comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Անցյալ շաբաթ թուրքական ՙՍաբահ՚ թերթը հրապարակել էր հետևյալ մտահոգիչ լուրը. ՙԱվստրալիայի արտգործնախարար. հայկական հարցը ցեղասպանություն չէ՚։
ՙՍաբահը՚ նկարագրել էր այն դեպքերը, որոնք հանգեցրել էին թերթի նողկալի խորագրին։ Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի խորհրդի անդամ և նախկին նախագահ Գյունայ Էվինչը վերջերս այցելել էր Ավստրալիա՝ տեղի թուրքական խմբերին տեղեկացնելու Մովսեսյանի դատական գործի մասին։ 
Նա պատմել էր, որ ՙՄիացյալ Նահանգների Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի՝ Կալիֆոռնիայի օրենքն անվավեր ճանաչելու մասին որոշումը, որը Հայկական հարցը բնորոշել էր որպես ցեղասպանություն, որովհետև ԱՄՆ դաշնային քաղաքականությունը Հայկական հարցը չի բնորոշում որպես ցեղասպանություն՚։
 ՙՍաբահը՚ նաև հաղորդել էր, որ Էվինչի այցը ՙմաս է կազմել անգլո-թուրքական սփյուռքի համագործակցության ավելի լայն ծրագրի, որով Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Նյու Ջերսիի թուրքերը փոխանակում են իրենց լավագույն փորձը՝ հիմնված ընդհանուր իրավագիտական և քաղաքական ժառանգության վրա՚։
 Ավստրալիայի թուրքական զորակցության միության ղեկավար Էրթունչ Օզենը, հետևելով Էվինչի խորհրդին, մայիսի 5-ին նամակ էր հղել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպին՝ ՙմտահոգություն հայտնելով բանաձևերի առնչությամբ, որոնք ընդունվել էին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի կողմից 2013 թվականի մայիսին՝ Թուրքիայի վերաբերյալ և տարբեր համայնքների ճակատագրի Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և հետո՚։ 
 Արտգործնախարար Բիշոպը հունիսի 4-ին գրել էր Օզենին. ՙԱվստրալիայի կառավարությունը ընդունում է, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները աղետալի հետևանքներ են ունեցել հետագա սերունդների և նրանց ինքնության, ժառանգության ու մշակույթի վրա՚։ Զարմանալիորեն, նա հավելել էր. ՙՍակայն այդ դեպքերը մենք չենք ճանաչում որպես ՙցեղասպանություն՚։ Ավստրալիայի նահանգները և տարածքները սահմանադրական դերակատարություն չունեն Ավստրալիայի արտաքին քաղաքականության մշակման գործում։ Հարգելով սույն հարցի վերաբերյալ անհատների և խմբերի անդրդվելի հայացքներ ունենալու իրավունքը, Ավստրալիայի կառավարությունը վաղուց ի վեր հստակ մոտեցում է որդեգրել՝ չմասնակցել այս զգայուն բանավեճին՚։ 
Ավստրալիայի արտգործնախարարը սխալվում է երեք հարցում. նախ՝ նա սխալ է թույլ տվել, նշելով, որ Ավստրալիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Չնայած Ավստրալիայի կառավարությունը գերադասում է չօգտագործել ցեղասպանություն եզրը, որպեսզի չթշնամացնի Թուրքիային, սակայն ոչ մի պաշտոնյա երբևէ չի հայտարարել, որ այն ցեղասպանություն չէ. երկրորդ՝ նա սխալ է գրել, որ Ավստրալիայի նահանգները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ձևավորել են արտաքին քաղաքականություն։ Այս նահանգները պարզապես ճանաչել են պատմական մի իրողություն. և երրորդ՝  նա հակասում է ինքն իրեն, նշելով, որ Ավստրալիայի կառավարությունը չի մասնակցում այս ՙզգայուն բանավեճին՚, սակայն իրեն թույլ է տվել միջամտել, նշելով, որ դա ցեղասպանություն չէ…
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանն անմիջապես խիստ ձևակերպմամբ մի նամակ է հղել արտգործնախարարին՝ նրա ՙսխալ հայտարարությունը՚ անվանելով ՙխորապես վիրավորական և ցավալի Ավստրալիայի հայ համայնքի համար՚։ Նա նաև Բիշոպի դիրքորոշումը բնութագրել է որպես ՙանհանդուրժելի՚, ՙաններելի՚, ՙխիստ վիրավորական՚ և ՙվնասակար բոլոր ավստրալացիներին՚։ Կահրամանյանն արդարացիորեն զարմացել է, թե ՙԻնչպե?ս կարող է Ավստրալիայի բարոյագիտակցությունը դառնալ այսքան փչացած՚։ 
 Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրենը հիշեցրել է արտգործնախարարին, որ նրա հայտարարությունը խիստ հակասում է ՙներկայիս կառավարության բազմաթիվ բարձրաստիճան նախարարների արտահայտած դիրքորոշումներին։ Վերջերս, 2014 թվականի ապրիլին, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառմանը Ավստրալիայի գանձապետ Ջո Հոկին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ Ապրիլի 24-ը նշելով որպես օր, ՙերբ հավաքվում ենք հիշելու ցեղասպանության ժամանակ զոհված 1,5 միլիոն մարդկանց՚։ Նախարարներ Թերնբուլը, Մորիսոնը, Աշխատավորական, Կանաչների, փոքր և անկախ կուսակցությունների այլ բարձրաստիճան անդամների հետ միասին կոչ են արել Ավստրալիայի խորհրդարանին պաշտոնապես ճանաչել 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը, ընդդիմության առաջնորդ եղած ժամանակ, հանդես է եկել ամենամյա հայտարարությամբ՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանությունն առանց որևէ որակավորման կամ մեղմասացության՚։
Կահրամանյանը նաև արտգործնախարարին ասել է, ՙԺխտելով Հայոց ցեղասպանությունը, Դուք ժխտում եք նաև Ավստրալիայի սեփական պատմությունը։ Ավստրալիայի ազգային արխիվում պահվում են ANZAC-ի (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուսի) ռազմագերիների անթիվ ու անհամար վկայություններ, որոնք գերեվարվել էին Օսմանյան կայսրությունում.... Այս անհերքելի վկայությունները վառ հիշողություններ են հայ ժողովրդի տառապանքների և ոչնչացման մասին՚։ 
 Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գրեգ Սողոմոնյանը կոչ է արել արտգործնախարարին՝ ՙանհապաղ չեղյալ համարել այս դատողության լուրջ սխալը՚ և հանդիպում է խնդրել նրա հետ։
Ես առաջարկում եմ, որ ավստրալահայերը պարզեն վարչապետ Թոնի Էբոթից՝ արդյոք արտգործնախարարը նրա հետ նախապես համաձայնեցրե?լ է այդ խիստ վիրավորական նամակը։ Եթե ոչ, ապա Հայ Դատի հանձնախումբը պետք է պահանջի արտգործնախարարի անհապաղ պաշտոնանկությունը։ Հայ Դատի հանձնախումբը պետք է խնդրի Ավստրալիայի բոլոր երեք նահանգների խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել մի նոր բանաձև՝դատապարտելով արտգործնախարար Բիշոպի ժխտողական դիրքորոշումը և կոչ անել վարչապետին հեռացնել նրան պաշտոնից… 
 
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
ՙԿալիֆորնիա Կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր