comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐԲ ԲԱՌԵՐՆ ԱՆԳԱՄ ԱՆԶՈՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ...
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ԲԱՌԵՐՆ ԱՆԳԱՄ ԱՆԶՈՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ...

 

 

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Պարտադրված պատերազմը բազմաթիվ մարդկային ճակատագրեր է խաթարել… Արդարության ու ազատության համար մղված պայքարը որքան համազգային կարևոր նշանակություն ունեցավ, նույնքան ճակատագրական անդառնալի կորստյան ցավով պատեց մեզանից շատերին։ Հուսահատ ու անիմաստ կյանքով ապրելու ցավի ու կսկիծի պահեր շատերս ենք ապրել, սակայն մեր մեջ ուժ ենք գտել` մեր հարազատների հիշատակը հավերժ պահելու և խնկարկելու մեջ տեսնելով ապագան։

Ասկերանցիներից շատերն են քաջածանոթ Անյա Հայրիյանին, ում մշտապես կարելի է տեսնել սև հանդերձներով, գլխիկոր, սակայն մշտապես բարեհամբույր, սիրալիր ու լուսավոր։ Դառը ճակատագիր է նրան բաժին հասել. արցախյան ազգային-ազատագրական պայքարում զոհվել է կրտսեր որդին՝ Կիման, իսկ ավագ որդին՝ Կամոն, ռուսաստաններում փնտրելով օրվա ապրուստը, անբուժելի հիվանդություն է ձեռք բերել ու վախճանվել։ Վշտից ու դառը ճակատագրից մի բուռ դարձած ամուսինը՝ Կարո Հայրիյանը, նույնպես անժամանակ հեռացավ կյանքից։ Ինչպես ասում են՝ կյանքն ապրել է կորուստը կորստի ետևից… Այսքանով հանդերձ Անյա մայրիկը չի չարացել, չարությամբ չի լցվել աշխարհի հանդեպ, այլև, ընդունելով ճակատագրի յուրաքանչյուր դաժան հարված, էլ ավելի է կարծրացել։
Կյանքը Անյա մայրիկի համար բաժանվել է երկու մասի՝ մինչև արցախյան պատերազմ և դրանից հետո։
Այր ու կին աշխատում էին։ Երազում էին մեծ ու բազմամարդ ընտանիք ունենալ։ Սակայն ճակատագրի բերումով 5 երեխաներից միայն երկուսին հաջողվեց ոտքի կանգնեցնել։ Սակայն Արցախի երկնակամարում աստիճանաբար կուտակվող չարագույժ ամպերը ոչ մի լավ բան չէին հուշում։
ՙԵրբևիցե չենք հանդգնել ինքնապաշտպանական ջոկատներին անդամագրելուց մեր տղաներին հետ պահել։ Կիման դեռ նոր էր վերադարձել խորհրդային բանակից, երբ արդեն ձևավորվում էին ինքնապաշտպանական ջոկատները, և առանց վարանելու անդամագրել է։ Եթե յուրաքանչյուր մայր հետ պահեր իր զավակին, ապա ո՞վ տեր պիտի կանգներ մեր Հայրենիքին, ո՞վ պիտի պաշտպաներ մեր բնօրրանը՚,- ասում է Անյա մայրիկն ու խոր հոգոց հանում։
Հունվարի 11-ին լրացավ սիրասուն զավակի՝ Կիմայի ծննդյան 50-ամյակը։ Եվ արդեն 27-րդ տարեդարձն է, որ ծնունդ են նշում առանց հոբելյարի։ Կրկին հավաքվեցին հարազատները, այցի գնացին որդուն…
Կիմա Հայրիյանը 1990թ. խորհրդային բանակի շարքերից զորացրվելուց հետո միացել է հայրենիքի անվտանգության ու ազատության համար հարազատ բնօրրանում ձևավորվող ինքնապաշտպանական ջոկատին։ Այնուհետև կամավորագրվել է Սարդարաշենի Կայծ ջոկատին, որի կազմում մասնակցել է Քարագլխի, Տխտաքարի պաշտպանական մարտերին։
1992թ. հոկտեմբերի 28-ին հակառակորդը կատաղի գրոհ էր սկսել Սարդարաշենի ուղղությամբ։ Ուժերն անհավասար էին, թշնամու առաջխաղացումը կասեցնելու ժամանակ հերոսաբար նահատկվեց Կիման։ Հայրենիքին մատուցած ծառայության համար Կիմա Հայրիյանը հետմահու պարգևատրվել է ՙԱրիության համար՚ մեդալով։
ՙԵրբևիցե ոչ մեկի վատը չեմ ցանկացել, իսկ իմ կրած դառը ճակատագիրը նույնիսկ թշնամուս չեմ ցանկանա,- ասում է Անյա մայրիկն ու հավելում,- դեռ գոյությունս պահում եմ։ Միակ ցանկությունս այն է, որ երբեևիցե Արցախում նորից պատերազմ չսկսվի, ափսոս են մեր տղաները՚։
Արցախյան ազատամարտի տարիներին ծառայության էր անցել Ասկերանի հոսպիտալում։ Թե ինչպիսի հույզերի ու սրտաճմլիկ տեսարանների միջով է անցել Անյա մայրիկը, խուսափում է նույնիսկ վերհիշել։ Յուրաքանչյուր վիրավոր զինվորի հետ կիսում էր ցավն ու տառապանքը, ամոքիչ խոսքեր գտնում յուրաքանչյուրի համար։
ՙԵրիտասարդությունը գեղեցիկ դեմք ունի, իսկ ծերությունը գեղեցիկ հոգի՚ ասույթը, կարծես թե, հենց Անյա մայրիկի համար է ասված։
Հօդս են ցնդում բոլոր խոսքերն ու բառերը կարկամում են կոկորդումս…
Նա դեռ պիտի վայելեր կյանքն արդեն հասունացած, տղամարդ դարձած երկու որդիների և ընտանիքի հոգսերն ուսած ամուսնու հետ։ Թե քանի անքուն գիշեր է լուսացրել, կիմանա միայն ինքը։ Սակայն ցերեկներն իր տառապանքներն ի ցույց չի դրել։ Խոնարհաբար ընդունելով ճակատագրի բոլոր դառնությունները՝ մնացել է նույնքան բարի ու հեզ, ինչպիսին օժտել է նրան բնությունը։ Հիրավի, այստեղ են ասել՝ դարդը տվեցին մարդուն՝ մարդը լուռ տարավ ու մի բուռ դարձավ…
Այսպիսին են հայ կանայք. վիշտն ու տառապանքն ամփոփելով իրենց մեջ, շարունակում են լույս ճառագել…