comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀԱԶԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀԱԶԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 Հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ նորություններ կան գրեթե բոլոր տնտեսվարողների համար, իսկ հունվարի 1-ից ուժի մեջ մտած արտոնություններից օգտվողների թիվը կարող է մի քանի հազարի հասնել:

Դա՝ ոլորտի ներկայացուցիչների կանխատեսումներով: Արդեն ավանդույթի համաձայն՝ Ֆինանսների նախարարության պատասխանատուները տարեսկզբին հյուրընկալվում են հանրապետության բոլոր շրջաններում, հարկ վճարողների հետ անմիջական հանդիպումների ընթացքում ներկայացնելով նոր տարվա հետ հարկային համակարգում ուժի մեջ մտած նորությունները: Այս տարի հանդիպումների շարքը Մարտակերտի շրջանից է մեկնարկել:
Շրջանում տնտեսությունն աշխուժանում է, տնտեսվարողների թիվը՝ աճում: Նաեւ դրա շնորհիվ Մարտակերտի շրջանի հարկային տեսչությունը մուտքերի հավաքագրման 2018 թվականի առաջադրանքը գերակատարել է: ՙՊլան-առաջադրանքը կատարվել է 105 տոկոսով՚,- լավատեսությունը թվերով է հիմնավորել Ֆինանսների նախարարության Մարտակերտի շրջանի հարկային տեսչության պետ Արայիկ Մանգասարյանը:
Օրենսդրական բարեփոխումների տրամաբանությունն անփոփոխ է՝ բարելավել գործարար միջավայրը, ընդգծել է ֆինանսների նախարարի տեղակալ Արայիկ Դոլուխանյանը՝ նշելով հատկապես ՓՄՁ ոլորտի համար նախատեսված բարեփոխումները: Ընդհանուր առմամբ՝ 7 օրենքում են փոփոխություններ կատարվել, եւ մեկ նոր օրենք է ընդունվել: Գործունեությունը նոր սկսող տնտեսվարողների համար սահմանված եռամսյա արտոնությունը կդառնա, այսպես ասած` անխուսափելի. եթե երեք ամիս չի աշխատել, մնացած ժամանակը կարող է օգտագործել գործունեությունը վերսկսելիս, մանրամասնել է ՖՆ հարկային վարչարարության մեթոդաբանության եւ հարկ վճարողների իրազեկման բաժի պետ Արմինե Մուսայելյանը: Արտոնագրային վճարներով հարկման ենթակա գործունեության տեսակների եւ հաստատագրված վճարներով հարկվող որոշ գործունեության տեսակների մասով սահմանված դրույքաչափերի համար 2019-ի հունվարի 1-ից հանրապետության շրջաններում կկիրառվի 0,3 գործակից՝ շուրջ 70 տոկոսով թեթեւացնելով հարկային բեռը: Միաժամանակ պայմաններ են ապահովվում, որ ավելի մեծ թվով տնտեսվարողներ կարողանան ներառվել արտոնագրային վճար վճարողների շարքում՝ ազատվելով հաշվետվությունների հետ կապված խնդիրներից: Նորությունները գնահատում են տնտեսվարողները: ՙՍա հատկապես երիտասարդներին հնարավորություն կտա իրենց փոքր բիզնեսը հիմնադրել՝ ավելի քիչ պարտավորություններ եւ ավելի մեծ ազատություն ունենալով՚,- ՙՄարիամ-1՚ ՍՊԸ տնօրեն Մելսիդա Քարդումյանի կարծիքն է: Բավարարված չեն այն տնտեսվարողները, որոնք արտոնություններից օգտվելու համար պահանջվող չափանիշները չունեն. փոքր չեն, սկսնակ չեն, վարձու աշխատող ունեն: ՙՕրինակ, Հաթերքում հիմնական հարկային մուտքերն ապահովում են գրանցված 18 խանութները, բայց նրանք արտոնություններից չեն օգտվելու՚,- ասվածը կոնկրետ օրինակով է ներկայացրել ՙՄոնտե Քրիստո՚ ՍՊԸ հաշվապահ Էդուարդ Պետրոսյանը: Սակայն կան նորություններ, որոնք ոչ միայն փոքր տնտեսվարողներին են վերաբերում: Վարչարարությունը բարելավվում է: Նոր աշխատակից ընդունելու դեպքում համապատասխան գրանցումն արդեն հնարավոր է իրականացնել հենց աշխատանքի անցնելու օրը՝ մինչեւ ժամը 14:00-ն:
Մեկ այլ օրենսդրական փոփոխությամբ պարտավորություններ կուտակած հարկ վճարողները հնարավորություն են ստանում հարկային մարմնի հետ պարտավորությունների մարման ժամանակացույց կազմել եւ տույժ-տուգանքների զգալի մասից ազատվել: Եկամտային հարկի վերադարձի հնարավորություն կստանան նաեւ անհատական բնակելի տուն ձեռք բերողները: Փոխարենը՝ ծրագրից չեն օգտվի 55 միլիոն դրամը գերազանցած գործարքների շահառուները: Ֆիննախի ներկայացուցիչները նաեւ մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարի ետ ստացման պայմաններն են ներկայացրել: Խոսքը 1000 դրամների մասին է:
;