comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԵՏԱՐԽԻՎ. ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏԱՐԽԻՎ. ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Արխիվային փաստաթղթերի կարևորությունը՝ որպես արժանահավատ տեղեկատվության աղբյուր, ընդունվում է բոլորի կողմից: Այն պատմության բոլոր ոլորտների վավերագիրն է, համամարդկային հիշողության պահոցը: Դրանց կարևորությունն էլ ավելի է մեծանում տեղեկատվական մեր դարում, քանի որ փաստաթղթերի թվայնացման շնորհիվ այն տարբեր նպատակների համար մատչելի է դառնում քաղաքագետների, գիտնականների… և քաղաքացիների համար:

Արխիվային գործը կարևորվում է նաև մեր երկրում, շեշտում է կառույցի տնօրեն Լեռնիկ Հակոբյանը, բայց եղած խնդիրների լուծումը բոլորիս քաջածանոթ սուղ ֆինանսների պատճառով դանդաղում է, ինչը հղի է որոշ փաստաթղթերի կորուստներով: ՙՄեր արխիվի ֆոնդերում պահվում են միայն փաստաթղթեր, որոնց պահպանման համար չունենք անգամ նվազագույն պայմաններ: Այն ընդհանրապես չի ջեռուցվում, այսինքն՝ ամռանը և ձմռանը ունենում ենք ջերմաստիճանի անկումներ, ինչը կարճացնում է փաստաթղթերի պահպանման ժամկետը՚,-ընդգծում է տնօրենը:
ԱՀ պետարխիվի գործառույթները սահմանափակ են՝ այն զբաղվում է պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող փաստաթղթերի հայթայթմամբ, մշակմամբ, ֆոնդերի համալրմամբ, ինչպես նաև սպասարկում է բնակչության պահանջները: Պետական գերատեսչությունների հետ աշխատանքներն իրականացվում են սահմանված կարգով, համաձայն ԱՀ ՙԱրխիվային գործի մասին՚ օրենքի: Այդ գործառույթը դրված է Համալրման, փորձագիտական արժեքավորման և գիտատեխնիկական մշակման բաժնի վրա, որը մշտական կապի մեջ է գտնվում պետական հիմնարկների հետ, նամակներով ծանուցում է իրենց գործը թերի կատարող հիմնարկներին: Այդ բաժինը նաև փաստաթղթերը ենթարկում է գիտատեխնիկական մշակման, այսինքն՝ առանձնացնում է պահպանման ենթակա փաստաթղթերը (տարբեր փաստաթղթեր, ըստ իրենց նշանակության, ունենում են տարբեր պահպանման ժամկետներ՝ 5 տարուց մինչև 50 և 100 տարի, և մշտական), նոր ֆոնդեր, փաստաթղթերի ցուցակներ է կազմում և այլն: Ըստ տնօրենի՝ այսօր փաստաթղթերի փոխանցման գործընթացը որոշակիորեն կարգավորվել է՝ ի տարբերություն հետպատերազմյան տարիների:
Սակայն, ի զարմանս ինձ, պարզվեց, որ արխիվը չի համագործակցում մասնավոր կառույցների հետ, այսինքն` պատմությանը չի հասնի Արցախի զարգացման մի մեծ շերտ, ինչպես և մասնավոր կառույցներում աշխատողները տարիներ հետո չեն կարող ունենալ պահանջված փաստաթղթերը:
Տնօրենի տեղեկատվությամբ` պետությունը ֆինանսավորում է միայն աշխատավարձի ֆոնդը: Ըստ Լ. Հակոբյանի` տարբեր հարցերով զգալի օգնություն է ցուցաբերում ՀՀ պետարխիվը, որի հետ ակտիվ համագործակցում են. լինի դա ֆոնդերի համալրման, թե մասնագետների կատարելագործման հարցերով, ինչի համար աշխատակիցները հաճախ գործուղվում են ՀՀ պետարխիվ: Բազմաթիվ փաստաթղթերի պատճեններ՝ կապված Արցախի հետ, տրամադրվել է ԱՀ պետարխիվին, որոշները` արդեն թվայնացված ձևով: ՀՀ պետարխիվը` օգտվելով ունեցած հնարավորություններից և համագործակցելով այլ երկրների արխիվների հետ, համալրում է ֆոնդերը Հայաստանի և Արցախի վերաբերյալ փաստաթղթերով: Արցախի վերաբերյալ մասն անհատույց տրամադրվում է Արցախի արխիվին` լինի դա փաստաթղթերի տեսքով, թե` էլեկտրոնային: Շատ նյութեր քաղվում են ՌԴ արխիվներից: Փաստաթղթեր կան նաև Վրաստանի, Պարսկաստանի, Թուրքիայի արխիվներից: Արցախի վերաբերյալ տրամադրած նյութերից մեկը` որպես հակամարտության խնդրին առնչվող փաստաթուղթ, տնօրենը օրինակ բերեց 1607թ. Շահ Աբաս 1-ի հրովարտակը, որում գրված է, որ նա հաստատում է մելիքի ժառանգությունը Քաշաթաղի շրջանում, ինչը վկայում է, որ այդ շրջանը երբեք վիճարկելի չի եղել:
ՀՀ պետարխիվը ցուցաբերում է նաև նյութական օգնություն. ՙՎերջին 2 տարվա ընթացքում պարոն Վիրաբյանի օգնության շնորհիվ կարողացել ենք բարելավել մեր աշխատանքային պայմանները, փոխվել են շենքի պատուհանները, դռները, ձեռք է բերվել որոշակի գույք: Խոստացվել է նաև այս տարվա ընթացքում վերանորոգել բոլոր աշխատանքային սենյակները, սանհանգույցը և այլն: Համոզված եմ` դա շարունակական բնույթ կկրի՚, ասում է Լ. Հակոբյանը: Ըստ նրա` բոլոր շրջաններում, բացի Քարվաճառի, գործում են պետարխիվի ներկայացուցչություններ՝ մեկական աշխատակցով: Գործում է լոկալ կապ, ինչը թույլ է տալիս արագ լուծել ծագած խնդիրները: Շրջաններում առկա արխիվային ֆոնդերի շնորհիվ տեղի բնակչությունն սպասարկվում է տեղում:
Թվայնացման գործում առաջխաղացումները և խնդիրները ներկայացրեց Տեղեկատու-որոնողական և ավտոմատացված տեխնոլոգիաների ներդրման բաժնի պատասխանատու Արմեն Ղուկասյանը: Ըստ նրա, 10 տարի է, ինչ սկսված է արխիվային փաստաթղթերի հիմնական ֆոնդերի (մշտական պահպանման փաստաթղթեր) թվայնացման գործընթացը: Գործն սկսել էին` ունենալով միայն մեկ համակարգիչ: Տարիների ընթացքում պետարխիվը համալրվել է 15 համակարգչով, որից 5-ը ծառայում է բաժնի աշխատանքներին: Բաժինների միջև գործում է լոկալ կապ: Այդ 10 տարիների ընթացքում թվայնացվել է հիմնական ֆոնդերի մոտ 10 տոկոսը: Ավարտված է ՙՂարմետաքսկոմբինատի՚, Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայի, էլեկտրատեխնիկական, կոնդենսատորների գործարանների կադրերի բաժինների հրամանների ու աշխատակիցների անձնական գործերի թվայնացումը: Ընթացքում է և արդեն 70 տոկոսով արված է Ստեփանակերտի քաղաքապետարանի որոշումների ու կից նյութերի թվայնացումը: Տվյալների բազայի ստեղծումը նպաստում է փաստաթղթերի պահպանման ժամկետների երկարաձգմանը, արագացնում է որոնման գործընթացը: Սակայն կարևոր այդ գործը շատ դանդաղ է ընթանում, քանի որ չկան ժամանակակից սարքավորումներ: ՙՄինչ այսօր օգտվում ենք 10 տարի առաջ մեզ տրամադրած փոքր չափերի սկաներով, պատճենահանման սարքով, որոնցով անհնար է աշխատել Ա3 չափերի փաստաթղթերի հետ: Այսօր գոյություն ունեն սկաներներ, որոնք ավտոմատ կերպով թերթում են կազմած փաստաթղթերը և տվյալները մտցնում համակարգիչ: Եթե արդիականացվի համապատասխան տեխնիկան, հիմնական ֆոնդերի փաստաթղթերը կարելի է թվայնացնել 2 տարում, իսկ այսօրվա պայմաններում այդ գործը կտևի մոտ 30 տարի, ինչն, իմ կարծիքով, անընդունելի տարբերակ է՚,-շեշտում է Ա. Ղուկասյանը, հավելելով, որ չունեն նաև համապատասխան ծրագրային ապահովում: Աշխատանքը արվում է պարզունակ ձևով, ինչը նույնպես դանդաղեցնում է թվայնացման գործընթացը: Նա կարևորում է նաև կայքէջի բացումը, ինչը թույլ կտա արագ արձագանքել տեղի ունեցած հարցումներին, ինչն այսօր կատարվում է փոստի միջոցով:
Պետարխիվն ունի 2 մեծ ու 1 փոքր արխիվադարան: Փոխտնօրեն Անահիտ Գրիգորյանը նշեց արխիվադարանների անմխիթար վիճակը. այստեղ ևս նախատեսված է ունենալ ջերմախոնավային, օդափոխիչ, ախտահանման սարքեր, որոնք երկարաձգում են փաստաթղթերի պահպանման ժամկետները: Տիկին Անահիտը զգուշացնում է բոլոր հիմնարկների պատասխանատուներին, որ արխիվացման ենթակա փաստաթղթերը փոխանցեն արխիվ, որպեսզի չտուժեն համաքաղաքացիները, քանի որ աչքի առաջ ունեն բազում նման օրինակներ:
Վերջում տնօրենն անդրադարձավ այս տարվա նախատեսված ծրագրին՝ կապված փոքրիկ գրադարանի ստեղծման հետ: Գրադարանը գոյացել է նվիրատվություններից, հիմնականում՝ ՀՀ պետարխիվի հրատարակչական ֆոնդից: Որոշ քաղաքական, պատմական գրքեր էլ գնվել են ԱՀ պետարխիվի կողմից:

;