comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԴԺՈԽՔԻՑ ՄԱԶԱՊՈՒՐԾ
[ARM]     [RUS]     [ENG]

ԴԺՈԽՔԻՑ ՄԱԶԱՊՈՒՐԾ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 ՙԽորհրդային ինտերնացիոնալիզմ՚ կոչվող փուչիկը պայթեց մեկ օրում... Արյուն հեղվեց նախ Սումգայիթում, հետո` Բաքվում, Գանձակում, այլուր։ Իր կյանքի լավագույն տարիներն ադրբեջանական Սումգայիթ քաղաքում անցկացրած Արինա Ֆիրյանին արդեն 31 տարի քուն ու հանգիստ չեն տալիս գլխով անցածն ու վերապրածը։ 87-ամյա Արինա տատիկը չի կարողանում ձերբազատվել տանջող հիշողություններից, որոնք մշտապես թարմ են ու ասես հետապնդում են նրան...

1932 թվականին Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ (ներկայումս Ճանկաթաղ) գյուղում լույս աշխարհ եկած աղջնակը մի մատ էլ չկար, երբ հայրը՝ Նիկոլայ Ֆիրյանը, մեկնեց բանակ, մասնակցեց Մեծ Հայրենականին ու այդպես էլ տուն չդարձավ։ Մայրը՝ Մանուշակը, յոթ զավակներին միայնակ մեծացրեց։ Արինան գյուղի դպրոցն ավարտեց գերազանց գնահատականներով, ընդունվեց Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի դաշտավարական բաժինը։ Այդտեղ էլ լավ էր սովորում, բայց դժվար ապրուստի պատճառով կիսատ թողեց, գնաց Բաքու՝ քեռու մոտ, այնտեղից էլ՝ Սումգայիթ։ Աշխատանքի անցավ քիմիական գործարանում, աշխատեց գրեթե չորս տասնամյակ, տուն- տեղ դրեց: Քաղաքի կենտրոնում էր ապրում, մինչև հայտնի արյունոտ օրերը։
Հայ¬ռուս¬ադրբեջանցի ապրում էին կողք կողքի, օգնում ու սատարում էին իրար։ Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերն աշխատանքի էր, եռահերթ էր աշխատում, իր գործին էր՝ ՙդավին անտեղյակ, ցավին անտարբեր՚։ Քաղկոմի շենքին հարող կենտրոնական հրապարակում շարված տասնյակ տանկերը նրան տարօրինակ թվացին, իսկ երկար շինելներով զինվորականները նրան հիշեցրին պատերազմի մասին պատմող ֆիլմերի ու գրքերի գլխավոր հերոսների մասին... Որտեղի՞ց իմանար, որ քաղաքում ազգամիջյան խլրտումներ են սկսվել։ Նույնիսկ երբ գիշերվա հերթափոխի ժամին թուրք աղջիկներից մեկը՝ հերթափոխի պետ Թառլանը, զարմացած հարցրեց. ՙԱրինա խալա, գործի՞ ես եկել՚, նրա զարմանքից էլ բան չհասկացավ։ Հերթափոխի ընկերուհին` Կուբաթլուից եկած մի անգրագետ աղջիկ, ով տառերն էլ չգիտեր և հաճախ էր դիմում Արինայի օգնությանը, փութաց` գիշերվա կեսին հնչած հեռախոսազանգին պատասխանելու։ Արինան ինքզինքը հավաքեց, երբ լսեց նրա տագնապալից ձայնը. ՙԱյստեղ հայ չի աշխատում՚... Այդ կինը վախից դողում էր. դրեց ընկալուչն ու թե՝ ՙԱրինա բաջի, ասում են` գիտենք, այդտեղ հայ է աշխատում, էսա գալիս ենք գլուխը կտրենք՚։
-Ոտքերս սկսեցին դողալ,¬ վերհիշում է զրուցակիցս,¬ առաջին բանը, որ միտքս եկավ՝ գնալ գործարանի վարչական շենք, մտնել դիսպետչերների (հերթակարգավարներ) մոտ, որտեղ հիմնականում ռուսներ էին, մտածում էի՝ ռուսներն օրինապահ են, ինձ կօգնեն։
Այդպես էլ վարվեց, գնաց ու պատմեց իրողության մասին ու մինչև լույս նստեց նրանց մոտ։ Երբ լույսը բացվեց, նա եկավ գործարան, աշխատանքից հեռանալու դիմում գրեց։ Հերթափոխի պետը փորձեց համոզել, որ մնա, մի քանի խուլիգանների գործ է, ասաց, ամեն ինչ լավ կլինի, բայց Արինան անդրդվելի էր, այդ տանկային շարասյուները նրա մոտ վախ էին առաջացրել, մի խումբ խուլիգանների համար այդքան տանկերն ինչո՞ւ էին փողոց հանել։ Հենց ամսի 26-ին էլ մեկնեց Բաքու՝ ավագ քրոջ մոտ, այնտեղ դեռևս հանգիստ էր։ Մի քանի օրից ետ եկավ, ձևակերպեց արձակուրդայինն, այս անգամ էլ Սարատով գնաց՝ զարմուհու մոտ։ Երբ վերադարձավ, բոլոր հայերին հավաքել էին քաղկոմի շենքում, չորսհարկանի շենքը լի էր հայերով, ասեղ գցելու տեղ չկար։ Մի շաբաթ մնաց այդտեղ։ Հետո նրանց տեղափոխեցին զինվորական ավանը, այստեղ էլ մի շաբաթ մնացին վրանների տակ։ Մոսկվայից ներկայացուցիչներ եկան, իրենց հարցեր էին տալիս։ Զրուցակիցս չի մոռանում, թե ինչպես էին մի ջահել մանկամարդ աղջկա հարցաքննում, թե ինչպես են սպանել ծնողներին, իսկ նա, հայացքն անորոշությանը հառած, միզում էր ու չէր զգում` ինչ է կատարվում իր հետ։
Ողջ ընտանիքից միայն նա էր կենդանի մնացել։ 8 օր հետո տեղավորվեցին շարքերով կանգնած ավտոբուսների մեջ։ Մինչ այդ գալիս, հորդորում էին մնալ, ասում էին, արդեն խաղաղ է, ասում էին` լավ կլինի, մնացեք, բայց մարդիկ ձգտում էին ժամ առաջ փախչել այդ գեհենից։ Այդ 8-9 օրվա ընթացքում ինչե՛ր ասես, որ չէին տեսել, ինչե՛ր միայն չէին զգացել։ Արինա տատիկն առ այսօր ծառս է լինում այն ստի ու կեղծիքի դեմ, որ ասում են՝ 3 օր տևած անկարգություններ, դրանք անկարգություններ չէին, այլ կազմակերպված հանցագործություն, որ վեր է բոլոր մարդկային պատկերացումներից։ Իսկ զրուցակիցս կենդանի վկան ու անկանատեսն է այդ անմարդկային չարագործությունների։ Սումգայիթցիների մեծ մասն Արցախից գնացած հայեր են։ Արցախցիներն են Սումգայիթը կառուցել, դա գաղտնիք չէ` ասում է Արինա տատիկը։ Լիքը տուն-տեղը թողեց ու կրկին Բաքու եկավ, անցած անգամ, երբ մի քանի օր հետո տուն էր վերադարձել, բանալին տվել էր 3-րդ հարկի ազգությամբ ռուս հարևանուհուն, տան ամեն ինչ իր տեղում էր: Ում հաջողվել է, տունը փոխանակել է, իսկ ով չի հաջողել, մնացել է առանց ինչքի ու տանիքի։ Արինան նաև հայաստանաբնակ թուրքերի է հանդիպել, որոնք վկայում էին, որ հայերն իրենց մի ցուրտ խոսք անգամ չեն ասել, իսկ նրա տանը տիրացել է յոթ երեխա ունեցող մի ընտանիք։ Երբ արդեն քրոջ տանն էր` Բաքվում, հարևան թուրքերից մեկը երեկոյան այցելեց իրեն և հուշեց, որ Բաքվում Սումգայիթից ավելի վատթար է լինելու, ասաց նաև, որ գիշերը քաղաքից դուրս հավաքվում և հրահանգներ են ստանում։ Ընդհատակի ղեկավարը նրանց խստիվ պատվիրում էր հայերին փող չտալ և այնպիսի օյին բերել նրանց գլխին, որ ամեն ինչ թողնեն ու փախչեն։ Արինա տատիկը հերթով պատմում է ոճրագործների ՙդասերը՚, որին և ինքն է անձամբ ներկա գտնվել և մի մասն էլ դրկից -բարեկամներից է լսել։ Սումգայիթի քաղկոմի շենքի առջև շուրջ 15 դեռատի աղջիկների (կլինեին 13-14 տարեկան) մերկ պառկեցրել էին ասֆալտին, ու խուժանը բռնաբարում էր օրը ցերեկով: Այդ աղջիկների այլանդակված դեմքերն Արինան առայսօր չի մոռանում։ Սումգայիթի կենտրոնական հրապարակում փետրվարի 26-ի հավաքի ժամանակ մի թուրք աղջիկ Լենինի արձանի մոտ բեմ էր բարձրացել և գոռում էր, որ 30 հայ երիտասարդներ իրեն բռնաբարել են։ Երբ ՙկոմսոմոլները՚ նրան բեմից իջեցրին, սադրիչը խոստովանեց, որ երեք ռուբլի են տվել իրեն և հուշել` ինչ խոսի բեմից։

Մի օր էլ ականատես եղավ, թե ինչպես է իրենց ԲՇԿ-ի պետը՝ Մահեռամովան (անունը չի հիշում) ջարդարարներին գլխին հավաքած հաշիշ բաժանում։
-Այդ ազգը գազան է,-ասում է զրուցակիցս,- որ մեկ այլազգին 80-ամյա կնոջ գլուխն այնքան կպահի գազօջախի վրա, մինչև շունչը փչելը, քանի-քանիսին են բարձրահարկերից նետել։ - Մեր թաղամասից մի տղայի, որ բանակից նոր էր եկել տուն ու դեռ չէր հասցրել զինվորական համազգեստը հանել, նետել են շենքի պատուհանից։ 4-րդ միկրոշրջանում թալիշցի իմ ընկերուհու հարևանուհու` Ռաիսա Մելքումյանի ընտանիքը բնաջնջել են։ Իսկ գիտե՞ք Ռաիսային ինչպես են սպանել, ամուսնու գլուխն իսկույն կտրել են, իսկ նրան յոթ հոգով քաշ են տվել նկուղը։ Դատի ժամանակ այդ յոթի հրեշավոր խոստովանությանը աշխարհն է տեղյակ... ի՞նչ ասեմ, գազանն էլ այդպես չէր վարվի, նրանցից ամեն մեկը պահել են կնոջ ձեռքերը, ոտքերն ու գլուխը, իսկ երկու հոգի բահի կոթով խառնել են կնոջ որովայնը։ Մեզ հսկող ռուս զինվորներից մեկը խոստովանեց, որ երբ իրենց տագնապով ինքնաթիռ բարձրացրին, մտածում էին, որ իրենց Աֆղանստան են տանում, բայց այստեղ իրենք Աֆղանստանից էլ ահավոր դեպքերի ականատես եղան։ Երկրորդ միկրոշրջանում ապրող ընկերուհիս` Շուրան, պատմեց, թե ինչպես է պատուհանից տեսել շենքերի արանքից գողեգող դուրս եկած թուրքին, ով գետնից մի աղյուս վերցնելով` խփել է ռուս զինվորի գլխին ու տեղնուտեղը սպանել։ Լենինի փողոցի վրա նորապսակներին պատուհանից նետել են ու օժիտը հափշտակելով` սպանել են նաև ընտանիքի անդամներին։
Հրաժեշտից առաջ Արինա տատիկը մեզ խոստովանեց, որ շատ է սիրում հայ ֆիդայիների մասին պատմող գրքեր կարդալ։ Նա այդ վրիժառուներին շատ է սիրում, և եթե նորից աշխարհ գար ու պատմությունը կրկնվեր, ինքն առանց վարանելու կմիանար նրանց ու կլուծեր հայի վրեժը։
Նրա հայրենի գյուղն էլ է թուրքը հրո ճարակ դարձրել, այստեղ էլ թուրքերը մորթել են իր ուսուցիչներին՝ Սուրեն և Արևհատ Դանիելյաններին, իսկ իր մորը՝ Մանուշակին, բարեբախտաբար, ձեռք չեն տվել, ու երբ եկել է, որ Ստեփանակերտի նկուղներից մեկում ծվարած մորը Հայաստան տանի, վախեցած մայրը իրեն չի ճանաչել։ Հետո, երբ հիշողությունը քիչ-քիչ վերականգնվել է, ամեն օր խնդրում էր իրեն գյուղ տանել, ցանկությունն էր նստել բակի սուրբ ծառի տակ ու մեռնել։ Այդպես էլ եղավ. 1994թ. հունիսի 26-ին Արինան մեծ դժվարությամբ 99-ամյա մորը տարավ գյուղ և երկու ամիս անց` օգոստոսի 26-ին, Մեծ մայրը, իրենց տառապած ու տանջված Այան, վերջին անգամ նայեց իր դրախտ այգուն ու ավանդեց հոգին։
Դժոխքից մազապուրծ զրուցակիցս պատմում է ու չի հոգնում, վերապրում է ու անկեղծ խոստովանությամբ քոնը դարձնում այն բոլոր ապրումներն ու զգացողությունները, որոնք համամարդկային ցավի մաս են կազմում, ու ակամայից ինքդ էլ ձեռքդ տանում ես այն կոչնակին, որն ահազանգում է գիշեր ու տիվ բռնել ոճրագործի հրեշավոր ձեռքը, որ այլևս երբեք սումգայիթները չկրկնվեն...