comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՈՐՈՇ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԿԱ Է

ՈՐՈՇ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԿԱ Է

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Փետրվարի 7-ին տեղի ունեցած` ԱՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որին ներկա էր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, նվիրված էր համակարգի 2018թ. օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը:

Նիստը վարում էր ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը:
2018 թվականին ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հանգամանալից զեկուցումով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ անցած տարի հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 27 դեպքով, կամ 3, 5%-ով, (2017թ.` 766, 2018թ.` 733), ինչը հիմնականում պայմանավորված է մարդու, սեփականության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված որոշ հանցագործությունների նվազումով: 10000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հաշվետու տարում կազմել է 50,2՝ նախորդ տարվա 52,4-ի համեմատ։
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում նվազել են մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության, շրջակա միջավայրի անվտանգության և աճել սեփականության, տնտեսական գործունեության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները:
2018-ին 15 դեպքով (259-ից՝ 244) նվազել են միջին ծանրության, 2-ով (9-ից՝ 7) առանձնապես ծանր հանցագործությունները, իսկ ծանր հանցագործություններն աճել են 5 դեպքով (47-ից՝ 52):
Հաշվետու տարում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 90 պատահար (2017թ.՝ 77), որի հետևանքով մահացել է 20 (2017-ին՝ 16) և մարմնական վնասվածք ստացել 91 (2017թ.՝ 89) անձ:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը մասնավորապես կարևորեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի, ինչպես նաև նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը։
Բավարար գնահատելով ոստիկանության 2018թ. օպերատիվ-ծառայողական գործունեությունը` ԱՀ Նախագահն իր մտահոգությունը հայտնեց մասնավորապես հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով ունեցած զոհերի և վիրավորների աճի հանգամանքով և հանձնարարեց սերտացնել համագործակցությունն ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իրավապահ կառույցների հետ՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։
Ընթացիկ՝ 2019թ. անելիքների մասին խոսեց և կոլեգիայի որոշման նախագիծը ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը:
Կոլեգիայի նիստն ավարտվեց հաճելի արարողությամբ. ԱՀ ոստիկանության պետի հրամանով 2018թ. լավագույն ծառայողներն արժանացան խրախուսման։ Ոստիկանապետի հրամանը ներկայացրեց ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Բաղրյանը։