comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԽԱՉՄԱՉ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԳՅՈՒՂԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԽԱՉՄԱՉ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԳՅՈՒՂԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Անգելինա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 Հանրապետության հնագույն բնակավայրերից է Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղը, որի գրավչության գաղտնիքը պետք է փնտրել հրաշագեղ բնության և գյուղի բնակիչների մեջ։ 

Գյուղի անվան հետ կապված տարբեր վարկածներ կան, որոնցից մեկի համաձայն` այն Խաչմաչ է կոչվել տարածքում առկա բազմաթիվ խաչքարերի և եկեղեցական կառույցների պատճառով։ Մեկ այլ ավանդությամբ` չորս եղբայրներ են եղել, որոնցից յուրաքանչյուրի անունով Արցախում գյուղեր կան, եղբայրներից Խաչիի անունով էլ Խաչմաչն է անուն ստացել։ Այս տարածքում գտնվող խաչքարերն ու եկեղեցիները Խաչմաչի հին պատմության վկայությունն են։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին հիմնադրվել է 1651թ., իսկ 2007թ. վերանորոգվել է բարերար Սեյրան Կարապետյանի հովանավորությամբ։ Այն գործող եկեղեցի է, ամեն կիրակի Տեր Առաքելի գլխավորությամբ Սուրբ պատարագ է մատուցվում։ Գյուղի եկեղեցում նաև պսակադրության արարողություն է կատարվում։

Ըստ համայնքի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանի` Խաչմաչում տարեցտարի բարելավվում են մարդկանց կենսապայմանները, ինչը նաև ծնելիության աճ է ապահովում։ Խաչմաչից արտագաղթողներ չկան։
Գյուղի դպրոցը շատ հին է, այն կառուցվել է 1903թ., և այժմ կրում է Արցախյան ազատամարտի նվիրյալ Շ. Սարգսյանի անունը։ Նախկինում դպրոցն ութամյա է եղել, հետագայում դարձել է միջնակարգ։ Մասնագետների պակաս դպրոցը չունի, այս պահին ամենալուրջ խնդիրներից մեկը մանկապարտեզի բացակայությունն է։ Նախորդ տարում երեխաների համար կառուցվել է խաղահրապարակ։
Դպրոցում սովորում է 35 աշակերտ, նախադպրոցական խմբի երեխաների թիվը հասնում է 33-ի։ Գյուղամիջյան ճանապարհները լրիվությամբ սալահատակված են, գյուղը գազիֆիկացված է, ապահովված մշտական ջրով։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։
ՙԱնասնապահության զարգացման հնարավորությունները գյուղում ավելի շատ են, բայց գլխաքանակը մեծ չէ. ամբողջ համայնքում 53 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա,-ասում է Ռաֆայել Գրիգորյանը:-Գյուղացիների մի մասը չի ուզում զբաղվել անասնապահությամբ, թեև Խաչմաչն այդ ճյուղի զարգացման համար ունի բոլոր պայմանները. մոտ 210 հա արոտավայր ունենք։ Ոռոգովի տարածքները քիչ են, հիմնականում ցանվում են հացահատիկային մշակաբույսեր՚։
Գյուղում աշխատատեղերի բացակայությունը երիտասարդների` գյուղից դուրս աշխատանք փնտրելու պատճառ է դարձել։ 220 բնակիչ ունեցող գյուղի երիտասարդների մի մասն այսօր գյուղից դուրս է աշխատում։ Նրանցից 46-ամյա Դմիտրի Համբարձումյանն աշխատում է ՙԻնտերսերվիս՚ ընկերությունում։ Ասում է` օրական 8000 դրամ է վաստակում, ինչը բավարարում է ընտանիքի կարիքները։
24-ամյա Գևորգ Ղահրիյանի կարծիքով` գյուղի իր հասակակիցները գյուղատնտեսությամբ զբաղվելու ցանկություն չունեն, որովհետև հնարավոր չէ բավարար եկամուտ ապահովել:
ԱՀ կառավարության և ՙԽաչմաչ՚ հիմնադրամի համաֆինանսավորմամբ 2015թ. կառուցվել է ժամանակակից պայմաններով համայնքապետարանի շենք, որտեղ տեղակայված են նաև բուժկետը, մշակույթի տունը, գրադարանը։ Ի դեպ, ՙԽաչմաչ՚ հիմնադրամը ստեղծվել է 2009թ., որը ղեկավարում է դպրոցի տնօրեն Սերոբ Մնացականյանը։
ՙԳյուղի համար մեծ դերակատարություն ունի հիմնադրամը՚,- նշում է Ս. Մնացականյանը,- հիմնադրամի շնորհիվ սալահատակվել են գյուղամիջյան ճանապարհները (498,5 քառ.մ), բարեկարգվել գյուղամիջյան ճանապարհների եզրերը, գյուղից մինչև Հյուսիս-հարավ մայրուղին տանող ճանապարհը, միանվագ օգնություն է տրամադրվում դպրոցին, գյուղի անապահով, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներին:
Բարերարները գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի 1000-ական ԱՄՆ դոլար են նվիրում, իսկ ամուսնացող զույգերին` 200-հազարական դրամ։ Համայնքում 4-5 բազմազավակ ընտանիք կա, նրանցից մեկի՝ 10 երեխա (8 արու զավակ, 2 դուստր) ունեցող Ղազարյանների համար պետությունը տուն է կառուցել։
Խաչմաչ գյուղի խաչմերուկով անցնող մեքենաների վարորդներն արդեն հասցրել են ճանաչել 18-ամյա թումոցի Առնոլդ Ղազարյանին։ Նա այն եզակի ուսանողներից է, ով արդեն 2 տարի Ստեփանակերտի ՙԹումո՚ ստեղծարար կենտրոն է հասնում hitchhiking-ով (ավտոստոպ)։ Ամեն անգամ գյուղից 2կմ ոտքով իջնում է մայրուղի, հետո արդեն փորձում մեքենա կանգնեցնել։ Թումոյի մասին Առնոլդը լսել է հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանից, ով Թումո-Ստեփանակերտում անցած տարի ֆիլմերի աշխատարան է վարել։ Առնոլդը հստակ նպատակ ունի՝ հնարավորինս շատ հմտություններ ձեռք բերել ֆիլմերի ստեղծման և, առհասարակ, ֆիլմարտադրության հետ առնչություն ունեցող ոլորտներում։ Մի ամբողջ տարի դպրոցից ու Թումոյից ազատ ժամանակն Առնոլդն ինչ աշխատանք ասես, որ չի կատարել՝ խոտ հնձելուց մինչև սալիկ շարելը։ Հավաքած գումարով նա գնել է իր առաջին տեսախցիկը ու նկարահանել գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ երկու եղբայրների մասին։ Նրա երազանքն Արցախում Օսկարի արժանի ֆիլմ նկարահանելն է։
Ամռան ամիսներին գյուղում զբոսաշրջիկների պակաս չի զգացվում։ Օտարներին գրավում են հինավուրց եկեղեցիներն ու մյուս տեսարժան վայրերը։ Գյուղի զբոսաշրջային ներուժն ընդլայնելուն նպաստել է նաև արմատներով խաչմաչեցի ռեժիսոր Ջ. Ավետիսյանի` գյուղում մի քանի տարի առաջ արցախյան ազատամարտի մասին նկարահանած ֆիլմը։
Խաչմաչեցիները շատ են սիրում իրենց գյուղը։ Չնայած նրանց մի մասը ժամանակավորապես աշխատում է գյուղից դուրս, սակայն դա չի խանգարում կառչած մնալ ծննդավայրին։
;