comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐՈՎ

Էմմա Բալայան

 Այս տարի ՙԱՀ տոների և հիշատակի օրերի մասին՚ օրենքում կատարվել են որոշ փոփոխություններ, մասնավորապես՝ Մարտի 8-ը այսուհետ կլինի աշխատանքային տոն օր, իսկ Ապրիլի 7-ը կնշվի որպես ոչ աշխատանքային տոն օր: Օրենքի փոփոխության նախաձեռնողներն էին ԱԺ պատգամավորներ Ռոմելա Դադայանը և Ռիտա Մնացականյանը:

Նշված և արդիական մի շարք հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավոր, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռոմելա ԴԱԴԱՅԱՆԻ հետ:

- Տիկին Դադայան, նաև Ձեր նախաձեռնությամբ այս տարի տոնական ու հանգստի օր է հռչակվել Ապրիլի 7-ը, իսկ Մարտի 8-ը՝ ուղղակի տոնական օր: Ինչո՞վ էր դա պայմանավորված: Ի՞նչ խորհուրդ ունեն կանանց այդ երկու տոները Ձեզ համար:
-Մարտի 8-ի տոնը Խորհրդային Միության ժամանակներից սահուն անցել է Արցախի պետականաշինության շրջան՝ հաստատվելով որպես գարնան տոն: Այդ տոնը, բուն իր խորհրդանշական իմաստից զատ, որը կապված է կանանց իրավունքները տղամարդկանց իրավունքներին հավասարեցնելու պայքարի հետ, զուգորդվել է գարնան բացման յուրովի տրամադրության, ինչ-ինչ սպասումների հետ, ինչն այն դարձրել է սիրելի շա՛տ-շատերի համար: Երբ ՀԱԵ-ի կողմից առաջարկվեց և ընդունվեց Ավետման օրը որպես Մայրության և գեղեցկության տոն նշելու նախաձեռնությունը, սկսեցինք մտորել այդ տոնի խորհրդի շուրջ: Հասկացանք, որ մայրություն խորհրդանշող այդ տոնը շատ հոգեհարազատ է մեր հոգեկերտվածքին, մեր պատկերացումներին առ հայ կնոջ ընտանիքին նվիրվածությանը, հավատարմությանը, խոնարհությանը… Տոնից տոն նշվեց որպես կանանց մեծարելու միամսյակ: Սակայն մեկ ամսում երկու տոն, երկուսն էլ` ոչ աշխատանքային, անընդունելի էր, հատկապես կրթական համակարգի համար, քանի որ լավ եմ պատկերացնում հանգստի օրերից հետո երեխաներին ուսմանը կենտրոնացնելու գործընթացը: Կարևորեցինք Մայրության և գեղեցկության տոնը, հիմնավորեցինք և օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացրինք ԱԺ քննարկմանը: Պետք է ասեմ, որ ներկայացված օրենսդրական փոփոխությունները չէին սահմանափակվում այդ երկու տոներով: Խմբագրվեցին Ամանորի և Սուրբծննդյան տոների ձևակերպումները. Ամանորի տոները սահմանված են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, հունվարի 3-5-ը տոնվում են որպես նախածննդյան օրեր: Հայրենյաց պաշտպանի օրը նշվում է հունվարի 28-ին՝ ոչ աշխատանքային է: Մայրենի լեզվի օրը՝ փետրվարի 21-ին: Փետրվարի 28-ը նշվում է որպես Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշպանության օր: Հունիսի 14-ին կնշվի Բռնադատվածների օրը: Դեկտեմբերի 10-ն էլ կնշվի որպես Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության ոչ աշխատանքային օր:
-Որպես սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ տեղեկացրեք, խնդրեմ, այդ ոլորտում սպասվող նորությունների հետ:
-Գաղտնիք չէ, որ կայացման, զարգացման փուլում գտնվող մեր պետությունը բախվում է նաև բազում ֆինանսական խնդիրների հետ: Իսկ սոցիալական և առողջապահության ոլորտներն անընդհատ ֆինանսների մեծ պահանջարկ ունեն: Այնուամենայնիվ, տարբեր ուղղություններով մշակվում են ծրագրեր՝ միտված ավելի կենսական ու հրատապ ծրագրերի կենսագործմանը: Որպես մայրությունը խթանելու նոր ծրագիր, որը ՀՀ-ում ընդունվել է որպես պիլոտային ու արդեն մեծ արձագանք ստացել, և որը, ամենայն հավանականությամբ, մեզ մոտ կընդունվի մեկ տարի հետո, կնշեմ օրենքը, որով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը, ցանկանում են վերադառնալ աշխատանքի: Պետությունը փոխհատուցում է երեխայի խնամքի համար նախատեսված վարձատրության 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Այդ օրենքի ընդունմամբ կլուծվի նաև ստաժի խնդիրը: Ծնելիության խթանմանը կնպաստի նաև կառավարության կողմից ընդունված ծրագիրը, ըստ որի` երեխաներ ունեցող բոլոր ընտանիքներին հիփոթեքային վարկի 5 տոկոսը կսուբսիդավորի պետությունը: Երբ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ԱԺ-ում ներկայացնում էր կառավարության այդ ծրագիրը, մեր հանձնաժողովի կողմից առաջարկեցի 3-րդ երեխայի դեպքում սուբսիդավորել 7 տոկոսով, ինչը պետնախարարն ընդունեց, որը կքննարկվի կառավարությունում:
-Դուք երկար տարիներ ղեկավարել եք Ստեփանակերտի թիվ 1 դպրոցը, տարիներ առաջ աշխատել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ու, անշուշտ, տեղյակ եք կրթության ոլորտում եղած ու ծագող բազում խնդիրներին: Սպասվո՞ւմ են ողջամիտ քայլեր՝ խնդիրներից որոշները լուծելու համար:
-Այսօրվա դաստիարակվող սերունդը վաղվա պետության դեմքն է: Շատ երկրներ մեծ ներդրումներ են կատարում այդ համակարգում, ուսուցչի աշխատավարձի նշաձողը պահպանում այն մակարդակի վրա, որ լավ սովորողները չխուսափեն նախընտրելու այդ մասնագիտությունը: Ուրեմն` ընտանիք-պետություն-դպրոց-հասարակություն քառամիասնության համատեղ ուժերով պետք է կայանա պետության տեսլականին համապատասխանող սերունդ դաստիարակելու դժվարին գործը: Խնդիրն ավելի է բարդանում համաշխարհայնացման այս դարում, երբ տարբեր ազգերի արժեհամակարգերը, ապրելաձևերը, որպես օրինակելի, հեղեղվում են համացանց՝ երեխային ընտրության առջև կանգնեցնելով, հակասություն մտցնելով գովազդվող և ազգին բնորոշ դաստիարակման արժեհամակարգի միջև, ինչը մոլորեցնում է դեռևս չձևավորված դեռահասներին: Համոզված եմ՝ եթե բարձր տեխնոլոգիաների ներուժը համացանցը հեղեղելու հնարավորություններ ունեն, ապա դրա կառավարումն էլ կունենան՝ չէ՞ որ մարդու ստեղծածն է: Ոլորտի խնդիրներն այնքան շատ են՝ բոլորին չես կարող անդրադառնալ, ուղղակի կնշեմ ևս մի քանիսը. 12-ամյա կրթության համակարգը, որն իրեն չարդարացրեց, դրա հետ կապված ծրագրերի, դասագրքերի անընդհատ փոփոխվելու հարցը, թեստային համակարգին անցնելը, վերապատրաստման, տեսչության ինստիտուտների թերի կայացման և բազում մեծ ու մանր այլ խնդիրներ: Կա հայտնի ասացվածք. ՙԵթե ուզում ես բանտերի դռները փակ մնան, ուրեմն լուծիր դպրոցի խնդիրները՚: Ինչ վերաբերում է խնդիրները լուծելու ողջամիտ քայլերին, դեռևս նախարարությունը չի ներկայացրել կրթության վերաբերյալ սպասվող բարեփոխումների ծրագիրը: Անհամբեր սպասում ենք հերթական բարեփոխման ծրագրին:
- Ի՞նչ կարծիք ունեք ներառական կրթության համակարգի մասին: Արդարացնու՞մ է, արդյոք, այդ ուսուցումն իրեն: Դա իր հերթին չի՞ իջեցնի կրթության մակարդակը դպրոցներում:
-Մինչև ներառական կրթության անցնելը դպրոցում ունեինք հատուկ դասարաններ, որտեղ ուսում էին ստանում խնդիրներ ունեցող երեխաները, որոնց հետ աշխատում էին և՜ սոցիալական մանկավարժը, և՜ հոգեբանը: Դա գտնում էի բավարար, և երբ պետք է անցնեինք ներառական կրթությանը, ընդդիմացա՝ բացասական կարծիք ունեի նման գործընթացի մասին: Մտահոգ էի մի շարք հարցերի շուրջ: Երեք ամիս լարված հետևում էի, որ երեխաների միջև խնդիրներ չառաջանան: Բայց համոզվեցի, որ թյուր կարծիք ունեի մեր երեխաների մասին. նրանք ավելի գիտակից ձևով ընդունեցին խնդիրներ ունեցող այդ երեխաներին, քան ծնողներն ու անգամ ուսուցիչները: Առողջ երեխաներն այնպիսի հոգատարությամբ էին վերաբերվում խնդիր ունեցողներին, որ նրանք շատ շուտ մերվեցին կոլեկտիվին: Իհարկե, շատ մեծ օգնություն էին ցուցաբերում հոգեբանն ու սոցիալական մանկավարժը: Եվ այդ երեխաներն, իսկապես, ինտեգրվեցին կոլեկտիվ:
-Դուք արդեն մի քանի տարի է, ինչ ղեկավարում եք ԱՀ ՊՆ-ին կից գործող կանանց խորհուրդը: Ի՞նչ գործառույթներ է իր վրա վերցրել խորհուրդը: Ի՞նչ գործունեություն է ծավալում:
-Նպատակն է` ապահովել բանակ-հասարակություն կապը և, բնական է, որ մեր կողմից բոլոր նախաձեռնությունները համակարգվում են ՊՆ-ի հետ: Ունենք զորամասեր այցելության և կատարվելիք աշխատանքների պլան: Խորհրդի անդամները բաժանվել են խմբերի, և հերթականությամբ այցելում ենք բոլոր զորամասեր: Այցելության ժամանակ զրույցներ ենք վարում հրատապ հարցերի շուրջ, կազմակերպում զինակոչիկների մկրտության գործընթացը, ձգտում լուծել զորավաններում ապրողների բարձրացրած հարցերը: Կնքելու համար խմբերը բերում ենք Շուշի, կատարում արարողությունը և, օգտվելով առիթից, կազմակերպում զինվորների այցելությունը Շուշիի և Ստեփանակերտի թանգարանները, հետաքրքիր վայրերը, վերջում էլ, ըստ ՙՆադեժդա՚ սրահի հետ պայմանավորվածության, այդ զինվորների համար կազմակերպում ճաշ: Զորավանների լուծված խնդիրներից կարևորեմ Մատաղիսի ապաստարանի խնդիրների լուծմանը նպաստելու հարցը: Ապաստարանն ուներ խնդիրներ` կապված էլեկտրաէներգիայի, խողովակների, խոնավության և այլնի հետ: Կանայք անընդհատ բարձրացնում էին անվտանգության հարցը, մենք էլ խնդիրը ներկայացրինք համապատասխան մարմիններին ու հետևողական հարցումներ էինք կատարում: Այժմ հարցը պատշաճ մակարդակով լուծված է: Նմանատիպ և մի շարք այլ հարցեր խորհրդի հետևողական աշխատանքի շնորհիվ գտնում են իր լուծումները: