comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԴԵՂԱՊԱՏ ՍՏԵՆՏՆԵՐԸ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ԱՆՎՃԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԴԵՂԱՊԱՏ ՍՏԵՆՏՆԵՐԸ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ԱՆՎՃԱՐ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Դեռևս 2014թ. ԱՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ ու միջոցներով Հանրապետական բժշկական կենտրոնում (ՀԲԿ) բացվեց անգիոգրաֆիկ բաժանմունք: Այստեղ տեղադրված գերմանական ՙՍիմենս՚ ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆիկ սարքի շնորհիվ հնարավոր է պարզորոշ տեսնել մարդու ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում ոչ միայն սրտի անոթների, այլեւ մնացած բոլոր օրգանների: 

ԱՀ-ում սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդներն արդեն 5 տարի է, ինչ օգտվում են բժշկական այս ծառայություններից։ Ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։ Միջամտությունները բացարձակապես անցավ են, մեծ մասը կատարվում է նախաբազկի զարկերակից, ինչն իջեցնում է միջամտությունների բարդությունների հնարավորությունն ու ավելի հարմարավետ է հիվանդների համար, ինչպես նաև կրճատում է հոսպիտալացման ժամկետը:
Համաձայն կարգի` կորոնարոգրաֆիա հետազոտության ու պլանային կարգով ստենտի տեղադրման համար ԱՀ քաղաքացին վճարում է արժեքի 40%-ը, անհետաձգելի դեղապատ ստենտի տեղադրման դեպքում` 30%-ը, իսկ անհետաձգելի ոչ դեղապատ ստենտի տեղադրումը, ինչպես նաև վերը նշված դեպքերի գումարի մյուս մասն իրականացվում է պետպատվերի շրջանակներում։ ԱՀ առողջապահության նախարար Ա. Բաղրյանի պարզաբանմամբ՝ 2018թ. աշխատանքներ են տարվել ստենտների գների նվազեցման ուղղությամբ և հնարավորություն է ստեղծվել այն ձեռք բերել սահմանվածից 70 հազար դրամ ցածր գնով։ Արդյունքում` 2019թ. մարտի 1-ից Արցախում սրտի անհետաձգելի վիրահատության ՙStent for life՚ ծրագրով, անվճար հիմունքներով, պետպատվերի շրջանակներում մեկ ոչ դեղապատ ստենտի փոխարեն կտեղադրվի դեղապատ մեկ ստենտ: Հիվանդներն էլ հնարավորություն կունենան հիմնական դեղերի ցանկից երկու ամիս ստանալ հակաթրոմբային և հակախոլեստերինային դեղեր:
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2018թ. ընթացքում ԱՀ ՀԲԿ-ի անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 380 քաղաքացի, որոնցից 272 հոգի ենթարկվել է կորոնար անոթների անգիոգրաֆիկ հետազոտությունների, իսկ 133 հիվանդի տեղադրվել է 164 ստենտ: Տարվա կտրվածքով սրտամկանի սուր ինֆարկտով 86 հիվանդի մոտ կատարվել է կորոնար անոթների անգիոպլաստիկա, իրականացվել է նաև ստորին վերջույթների էնդովասկուլյար 26 միջամտություն, 9 հիվանդ ենթարկվել է ստորին վերջույթների անգիոգրաֆիայի, 17-ին` տեղադրվել 29 ստենտ: Այս միջամտությունների մեծ մասը կատարվել է անգիոգրաֆիայի բաժանմունքի բժիշկների և անոթային վիրաբույժների կողմից: Վիրահատությունների մի մասն իրականացվել է ավստրիահայ հայտնի անոթային վիրաբույժ Արա Ուղուրլյանի մասնակցությամբ: Բժշկական նման միջամտությունները բարձրացնում են հիվանդի կյանքի որակն ու կանխում հաշմանդամությունը:
Անգիոգրաֆիայի բաժանմունքն աշխատում է 24-ժամյա ռեժիմով։ Այն սերտ համագործակցում է առողջության պահպանման առաջնային օղակի և շտապօգնության ծառայության հետ: Հաստատված արձանագրությունների համաձայն՝ սուր ինֆարկտների դեպքում պետք է արագ և ճիշտ գնահատել հիվանդի վիճակը և ամենակարճ ժամանակում տեղափոխել անգիոգրաֆիայի բաժանմունք:
;