Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԿՅԱՆՔ՝ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ

Շառավիղ՚ հեռուստահաղորդաշարի հերթական հաղորդումն այս անգամ նվիրված էր երջանկահիշատակ Գալյա Առստամյանին։

Կարծում եմ՝ ներկայացնելու կարիք չկա, քանզի նրան բոլորն են ճանաչում ու լավ գիտեն նրա անգնահատելի ծառայությունների մասին։ Գիտեն, որ հենց նրա  ջանքերի, հսկայածավալ աշխատանքի, սիրո ու նվիրումի շնորհիվ է ծնունդ առել ԼՂՀ զոհված ազատամարտիկների հուշ-թանգարանը, որ այսօր դարձել է սրբատեղի։ Այստեղ է, որ իրենց վերջին հանգրվանն են գտել Արցախյան գոյամարտում նահատակված մեր արծիվ տղաները, այստեղ է, որ տիկին Գալյան, ամեն առավոտ մի անսովոր երկյուղածությամբ մտնելով վեհաշուք սրահները, բարևում էր բոլորին, ապա  հայացքով շոյելով  պատերից մեզ նայող նրանց մեծադիր դիմանկարները,  կամացուկ, հազիվ լսելի ձայնով շշնջում էր բառեր, որ իրենց մեջ հավատ ու ջերմություն էին ամփոփում։

Ահա այս ամենի մասին է, որ հեռուստատեսությամբ իրենց սրտի խոսքն ասացին հարազատները, նախկին գործընկերները, պարզապես մոտիկից նրան ճանաչողները։ Նա արժանի է դրան։ Շքանշանները, մեդալները ևս այդ մասին են խոսում։ 

Ու ես այսօր ուզում եմ երկու խոսք ասել նրա լավագույն գրքերից մեկի մասին, որով, արդարև, ուրախանալ կարելի է ու նաև՝ հպարտանալ։ Ի դեպ, այդ հիանալի երկը հենց այդպես էլ կոչվում է՝ ՙԳիրք հպարտության՚։

Առանց վարանելու կարելի է ասել՝ այս գիրքը մի ամբողջ ժամանակաշրջանի, մեր ժողովրդի կյանքում վճռորոշ նշանակություն ունեցող մի ողջ տասնամյակի (լի փորձություններով, նշանավոր իրադարձություններով) պատմությունն է, տարեգրությունը։ Սա գիրք չէ, այլ փառքի հուշամատյան, որի էջերը պետք է թերթել խորին ակնածանքով ու երկյուղածությամբ, հիացմունքի անանց զգացումով։ 

Հուշամատյանն այս հավաքվել ու գրվել է ցավով, տառապանքով, կսկիծով։ ՙԱմեն ծնվողի հետ ծնվել, ամեն զինվորի հետ զոհվել եմ՚,- գրել է հեղինակը։

Անչափ հուզիչ ու սրտառուչ բառեր, շատ բան ասող, ընթերցողի հոգում ու սրտում հույզ ու կարոտ, սեր ու մորմոք արթնացնող խոսքեր։ Ես այն կարծիքին եմ, որ ոչ ոք չի կարող հենց այնպես նայել այս փառահեղ մատյանին։ Չի կարող, որովհետև ամեն մի էջից ասես ժպտում, թախծոտ աչքերով մեզ է նայում մեկը հազարավոր այն կտրիճներից, այն անմահներից, ովքեր ընկան Արցախ աշխարհի ազատության ու անկախության համար։ Մեր ցավի ու տառապանքի, մեր ուրախության ու հպարտության մասին է պատմում այս մատյանը։ Ինչու չէ, գրքում անթեղված է նաև հեղինակի՝ տիկին Գալյայի մորմոքը։ Հանուն հայրենիքի ազատության մատաղ կյանքը զոհաբերած քաջարի մարտիկներից մեկն էլ նրա որդին է՝ Գրիգորը։

Կարդում ես ՙԶրույց անմահների հետ՚ խորագրի տակ զետեղված ջերմ ու մտերմիկ, այնքան սրտամոտ խոսքերը և նորից ու կրկին համոզվում, որ մայրական սիրտը դեռ մխում է ցավից ու վշտից։ Համոզվում ես նաև, որ ոչինչ ու ոչ մի բան չի կարող սասանել հայ կնոջ անկոտրում կամքը, անսասան հավատն   ապագայի, անսահման սերը՝ հայրենիքի, հայրենի եզերքի հանդեպ։ 

ՙԱմեն ոք ցավն իր ձևով է տանում... Քայլում ենք ժողովրդի հետ, թաքուն լաց լինում, բայց մերձավորին բարևում ժպտալով... Մենք պատասխանատու ենք մեր հայրենի հողի, մեր սուրբ գերեզմանների ու գալիք սերունդների ճակատագրի համար... Ուրիշ ելք չկա, սա է ազատության համար մղվող պայքարի դաժան օրենքը, ուստի հպարտանում ենք, որ ունեցել ենք նման հերոսներ։

Մեր սիրելի որդիներ, ձեր գործն անմահ է, ձեր սուրբ անունները միշտ կթևածեն Արցախի երկնակամարում, հայ ժողովրդի երգերում, բոլոր դարերում՚,- կարդում ենք մատյանի էջերից մեկում։

Գրքում պատշաճ տեղ են գտել նաև Հայաստանից եկած ու հանուն Արցախի զոհված ազատամարտիկների, ազատագրական պայքարի ժամանակ նահատակված խաղաղ բնակիչների, 1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանական օմօնի ստորաբաժանումների կողմից Մարաղայում սպանված  հայ բնակիչների, սումգայիթյան կոտորածին զոհ դարձած հայերի, Հայաստանի սահմանամերձ շրջաններում զոհված ազատամարտիկների անուն-ազգանունները։

Մատյանն ստեղծվել է խնամքով, պատասխանատվության բարձր զգացումով։ Այն հնարավորություն է ընձեռում տեսնելու, շոշափելու գոյամարտի ամբողջական պատկերը։ Սա ասում եմ առանց չափազանցության։ Ի դեպ, հուշամատյանին մի առանձին շուք ու գեղեցկություն են տալիս պատերազմական ուշագրավ դրվագների, հանրապետության շատ ու շատ գյուղերում կանգնեցված հուշարձան-կոթողների գունավոր նկարները։

Մատյանի էջերից մեկում կան այսպիսի տողեր. ՙՀեղինակն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր այս գրքի տպագրությանն աջակցել են նյութապես, տրամադրել լուսանկարներ և այլ արժեքավոր տվյալներ՚։

Ըստ երևույթին, օգնողներ, աջակցողներ քիչ չեն եղել։ Եվ անչափ ուրախալի է, որ հովանավորողներից մեկը (եթե չասենք՝ առաջինը) ԼՂՀ Նախագահն է։

Միքայել ԲԱԼՅԱՆ