Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՆ` ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արցախի կառավարության գործունեության անկյունաքարերից մեկը սահմանամերձ  գյուղերի և բնակավայրերի համաչափ զարգացումն է. առանց սահմանամերձ բնակավայրերի (որոնք միաժամանակ հանդիսանում են նաև  երկրի պաշտպաններ) հնարավոր չէ ապահով երկիր ունենալ:

Այս համատեքստում շատ են կարևորվում կառավարության կողմից Արաքսի հովտի բնակեցման և զարգացման ծրագրերը, ինչը մեծապես  պայմանավորված է ագրոպարենային համակարգի  զարգացմամբ` հաշվի առնելով այդ հատվածում առկա հողերի և որոշակի չափով նյութատեխնիկական ռեսուրսների առկայությունը:

Սահմանամերձ գյուղերի շարքում իր ուրույն տեղն ունի Առաջամուղ համայնքը, որը հիմնադրվել է 2005 թվականին, իսկ 2008 թվականին կազմավորվել որպես առանձին համայնք: Թուֆենկյան հիմնադրամի միջոցներով այստեղ կառուցվել են 18 բնակելի տներ, դպրոց, համայնքային վարչական շենք, իսկ 2016 թվականին սկսվել է բնակելի ևս 6 տների շինարարությունը, որը կշահագործվի 2017թ. գարնանը: Ապրիլյան  պատերազմի օրերին գյուղը ոչ ոք չի թողել, դեռ ավելին, անցյալ տարվա նույն ժամանակի  համեմատ բնակչությունն ավելացել է 6 մարդով: Ինչպես տեղեկացրեց համայնքի ղեկավար Սուսաննա Աղաբաբյանը, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ համայնքում տնտեսությունների թիվը հասել է 36-ի, բնակչությունը` 174 մարդու: Համայնքն իր մեջ ներառում է նաև Արաքսավան բնակավայրը, որը հիմնադրվել է 2014 թվականին: Այդ բնակավայրի ռազմավարական նշանակության ծրագրերն  սկսել են իրականացվել  դեռևս 2012 թվականից: Մարդկանց բնակվելու համար կառուցվել  են տասնյակ ժամանակավոր կացարաններ, մոտ 30 կմ երկարությամբ 10 կվ հզորության  բարձրավոլտ էլեկտրական գծեր, վերանորոգվել են ջրանցքներ, փորվել արտեզյան ջրհորեր, մաքրվել են հարյուրավոր հեկտարների հասնող վարելահողեր: Այս ամենը մի նպատակ է հետապնդում. մենատնտեսներին հնարավորություն տալ զբաղվելու ինչպես բանջարաբոստանային, հացահատիկային մշակաբույսերի արտադրությամբ, այնպես էլ այգեգործությամբ և անասնապահությամբ:

 ՈՒրախալի փաստ է, որ Արաքսավանից ոչ հեռու նոր բնակավայրի հիմք է դրվում, որն անվանակոչվել է Եղեգն: Տեղը վերաբնակներն իրենք են ընտրել` իրենց զբաղմունքին համապատասխան: Այդ բնակավայրի հիմնադիրը Հայկ Ավագյանն է, ով անցյալ դարի 90-ականներին զենքը ձեռքին մասնակցել է արցախյան գոյամարտին, այնուհետև որպես վերաբնակիչ, ընտանիքով տեղափոխվել և բնակություն հաստատել այդ բնակավայրում: Իր իսկ ուժերով և պետության աջակցությամբ բնակարան է կառուցել, այգի տնկել: Այստեղ կառուցվում է ևս 2 բնակելի տուն: Ըստ համայնքի ղեկավարի` նախատեսված է կառուցվող բնակելի տների քանակը հասցնել 5-ի: 

Արաքսի ափին խոպան հողակտորներ շատ կան, որտեղ աշխատանքները չեն դադարում, նշեց Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժնի վարիչ Ստեփան Հակոբյանը: Նրա մասնակցությամբ 2014 թվականին հիմնադրվել է 11 հա նռան այգի, որը հնարավորություն է ստեղծել ապահովելու 3 մշտական աշխատատեղ: Ըստ բաժնի վարիչի` 2 տարվա կատարված աշխատանքները տեսանելի են, ծառերը լավ են հարմարվել տեղանքին, ոռոգման համակարգը կաթիլային է, փորվել է արտեզյան ջրհոր, տեղադրվել ջրհավաք տարողություն: Բաժնի վարիչն արտադրանքի իրացման խնդիր չի տեսնում, քանի որ հարևանությամբ կա  մրգերի մշակման արտադրամաս: Մեր այն հարցին, թե ինչ խնդիրներ կան, համայնքի ղեկավարը նշեց, որ սոցիալական հարցերի շարքում կարևորում է բնակարանային շինարարությունը, ավտոբուսային երթուղու կապը Հադրութ շրջկենտրոնի հետ, Առաջամուղ գյուղում բուժական մանկաբարձական կետի շինարարությունը: 

ՙԱրաքսավանի հովտում  այգեգործությամբ զբաղվելու լայն հեռանկարներ կան, մնում է ժամանակին տրամադրել տնկիներ: Բանջարաբոստանային կուլտուրաների արտադրության, անասնապահության զարգացման ուղղությամբ  բավարար աշխատանք չի տարվում՚,-նշեց Սուսաննա Աղաբաբյանը:

Ո՞րն է ելքը: Պետական աջակցությունը, հետեւում է պատասխանը:

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք.Հադրութ