածուն այս առնչությամբ ներկայացրեց իր դիտարկումները. նպատակահարմար է կառուցել համայնքային կենտրոններ։ Դա նշանակում է մի տանիքի տակ ունենալ գյուղապետարան, բուժկետ, ակումբ, հանդիսությունների սրահ, համակարգչային կենտրոն։ Համայնքային կենտրոնների գաղափարը երկրի նախագահը բարձրացրել է նաև ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում. առաջարկն ընդունվել է միաձայն։
Բարձրացված հարցերից մեկն էլ կապված էր օդանավակայանի վերաշահագործման հետ։ Բակո Սահակյանը ցրեց մտահոգությունները, թե, իբր, ձգձգումները հարևան թշնամի երկրի ձեռքի գործն են. ո՜չ, ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով։ Հրավիրված ՀՀ քաղավիացիայի մասնագիտական խումբը վերջին տեխստուգումները, հաշվարկներն է կատարում՝ ամենամոտ ժամանակներս թռիչքների մեկնարկը տալու համար։ 
Նորագյուղում կայացած հանդիպմանը ներկա էին նաև հարևան Հովսեփավան, Սարուշեն, Սարդարաշեն համայնքների ներկայացուցիչներ։Համայնքի ղեկավար Էդիկ Մարդիյանի տեղեկատվությամբ՝ կան փոքրիկ թաղամասեր, ուր բնական գազի օգտագործումը մինչ հիմա մնացել է երազանք։ Ու հարցից հարց ծնվեց. որքանո՞վ է շահեկան ու հեռանկարային հանրապետությունում զարկ տալու գազիֆիկացման աշխատանքներին (ի դեպ, հարցը բարձրացվեց նաև Բադարայում, մի շարք այլ համայնքներում)։
Խնդիրը ենթատեքստ ունի այն առումով, որ հանրապետությունում լայն թափ է ստանում հիդրոէներգետիկ պաշարների լիարժեք օգտագործումը։ Հէկերի կառուցմամբ, ըստ Բակո Սահակյանի, դրվում է հանրապետության էներգետիկ անվտանգության խնդիրը։ Բնական գազն Արցախ մուտք է գործում Հայաստանի համար ռազմավարական գործընկեր երկու երկրներից՝ Ռուսաստանից և Իրանից, բայց կգա ժամանակ, երբ շուկայական հարաբերությունների հրամայականով անգամ ռազմավարական գործընկերության պարագան չի գործի։ Ուրեմն, ո՞րն է շահեկանն ու հեռանկարայինը՝ ներմուծվող գա՞զը, թե՞ սեփական արտադրության էլեկտրաէներգիան։
Մեկ այլ հանգամանք. այսօր հանրապետությունում բիոզանգվածից բրիկետային վառելիք ենք ստանում։  Բացի այդ, մոտ ժամանակներս կսկսի գործել Մաղավուզի քարածխի հանքարտադրությունը։ Ահա այս գործոններն են, որ հեռանկարային են և բնական գազից, մեր իսկ շահերից ելնելով, նախապատվելի։ 
Հանդիպումներում խոսք գնաց խաղողագործության, այգեգործության, ոչ ավանդական մշակաբույսերի արտադրության խթանման մասին։ Բակո Սահակյանը նշեց, որ ավելի քան 5 մլն դոլարին համարժեք գումար է ծախսվել ու շահագործման է տրվել ՙԱրցախֆրութ՚ կազմակերպությունը, բայց այսօր արտադրության նախանշված ծավալները չենք կարողանում ապահովել։ Հայաստանը եգիպտացորենի մեծ շուկա է, բայց այդ մշակաբույսին (ինչպես նաև հլածուկին, հնդկացորենին) վերջերս ենք սկսել ուշադրություն դարձնել։ 
Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում մոտ ժամանակներս կգործի ձեթի գործարան։ Նախնական հզորությունը՝ 2,5 հազ. տոննա հումքի (այս պարագայում՝ հլածուկի) վերամշակում։   
Շրջանի այս գյուղախմբում ընդգրկված միջհամայնքային ճանապարհները վատթար վիճակում են։ Բ. Սահակյանը նշեց, որ խոշոր ծրագիր կա այդ խնդրի լուծման համար։ Ի դեպ,  գործի ողջ ծանրությունն իր վրա է վերցրել նորաբաց ՙԱրցախուղի՚ ճանապարհաշինարարական կազմակերպությունը, որն իր ստորաբաժանումներով քիչ գործ չի կատարել շրջաններում։ 
Խնձրիստանում հավաքվել էին նաև հարևան Հիլիս համայնքի ներկայացուցիչներ։ 
Ներկայացնելով Բ. Սահակյանի ղեկավարման, անձնական ու մարդկային բարձր որակները, նրա մեծ ներդրումը երկրում տնտեսական, ներքաղաքական կայունության հաստատման գործում, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը (լինելով նաև ԱԺԿ նախագահ) հավաքվածներին կոչ արեց առանց տատանվելու իրենց վստահության քվեն տալ նախագահի թեկնածու Բ. Սահակյանի օգտին։ 
Աստղաշեն-Դահրավ, Բադարա, Խանցք, ապա Խաչեն, Ռև, Ծաղկաշատ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումներում Բակո Սահակյանը նշեց, որ ինքը քաջատեղյակ է առկա խնդիրներին։ Նա նաև նշեց, որ պաշտոնավարման հինգ տարիներին բազում խնդիրներ են լուծվել, հատկապես ուշադրության կենտրոնում են եղել պետականաշինության, բանակաշինության գործընթացները, գյուղը՝ իր բազում հոգսերով ու խնդիրներով։ Կարևորը՝ որ ձգտել են լինել ազնիվ, իրերն անվանել են իրենց անուններով, հեռու մնացել սին խոստումներից։  Իհարկե, իր և իր թիմակիցների գործունեության մեջ եղել են վրիպումներ, թերություններ, կան գործեր, որոնք առայժմ մնացել են կիսատ։ 
Այս ամենի հաշվառումով, ինչպես նաև հաշվի առնելով տարիների փորձառությունը՝ երկրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում Բակո Սահակյանը խոստացավ իր ամբողջ գիտելիքներն ու եռանդը ներդնել Արցախի, նրա հերոսական ժողովրդի կենսական խնդիրների լուծմանը, ամեն կերպ նպաստել մեր մեծ նպատակի՝ Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչմանը։ 
 
Նիկոլայ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ