[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ Դրան են ձգտում ՀՀ և ԼՂՀ խորհրդարանական քաղաքական ուժերը

Կլոր սեղանի օրակարգային հարցերը սպառելուց հետո Արցախի և Հայաստանի խորհրդարանական կուսակցություններն ամփոփեցին համատեղ քննարկումների արդյունքները, որից հետո տեղի ունեցավ մամլո ասուլիս։

Նախքան հարցուպատասխանին անցնելը՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորեց հայկական երկու հանրապետությունների կուսակցությունների մեկօրյա աշխատանքը՝ այն համարելով  փոխլրացման շատ կարևոր միջոց. արտահայտվեցին  տեսակետներ և դրան զուգահեռ  առաջարկներ արվեցին հետագա համատեղ գործողությունների համար։

Կլոր սեղանի նախաձեռնող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքում ընդգծվեց այն միտքը, որ օրհասական է դառնում մեկ ընդհանուր արժեհամակարգի շուրջ քաղաքական ուժերի միջև կոնսենսուսի ձեռքբերումը։ Որո՞նք են այն խնդիրները, որոնց  լուծումը պահանջում է կուսակցությունների քաղաքական համաձայնությունը. ՙԱԱ՚-ի հարցին ի պատասխան, ՙՕրինաց երկիր՚ կուսակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը նշեց, որ այս քննարկմամբ հիմք դրվեց մի շատ կարևորագույն գործընթացի, որի գլխավոր հատվածներից մեկը կոնսենսուսի համար աշխատելն է։ Իրականում քաղաքական ուժերի շրջանակներում կարծես թե ձևավորվում է համաձայնություն ազգային գերակա խնդիրների շուրջ։ Դրանք են՝  ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ լուծում, Հայոց ցեղասպանության ճանաչում, ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովում ու զարգացում։ Սրանք այն հիմնական ուղենիշներն են, որոնց շուրջ, ըստ էության, ձևավորվում է համազգային կոնսենսուս։ Սակայն խնդիրը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում. այդ համաձայնությունը պետք է լինի ոչ միայն քաղաքական ուժերի շրջանակներում, այլև հասարակական կազմակերպությունների, գիտնականների  միջև։ Կլոր սեղանի մասնակիցների կողմից կարծիքներ են հնչել առ այն, որ գործընթացն իր մեջ ներառի արտախորհրդարանական ուժերին, զանգվածային լրատվության միջոցներին, մասնագետներին, ասել է թե՝ քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական տարբեր ինստիտուտների ներկայացուցիչներ հնարավորություն պիտի ունենան արտահայտվել, քննարկել, ինչը միանշանակ բերելու է մեր բոլոր ուժերի համախմբման։ Ապագայում դա ունենալու է մեծ հնարավորություն և մեծ ներուժ։ Առավել ևս, որ պատմությունը ազգային իղձերի  իրականացման բացառիկ  հնարավորություն է տվել մեր ժողովրդին։
Ասուլիսում խոսվեց քաղաքական բանավեճի մշակույթի մասին՝ որպես անհրաժեշտություն, որի ընթացքում  ծնվում է քաղաքական միտքը։ Արցախում նույնպես արտահայտվում են տարբեր քաղաքական տեսակետներ, մանավանդ այս ձևաչափով քաղաքական ուժերի համագործակցությունը բավականին լավ հնարավորություններ է իր մեջ ներառում, իհարկե, արդյունավետ աշխատանք ծավալելու դեպքում։ Չկան քաղաքական ուժեր, որոնք ծայրահեղ դիրքորոշումներով են հանդես գալիս. յուրաքանչյուր կուսակցություն արժեքային գաղափարական հիմքերի վրա ստեղծված ուժ է, հետևաբար, պետք է կարողանալ ճիշտ մեխանիզմների կիրառումով, քաղաքական ճիշտ հաշվարկների հիման վրա իրատեսական դարձնել մոտեցումների ընդհանրությունը, պարզել, թե որքանով են այդ մոտեցումները բխում հայ մարդու շահերից, անկախ նրանից, թե որտեղ է այդ հայը բնակվում։ Խնդիրներն անչափ շատ են. ԼՂՀ անվտանգություն, ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթաց, տնտեսական զարգացման խնդիրներ և, անշուշտ, համագործակցություն բոլոր հարթություններում։ Ենթադրվում է բազմակողմ համագործակցություն երկու երկրների խորհրդարանների միջև։
Հարց հնչեց մադրիդյան սկզբունքների մասին, որոնք անընդունելի են Արցախի քաղաքական ուժերի համար, իսկ Հայաստանում կուսակցությունները շարունակում են բանավիճել այդ խնդրի շուրջ։
Ա. Ղուլյանն այդ առնչությամբ ասաց, որ կոնսենսուսի մասին խոսելիս ամենևին նկատի չի առնվում այն, որ օրակարգում ներառված բոլոր հարցերի շուրջ մեկ ընդհանուր որոշում է կայացվում։ Խոսքը քննարկումների մթնոլորտի մասին է. յուրաքանչյուր կուսակցություն ազատ կարող է արտահայտել իր դիրքորոշումը, բայց կարևորն այդ քննարկումների օգտակար լինելն է։ Սույն ձևաչափով հանդիպումները կլինեն պարբերական, փորձ կարվի ապագայում ընդլայնել շրջանակը։ ԱԺ նախագահի խոսքերով՝ կոնկրետ ղարաբաղյան խնդրի հետ կապված՝ չի եղել դեպք, երբ Հայաստանի քաղաքական ուժերը մի բան են ասել, իսկ Արցախի քաղաքական ուժերը՝ դրա հակառակը։ Աշխատանքն ընթանում է կարծիքների փոխադարձ՝ հարգման սկզբունքի վրա,  և, բարեբախտաբար, մինչ այսօր որևէ լուրջ հակադրություն չի եղել երկու պետությունների քաղաքական ուժերի միջև։
Որպես հարցի մեկնաբանության շարունակություն՝ հայաստանյան կողմից նշվեց, որ կոնսենսուսը նախևառաջ ենթադրում է հետևյալը. քաղաքական բոլոր ուժերն իրենց հնարավորություններով պատրա՞ստ են համախմբված կերպով օգտագործել այդ բոլոր ռեսուրսները՝ հասնելու մեր վերջնական նպատակին։ Վերջինս ոչ մեկի մոտ ոչ մի տարաձայնություն չի առաջացնում։ Ուրեմն, ահա  այստեղ է կոնսենսուսը։ Տարաձայնություններն ի հայտ են գալիս ընթացիկ քաղաքականության մեջ. այս կամ այն սկզբունքի քննարկումը, տարբեր քաղաքական ուժերի կողմից դրսևորվող տարբեր  մոտեցումները ընթացիկ քաղաքական խնդիրներ են։ Գլխավոր խնդիրը  համախմբված աշխատելն է, իսկ վերջնական նպատակի տեսանկյունից՝ փոխհամաձայնությունն իսկապես առկա է։

 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ