comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ, ԽՆԴԻՐՆԵՐ

ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ, ԽՆԴԻՐՆԵՐ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն՚ ՊՈԱԿ-ը կարևոր դերակատարություն ունի ԱՀ առողջապահության համակարգում: Ընկերության ձեռքբերումների և գործունեության մասին զրուցեցինք Կենտրոնի գործադիր տնօրեն Օֆելյա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

 -Տիկին Օֆելյա, ի՞նչ ցուցանիշներով է տարին ավարտել Կենտրոնը: 

-Կարող ենք փաստել, որ 2018-ը կայուն, առանց խնդիրների տարի էր, որը բնութագրվեց արտակարգ ծանուցագրերի նվազեցմամբ, այսինքն՝ եղած վարակիչ հիվանդությունները կանխատեսելի էին և չվերածվեցին զանգվածայինի: Ամռանը նկատվեց աղիքային վարակի որոշակի աճ, որի մեծամասնության պատճառները հետազոտության ժամանակ հայտնաբերվեցին, ինչն օգնեց հիվանդների արագ բուժմանը: Քննվեցին վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառները, բուժումը կատարվեց ընդունված չափանիշներով: Կայուն վիճակի գրանցումը համապատասխան ծառայությունների պատասխանատու աշխատանքի նախապայմանն է: Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակաբանական միջոցառումների իրականացման վերահսկողությունը թույլ է տալիս կանոնակարգված կերպով լուծել վարակիչ և մակաբուծաբանական հիվանդությունների կանխարգելման խնդիրները: Կայուն վիճակին մեծապես նպաստում են իրականացվող պլանային պատվաստումները: ԱՀ-ում պատվաստումներ են իրականացնում 12 կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ 9 պատվաստանյութերով: Իմունականխարգելման գործընթացում դիտվում են զգալի հաջողություններ` բարելավվել են պատվաստումների, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի, բժշկական հակացուցումների հաշվառման և հաշվետվության, դիտարկման, կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերը, ինչպես նաև ոլորտը կանոնակարգվող նորմատիվ իրավական դաշտը:
-Վերջին տարիներին Կենտրոնի որոշ գործառույթներ փոխանցվել են ԱՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր գործող Սննդի անվտանգության ծառայությանը: Որո՞նք են այսօր Ձեր հաստատության գործառույթները:
- Կենտրոնը շարունակում է աշխատել այն սննդի օբյեկտների հետ, որտեղ կարող են տեղի ունենալ սննդից թունավորումներ, ինչպես և ինֆեկցիայի փոխանցում: Մեր կազմակերպությունն այդ օբյեկտների հետ կնքում է պայմանագրեր, ըստ
որոնց` սննդի բաժնի կողմից վճարովի հիմունքներով կատարվում են հետազոտություններ, տրվում համապատասխան առաջարկություններ, որոնք պարունակում են մի շարք առողջապահական միջոցառումներ` ուղղված սննդի անվտանգությանն ու որակի բարձրացմանը: Ահազանգի ժամանակ նման օբյեկտների հետազոտումը կրում է պարտադիր բնույթ: Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում մանկապարտեզներում. այդ օբյեկտներից պարբերաբար հետազոտության են վերցվում սննդի և ջրի մանրէների կուլտուրայի լուծույթներ: Մեր գործառույթներից է կոմունալ ծառայությունների՝ ջրամատակարարման, ստոմատոլոգիական, բժշկական, դեղատների և այլ նմանատիպ օբյեկտների սանիտարական կարգի վերահսկումը: Ամեն օր կատարվում է ջրի ընդունում և զննում բոլոր օբյեկտներից, իսկ եռամսյակը մեկ հետազոտվում են զտիչ կայանները, ջրամբարները, ջրաբաշխիչները, ջրի այլ աղբյուրներ: Մեր մշտական գործառույթներից է այդ օբյեկտների աշխատողների առողջության վերահսկումը` ըստ սանիտարական չափանիշների ու կանոնների, նրանք պարբերաբար պետք է անցնեն բժշկական զննում: Կենտրոնն իրականացնում է նաև միջատարանական զննում, որպեսզի դեմն առնվի հնարավոր միջատների բազմացմանը, որոնք հանդիսանում են վարակի բույն: Հատուկ վտանգավոր լաբորատորիան էլ հետազոտություն է կատարում խոլերիայի առկայության վերաբերյալ:
-Անդրադառնանք սարքավորումների արդիականացման հարցին:
-Անշուշտ, ձգտում ենք պարբերաբար արդիականացնել և ձեռք բերել նոր սարքավորումներ, որը, ինչպես կարելի է կռահել, կապված է պետության ֆինանսական աջակցությունից: Այնուամենայնիվ, չնայած պետության առջև առկա բազում խնդիրների, կարելի է ասել, որ 40 տոկոսով կարողացել ենք արդիականացնել մեր սարքավորումները, ինչպես և ձեռք բերել նորը: Նպատակ ունենք հզորացնել հատուկ վտանգավոր լաբորատորիան, ինչը ենթադրում է նոր սարքավորումներ, մեծ տարածք: Այդ ամենի իրականացումը կապված է 3-րդ հարկի վերանորոգման աշխատանքների հետ, որոնք այժմ ընթանում են: Այնտեղ նախատեսվում է բացել պոլիմերային շղթայի լաբորատորիա, որն Արցախում չկա, պիսիար լաբորատորիա, որտեղ խորքային անալիզներ կկատարվեն ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի վերաբերյալ: Դրանց աշխատացնելու դեպքում տարրալուծմամբ հետազոտությունների թիվը կավելանա, կլուծվի որակի խնդիրը: Այսօր արդեն այդ տարրալուծվող սարքավորումների միջոցով կատարում ենք մարդու իմունային անբավարարության վիրուսակրության (ՄԻԱՎ) վարակի հետ կապված հետազոտություններ:
- Եվ ՄԻԱՎ-ի ինչպիսի՞ պատկեր կա Արցախում:
-Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը բնութագրվում է այդ հիվանդացության ցածր մակարդակով: Վերահսկողության ողջ ընթացքում բացահայտվել են 106 ՄԻԱՎ-ի վարակակիրներ, ընդ որում` առավել ակտիվ բացահայտում է գրանցվել վերջին տարիներին` 2015թ.` 10 դեպք, 2016թ.` 19 դեպք, 2017թ.` 22 դեպք, իսկ 2018թ.` 10 դեպք, որը կապված է ՙՊրոֆիլակտիկ ՄԻԱՎ՚ նպատակային պետական ծրագրի իրականացման հետ: Հուրախությամբ ասեմ, որ հղիների շրջանում հետազոտության արդյունքում 2000 թվականից սկսած, ՄԻԱՎ-ով վարակված մայրերից ծնվել են 14 առողջ երեխաներ, քանի որ նշյալ մայրերին դիսպանսեր հսկողության շրջանակներում անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել, և ՀՌՎ (հակառետրովիրուսային) դեղեր է տրամադրվել:
-Անդրադառնանք նաև Երևանի հետ համագործակցությանը:
-Երևանի հետ կապը միշտ եղել է հաստատուն: Երբ այնտեղ նախատեսված է լինում սեմինարներ, թրեյնինգներ՝ ծառայության հետ առնչվող թեմաներով, մեզ պարտադիր տեղեկացնում են, հրավիրում են և մեր մասնագետները մասնակցում են այդ միջոցառումներին: Մշտական կապի մեջ է մանրէաբանական լաբորատորիան, որի զննման արդյունքները հաճախ ուղարկվում են Երևան` անալիզների արդյունքների հաստատման համար, որն այս վերջին տարիներին գրեթե միշտ համընկնում է: Սերտ կապերի մեջ ենք Երևանի ՁԻԱՀ կենտրոնի հետ: Վերջերս էլ գրեթե բոլոր մեր լաբորատորիաների մասնագետները մեկ շաբաթով գործուղղվել են Երևան՝ կատարելագործման դասընթացների:
-Իսկ կապը մեր շրջանների հետ ինչպե՞ս է կազմակերպվում:
-Անշուշտ, անմիջական կապի հաստատման հարցում մեծապես օգնում է համացանցը, ինչը թույլ է տալիս որևէ հարցի շուրջ տատանվող մասնագետին միանալ Կենտրոնի հետ, խնդիրը վերլուծել համապատասխան մասնագետի հետ, որից հետո միայն ընդունել գործողություններ կատարելու պլանը: Համացանցային կապ է հաստատված Արցախի բոլոր շրջանների հետ:
-Ձեր կարծիքով, ինչի՞ց պետք է այսօր բնակչությունն զգուշանա:
-Վերջին մի քանի տարում ակտիվացել է ընդերային լեյշմանիոզի համաճարակային իրավիճակը, որը թափառող կենդանիների օրգանիզմում որպես բնական պահոց վարակի գոյատևման, օրգանական աղբի կուտակումների վրա բազմացող մլակների միջոցով կենդանիներից մարդուն վարակի փոխանցման հետևանք է: Այս տարի ընդերային լեյշմանիոզի դեպքերի 16 դեպք է գրանցվել: Բոլոր օջախներում կատարվել են ախտահանման աշխատանքներ: Ծրագիրն իրականացնում ենք քաղաքապետարանի հետ համատեղ: Արդեն 2-րդ տարին է, ինչ լեյշմանիոզով հիվանդ քաղաքացիների հասցեներով շրջում ենք և ամիսը 2 անգամ իրականացնում կանխարգելիչ միջոցառումներ: Շինարարական ու կենցաղային մնացորդների կուտակումների տարածքները մաքրվում են, որովհետև դրանք կարող են ամենատարբեր մժեղների ու մոծակների բազմացման վայր դառնալ: Նշյալ տարածքներում ապրող շները ևս կարող են վարակների տարածման աղբյուր հանդիսանալ, անկախ նրանից` փողոցայի՞ն, թե՞ ընտանի շուն է: ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ-ի կողմից աղբը տեղափոխելուց հետո, համապատասխան միջոցներով մշակվում են այդ տարածքները: Նշենք, որ հիմնականում այս հիվանդությամբ վարակվում են 2-5 տարեկան երեխաները: