comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՆԱԿՆԿԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԱԿՆԿԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Արդեն մի քանի օր է` Ստեփանակերտում՝ առևտրի որոշ կետերում, հացի թանկացման դեպքեր են արձանագրվել։ Մասնավորապես 20 դրամով բարձրացել է մատնաքաշի, իսկ 10 դրամով՝ բատոն կոչվող հացի սակագինը։ Գարնան առաջին օրերին նման անակնկալը բնակչությանը, խոստովանենք, հաճելի չէր, հատկապես սոցիալապես անապահով, հանապազօրյա հացի խնդիրը դժվարությամբ լուծող ընտանիքների համար։ Անշուշտ, միջին և ցածր եկամուտ ունեցողներին էլ հացի 20 տոկոսով գնաճը ձեռնտու չէ, քանզի, ուզած թե չուզած, այն կազդի ընտանեկան բյուջեին և սպառողական զամբյուղին։ Իսկ այն, որ բնակչության շուրջ 80 տոկոսն օգտագործում կամ սպառում է մատնաքաշը՝ դա այդպես է։ 

Արդյոք լուրջ պատճառ կա՞ր հացի սակագնի բարձրացման համար, թե՞ հացարտադրողներն իրենք են այդպես որոշել, և դա կատարվել է նրանց ներքին համերաշխության արդյունքում։
Հաց իրացնող անհատ ձեռնարկատերերի հետ հարցախույզից տեղեկացանք, որ տնտեսվարող սուբյեկտները դժգոհ են հացի վաճառքից, քանզի, ինչպես իրենք են հավաստիացնում, ինքնարժեքի վրա ավելացվող 10 դրամից իրենց գրեթե ոչինչ չի մնում, այսինքն` ուրիշի (հացարտադրողի) հացն իրացնելն իրենց ձեռնտու չէ, կամ՝ պարզապես ՙավելորդ ծանրություն է՚։ Բայց քանի որ ամեն մի առևտրի օբյեկտում հացի վաճառքը պարտադիր է՝ ստիպված են վերցնել և իրացնել։
Անսպասելի թանկացման առումով ի՞նչ կարող են ասել Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում։ Մարտի 5-ին Հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի հանդիպումը՝ հանրապետությունում հաց արտադրող տնտեսվարող սուբյեկտների հետ, նաև այս խնդրին էր միտված:
Հանդիպման ժամանակ ամփոփվեցին հացամթերքի շրջանառության ոլորտում վերջին 2 ամսվա ընթացքում Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և քննարկվեցին առկա խնդիրները:
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանի խոսքով՝ ուսումնասիրության միջոցով փորձել են բացահայտել շուկայում գործող ընկերությունների իրացման մասնաբաժնի և շուկայի վրա ազդեցության մակարդակը, ապրանքային զարգացմանը խոչընդոտող հանգամանքները, դիտարկել շուկայում ընկերությունների վարքագիծը՝ օրենսդրության պահպանման տեսանկյունից:
Ուսումնասիրությունները կատարվել են 2018 թվականի տվյալների հիման վրա: Նույնականացվել է հացամթերքի մոտ 19 ապրանքատեսակ, որի զգալի մասը մատնաքաշն է: Ըստ ԱՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության` շուկայում առկա է 413 տնտեսվարող սուբյեկտ։ Հանձնաժողովի կողմից նույնականացվել է 54 արտադրող ընկերություն, ըստ որի էլ կատարվել է վերլուծությունը: Առաջատար 3 ընկերությունների մասնաբաժինը կազմում է շուկայի իրացման ծավալի 38.9 %-ը: Սա նշանակում է, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ չկա:
Նշվեց, որ իրացման վրա ազդող գործոնների մեջ հատկանշականը հացի գինն է, սակայն ոչ պակաս ազդեցություն ունեն նաև ապրանքի որակը, պահպանման ու իրացման պայմանները, ինչպես նաև՝ ընկերության ճանաչվածությունը:
Ս. Գրիգորյանը հացի գնի բարձրացման երեք պատճառ նշեց. առաջինը ալյուրի գնի որոշակի բարձրացումն է, ինչը նախ զգացվել է Հայաստանի Հանրապետությունում, երկրորդը՝ հացի կշռի ավելացումը, իսկ ամենակարևոր և հիմնական պատճառը՝ ոլորտի ցածր շահութաբերությունը։
ՙԻնչ վերաբերում է ինքնարժեքի և շահութաբերության հարցին, նշեմ, որ մեր կողմից դիտարկվել է 2016 թվականից ի վեր կատարված գնի փոփոխությունը,- ասաց Սերգեյ Գրիգորյանը։- 2016-ից մինչև 2018թ. մայիս ամիսը հացի գինը նվազել է 29 դրամով կամ 22.5 %-ով, ալյուրի գինը` 35 դրամով կամ 14.2 տոկոսով: Այսինքն, եթե մանրածախ առևտրի ոլորտում 2016 թվականին հացը վաճառվում էր 130 դրամով, ապա մինչև վերջին թանկացումները սկսել է վաճառվել 100 դրամով: Պատճառ է հանդիսացել այն, որ շուկա մուտք են գործել նոր ընկերություններ և սկսել են առաջարկել ավելի էժան սակագներ: Մրցակցությունը տեղի է ունեցել միայն սակագնի մասով, և ստացվել է այն իրավիճակը, որ գինը իջել է ավելի շատ, քան թելադրել են տնտեսական պայմանները: Գնի իջեցումը բերել է նրան, որ նախկինում փոքր մատնաքաշի 320 գրամ քաշն այսօրվա դրությամբ միջինում կազմում է 290 գրամ: Դա կատարվել է տնտեսվարողների կողմից` շահույթ ապահովելու նպատակով՚։ Նրա խոսքով՝ իրենց կողմից հաշվարկվել է նաև ալյուրի թանկացման արդյունքում հացի իրացման գինը: Պարզվել է, որ ընկերությունները կարող են ապահովել նորմալ շահութաբերություն:
Հանդիպմանը ներկա հաց արտադրող ընկերությունների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին շուկայում հայտնված նոր ընկերությունների կողմից հացի իջեցված սակագնին:
Հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը տնտեսվարող սուբյեկտներին մեկ անգամ ևս զգուշացրեց բացառել հացամթերքի շուկայում հնարավոր խախտումները: